Մեղրին ստացել է ավելի մեծ կարգավիճակ՝ վերածվելով խաղաղության խորհրդանիշի. ԿԳՄՍ փոխնախարար
6 րոպեի ընթերցում

Մեղրին Հայաստանի Հանրապետության ամենակարևոր վայրերից մեկն է և վերջին տարիներին ստացել է ավելի մեծ կարգավիճակ՝ վերածվելով խաղաղության խորհրդանիշի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Մեղրու համայնքապետարանում կազմակերպված մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ Մեղրին հռչակվել է ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք։
«Այստեղից է սկսվում Հայաստանի խաղաղության օրակարգը։ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությանը համահունչ՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը բերել ենք Մեղրի։ Մեր սիրելի բնակավայրը շատերին լավ ծանոթ չէ, քանզի մայրաքաղաքից գտնվում է շատ հեռու, բայց դա ժամանակավոր երևույթ է, և իրավիճակը շահեկանորեն կփոխվի Հյուսիս-Հարավ ճանապարհի շահագործումից հետո։ Այս նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ մենք բարեկամ պետությունների հետ երկխոսում ենք մշակույթների միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունն ամբողջ ներուժով պատրաստ է նեցուկ լինել ընդհանուր գործընթացներին՝ ստեղծելով գործնական սերտ հարաբերություններ ու դրանք դարձնելով առարկայական»,- ասաց Դանիելյանը։

Փոխնախարարը հավելեց, որ Մեղրիում ամեն ինչ վկայում է պետության գոյության մասին, իսկ այն ԱՊՀ մշակութային խաղաք հռչակելու որոշումը վերահաստատում է բարեկամության խորհուրդը։
«Մեր կառավարության վարած քաղաքականության հիմքում հավասարակշռված հարաբերությունների զարգացումն է բոլոր երկրների հետ։ Քանի որ խոսում ենք խաչմերուկի մասին, ապա մշակույթն այստեղ իր խորքային իմաստն է գտնում մեր առաքելության մեջ։ Մեր հյուրերը խանդավառությամբ են ժամանել Հայաստան և ոգևորությամբ բացահայտում են այս քաղաքն իրենց համար։ Մշակութային տարին Հայաստանում ընդգրկելու է բազմաբնույթ միջոցառումների շարք, որոնց շնորհիվ երկիրը լավագույն կողմերով ի ցույց ենք դնելու աշխարհին»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովն իր հերթին նշեց, որ պատվիրակության այցն իրենց համար իսկապես նշանակալից է, որովհետև դրանով իսկ բացվում է մշակութային միջոցառումների շարքը Մեղրիում։

«Մեղրին Հայաստանի երրորդ քաղաքն է Գյումրիից և Գորիսից հետո, իսկ ընդհանուր մեր կազմակերպության շրջանակում 22-րդ քաղաքը, որն արժանացել է նման պատվաբեր կոչման։ Սա չափազանց կարևոր է հետխորհրդային տարածքում մշակութային միջավայրի ձևավորման ու հետագա պահպանման համար։ Այս ծրագիրը հետաքրքիր է այն առումով, որ քաղաքի բնակիչները կտեսնեն մշակութային միջոցառումների ամբողջ ներկապնակը, որն իսկապես ընդգրկուն է։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մասնագետներն ԱՊՀ տարբեր երկրներից անմիջականորեն կարող են տեսնել, թե ինչ է տեղի ունենում Մեղրիում։ Սա նաև առիթ է առաջ մղելու հայկական բազմադարյա մշակույթը հետխորհրդային տարածքում։ Այս տարի նախատեսում ենք անցկացնել նաև արհեստների միջազգային փառատոն, ժողովրդական երգարվեստի միջազգային փառատոն, կինոփառատոն, տարազների փառատոն։ Միջոցառումների շարքը կամփոփվի ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբ մեծ համերգով»,- ասաց Իկսանովը։
Նա հավելեց, որ մշակութային որևէ քաղաքի թեկնածությունը ներկայացնում է տվյալ երկիրը, որտեղ գտնվում է բնակավայրը։ Այնուհետև որոշումը հաստատվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի կողմից։ Ընդ որում՝ կան որոշակի չափանիշներ։ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք չի կարող լինել տվյալ երկրի մայրաքաղաքը, ուստի շեշտը դրվում է մարզային քաղաքների վրա, որոնց համար նման նախաձեռնությունները հիմք են հանդիսանում հետագա զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման առումով։ Սույն ծրագիրն օգնում է մարզային քաղաքներին գտնել համապատասխան միջոցներ՝ սեփական նախագծերն իրականացնելու ճանապարհին։
Վերոհիշյալ հիմնադրամը հրատարակում է «Ֆորում» ամսագիրը, որի հերթական վեցերորդ համարում տպագրվել է մեծածավալ հոդված Մեղրիի մասին։ Գալիք համարներում հանգամանորեն կլուսաբանվեն այն միջոցառումները, որոնք անցկացվելու են ընթացիկ տարում։ Իկսանովը տեղեկացրեց նաև, որ հիմնադրամի կողմից հավաքագրվել է գրքերի չորս խմբաքանակ, յուրաքանչյուրում ավելի քան 100 գիրք, որոնք տրամադրվելու են մարզային գրադարաններին։
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը նշեց, որ միջոցառումն ինքնին տեղաբնակների համար ունի պատմական նշանակություն, որոնց անունից խորին շնորհակալություն հայտնեց համայնքի հանդեպ ցուցաբերած նման ուշադրության և հոգատարության համար։

«Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կդառնա նոր մշակութային կապերի ձևավորման և փորձի փոխանակման կարևոր հարթակ»,- ասաց Անդրեասյանը։
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նախագահը անցյալ տարվանից հանդիսանում է Հայաստանը, ուստի փորձ է արվում համագործակցության շրջանակում ավելի ակտիվացնել աշխատանքներն ու դրանք դարձնել առավել հետաքրքիր բոլոր մասնակից երկրների համար։
