COP17-ը բացառիկ քաղաքական և դիվանագիտական հնարավորություն է Հայաստանի համար. ՇՄ նախարարություն
10 րոպեի ընթերցում
Հայաստանում ներկայում շրջակա միջավայրին առնչվող առաջնային խնդիրներից է կենսաբազմազանության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված օրենքների կամ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, դրան միտված քայլերն ու միջոցառումները:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսառեսուրսների քաղաքականության վարչության պետ, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի ազգային համակարգող Ոսկեհատ Գրիգորյանը, որն ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև ոլորտի որոշ հրատապ խնդիրների:
- Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն այս տարի Երևանում կայանալիք COP17 համաժողովից՝ մեր երկրում կենսաբազմազանության պահպանման առումով։
- Հայաստանը COP17-ի հյուրընկալումը դիտարկում է որպես բացառիկ քաղաքական և դիվանագիտական հնարավորություն՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում գլոբալ և ազգային օրակարգերը համատեղելու համար։ Առաջին հերթին ակնկալվում է իրականացնել Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (խմբ. Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը 2022 թվականի դեկտեմբերին ընդունված միջազգային համաձայնագիր է, որը միտված է մինչև 2030 թվականը բնական միջավայրի կորստի ընդհատմանն ու շրջմանը) առաջընթացի գնահատում և դրա պահանջների առավել համակարգված ներդրում ազգային մակարդակում։
Համաժողովը կարևոր հարթակ է, որը կմիավորի միջազգային գործընկերներին (պետական, գիտական, համայնքային և մասնավոր հատվածի)՝ միասնական և արդյունավետ բնապահպանական գործողությունների ձեռնարկման, ֆինանսական և տեխնիկական աջակցության ներգրավման, ինչպես նաև ազգային թիրախների հստակեցման գործում։ Այն Հայաստանին հնարավորություն է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային բնապահպանական նախաձեռնությունների ակտիվ դերակատար և բարձրացնել մեր երկրի դերը միջազգային բնապահպանական օրակարգում։
Մեր առանցքային նպատակներից է Հայաստանի էկոհամակարգերի, տեսակների և գենետիկ ռեսուրսների պահպանությունը դրանց կայուն օգտագործմանն ու վերականգնմանը համադրելը: Դա հատկապես կարևոր է Հայաստանի պես երկրի համար, որտեղ կենսաբազմազանության պահպանությունն անմիջականորեն կապված է ջրային ռեսուրսների, հողերի, անտառների կայուն օգտագործման, կլիմայական դիմադրողականության, զբոսաշրջության, գյուղատնտեսական գործունեության և այլ ակտիվ գործընթացների հետ։
- Որո՞նք են կենսաբազմազանության պահպանման ոլորտում Հայաստանի առջև ներկայում ծառացած հիմնական խնդիրները։
- Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում մարդածին լայնածավալ ու ռեսուրսահեն գործունեության հետևանքով տեղի է ունենում կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի արագ ու անդառնալի կորուստ։
Կենսաբազմազանությանն առնչվող սպառնալիքների զգալի մասը պայմանավորված է կենսամիջավայրերի կորստով, դրանց խաթարմամբ և պայմանների փոփոխությամբ։ Սպառնալիքներ լինում են մարդածին և բնածին, այդ թվում՝ ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեցողներ, որոնք հաճախ համալիր սպառնալիքների մաս են կազմում։
Կենսամիջավայրերի կորստի և խաթարման պատճառ հանդիսացող ուղղակի սպառնալիքները հիմնականում մարդածին են: Դրանք են հանքաարդյունաբերությունը և արդյունաբերության այլ ճյուղերը, խոշոր ենթակառուցվածքների կառուցումը, հիդրոէներգետիկան, գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, անտառահատումները, ռեկրեացիան և զբոսաշրջությունը, կենցաղային աղտոտումը, կենսառեսուրսների գերօգտագործումը, ինվազիվ տեսակների ազդեցությունը, ռազմական գործողությունները, անտառային հրդեհները, հիվանդությունների և վնասատուների ազդեցությունը էկոհամակարգերի վրա, կլիմայի փոփոխությունը։
Առկա են նաև կառավարման համակարգային մարտահրավերներ՝ տվյալների և մոնիթորինգի թերի համակարգեր, ֆինանսավորման սահմանափակումներ և ոլորտային քաղաքականության միջև բավարար համակարգվածության բացակայություն։
- Կենսաբազմազանության ինչպիսի՞ փոփոխություններ են նկատվում Հայաստանի տարբեր շրջաններում վերջին 5-10 տարիների ընթացքում։
- Նշված ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել են ինչպես բացասական, այնպես էլ դրական միտումներ։ Բացասական փոփոխությունները հիմնականում արտահայտվում են կենսամիջավայրերի կրճատմամբ, որոշ տեսակների թվաքանակի նվազմամբ և էկոհամակարգերի կառուցվածքի խախտմամբ։ Միաժամանակ, պահպանվող տարածքների ընդլայնման, վերականգնողական ծրագրերի իրականացման և կառավարման մեխանիզմների բարելավման արդյունքում որոշ տարածքներում դիտվում են էկոհամակարգերի վերականգնման, այդ թվում՝ անտառային և ջրային էկոհամակարգերի կայունության բարձրացման միտումներ։ Այս փոփոխությունները տարբեր մարզերում դրսևորվում են տարբեր ինտենսիվությամբ՝ կախված ինչպես բնական, այնպես էլ սոցիալ-տնտեսական գործոններից։
- Էկոհամակարգերի քայքայման ո՞ր հետևանքներն եք առավել նշանակալի համարում մարդկանց համար։
- Էկոհամակարգերի քայքայման հետևանքներն անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի և տնտեսական կայունության վրա։ Առավել նշանակալի են կենսաբազմազանության կորուստը կամ տեսակային կազմի բացասական փոփոխությունները, ինվազիվ տեսակները, ջրային ռեսուրսների նվազումը և անկայունությունը, հողի բերրիության անկումը, գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի աճը, ինչպես նաև կլիմայական ազդեցությունների ուժեղացումը և բնական աղետների հավանականության բարձրացումը, բնակավայրերի և համայնքների կենսապայմանների վատթարացումը:
Անկառավարելի ջրօգտագործումը, ինտենսիվ գյուղատնտեսությունը, անկանոն էկոզբոսաշրջությունը և խոշոր քաղաքներում արագ տեմպերով ընթացքող շինարարությունը կարող են խորացնել այս բացասական ազդեցությունները, եթե դրանք չկառավարվեն կայուն զարգացման սկզբունքներով։
- Ոլորտին առնչվող քաղաքականության ո՞ր խնդիրներն են պահանջում անհապաղ ուշադրություն։
- Առաջնահերթ ուշադրություն են պահանջում կենսաբազմազանության պահպանմանն ու պաշտպանությանը միտված օրենքների կամ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, դրան ուղղված քայլերն ու միջոցառումները, կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ ծրագրերի և քաղաքականությունների մշակումն ու ընդունումը, կենսաբազմազանության ոլորտի մշտադիտարկումների/մոնիթորինգի իրականացումը, այդ նպատակով մեթոդիկայի և իրականացման կարգի վերաբերյալ նորմատիվ ակտերի, որոշումների ընդունումը, պետական մակարդակով ուսումնասիրությունների իրականացումը։
- Որքանո՞վ են պետական ծրագրերը համապատասխանում էկոհամակարգերի և տեսակների պահպանման իրական կարիքներին և խնդիրներին, ինչպե՞ս եք գնահատում բնության և կենսաբազմազանության պահպանման ոլորտում գործող օրենքների ու կարգավորումների արդյունավետությունը։
- Կենսաբազմազանության ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտը բավականին լավարկված է, ապահովում է պահպանության ու օգտագործման հիմնական կանոնակարգերը։ Սակայն, երբեմն միայն օրենսդրական կարգավորումները բավարար չեն ոլորտում առկա խնդիրներին ամբողջությամբ արձագանքելու համար, անհրաժեշտ է ավելի ինտեգրված ու գործողություններին միտված իրավական շրջանակ՝ հիմնված գիտահեն կառավարման և համայնքների ակտիվ մասնակցության վրա։
Պետական ծրագրերը գերազանցապես համահունչ են միջազգային պարտավորություններին և ուղղված են կենսաբազմազանության պահպանության հիմնական նպատակների իրականացմանը։ Դրանք ներառում են ինչպես պահպանության, այնպես էլ վերականգնման և կառավարման ուղղությունները։
Այնուամենայնիվ, ոլորտի իրական կարիքները հաճախ գերազանցում են առկա ֆինանսական և ինստիտուցիոնալ հնարավորությունները, ինչը պահանջում է ծրագրերի շարունակական զարգացում, արդյունավետության բարձրացում և միջազգային համագործակցության ընդլայնում։
- Ի՞նչ դեր են խաղում տեղական համայնքները տվյալների հավաքագրման և բնության պահպանման գործում։
- Համայնքները գտնվելով Բնության հատուկ պահպանվող տարածքներին մոտ և լինելով առաջնային շահառուներ՝ կենսաբազմազանության պահպանության համակարգում ունեն առանցքային դեր։ Նրանք ներգրավված են բնական ռեսուրսների կառավարման, ինչպես նաև մոնիթորինգի և տվյալների հավաքագրման գործընթացներում՝ ապահովելով տեղական մակարդակում տեղեկատվության հասանելիությունն ու ճշգրտությունը։
Արփա պահպանվող լանդշաֆտի օրինակով պարզ է դառնում, որ համայնքները հանդիսանում են պահպանության կարևորագույն օղակ՝ համադրելով բնապահպանական և սոցիալ-տնտեսական շահերը և նպաստելով կայուն զարգացմանը։ Սա հատկապես կարևոր է հեռավոր լեռնային տարածքներում, որտեղ պետական վերահսկողությունը սահմանափակ է։
Համայնքների ներգրավվածությունը բարձրացնում է ծրագրերի արդյունավետությունը, ինչի համար իրականացվում են կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր՝ ապահովելով երկարաժամկետ և կայուն արդյունքներ։