Հայաստանի բժշկությունն ու զբոսաշրջությունը միավորող նոր նախաձեռնություն. գործարկվում է MEDam նոր հարթակը
5 րոպեի ընթերցում
Առողջապահական տուրիզմը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով զարգանալ և դառնալ տնտեսության կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանում նոր ստեղծվող MEDam հարթակը նպատակ ունի միավորել բժշկությունն ու զբոսաշրջությունը՝ խթանելով օտարերկրյա այցելուների հոսքը և ներկայացնելով երկրի հնարավորությունները միջազգային շուկայում։
MEDam հարթակի համահիմնադիրներից «Bridged Corp» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Աննի Քեշիշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ փորձագետների հետ, որոնք սերտ առնչություն ունեն տուրիզմի և առողջապահության ոլորտների հետ, համատեղ քննարկել ու հասկացել են, որ առողջապահական տուրիզմը զարգանում է, իսկ Հայաստանն այս ուղղության զարգացման համար ունի շատ մեծ պոտենցիալ:
«Առողջապահությունն ու տուրիզմը որևէ երկրում դեռևս ամբողջապես միավորված չեն մեկ հարթակում։ Այս սեգմենտը զարգացող է, և որպես հայեր հասկանում ենք, թե որքան կարևոր կարող է լինել այս նախաձեռնությունը թե՛ գլոբալ շուկայի, թե՛ հատկապես Հայաստանի համար։ Հարթակի գործունեությունը նախատեսվում է սկսել արդեն ապրիլի վերջից, և մենք ցանկանում ենք դրա մեկնարկը տալ հենց Հայաստանում»,- ասաց Աննի Քեշիշյանը։
Որակյալ բժշկական ծառայությունները մեկ տեղում հասանելի կլինեն զբոսաշրջիկների համար։ Սակայն հարթակը տարբերվում է նրանով, որ այն ընդգրկելու է ծառայությունների մեծ ծավալ և առաջնայինը ներկայացնելու է ոչ թե բժշկին, այլ Հայաստանն իր հնարավորություններով թե՛ առողջապահության, թե՛ տուրիզմի ոլորտում:
«Մենք մեզ միայն հարթակ չենք համարում․ մենք ստեղծում ենք ամբողջական ենթակառուցվածք, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը առողջապահությունն է։ Առաջին փուլում կենտրոնացել ենք կոսմետոլոգիական, պլաստիկ վիրաբուժության և ստոմատոլոգիական ծառայությունների վրա։ Հետագայում կընդլայնենք ոլորտները՝ ներառելով նաև ակնաբուժությունը, օրթոպեդիան և այլ ուղղություններ։ Մեր նպատակն է ստեղծել գլոբալ արժեք և միաժամանակ նպաստել երկրի զարգացմանը։ Ապագայում նախատեսում ենք ներգրավել ոլորտի բոլոր մասնակիցներին»,- նշեց Աննի Քեշիշյանը։
Հիմնադիրն ուրախությամբ նշեց՝ արդյունքում միևնույն հարթակում հնարավոր կլինի գտնել տարբեր բժշկական ծառայություններ, լավագույն բժիշկներին, որոնք ունեն լիցենզիա, ինչպես նաև հարթակի միջոցով հնարավոր կլինի կապվել նախընտրած բժշկի, ապահովագրողի, զբոսաշրջային օպերատորների հետ։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ MEDam հարթակի հիմնական խնդիրն է տալ հնարավորություն գտնել և ստանալ բժշկական ծառայություններ, որոնք կուղեկցվեն զբոսաշրջային ծառայություններով:
«MEDam հարթակն արդեն կարելի է համարել գրեթե պատրաստ, և մենք սերտ համագործակցում ենք հիմնադիրների հետ։ Կա համագործակցության հուշագիր Առողջապահության նախարարության, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի միջև։ Նպատակն է, որ ստեղծված թվային լուծումը հասանելի լինի ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք փնտրում են մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ»,- ասաց Գևորգյանը։
Այս լայն համագործակցության շրջանակում պատասխանատու կողմերից ամեն մեկը իր մասով տալիս է երաշխիք, որպեսզի զբոսաշրջիկներն առողջապահության նպատակով Հայաստան գալու դեպքում ունենան իրավական հիմքեր և վստահ լինեն, որ այցելում են լիցենզավորված մասնագետների:
«Զբոսաշրջության կոմիտեն, օրինակ, հարթակի հետ համատեղ դիտարկում է այն հյուրանոցները, որոնք կարող են նաև բժշկական ծառայությունների մատուցման պայմաններ ապահովել։ Այսինքն՝ սենյակները պետք է հարմարեցված լինեն բուժումից հետո վերականգնման համար՝ ներառյալ համապատասխան կահավորումը կամ բուժքույրական ծառայությունների հասանելիությունը։ Բացի այդ, քննարկում ենք նաև լավագույն զբոսավարների հետ համագործակցության հարցը, քանի որ կարծում ենք՝ բուժում ստացած այցելուները պետք է հնարավորություն ունենան նաև ճանաչելու Հայաստանը և ճանապարհորդելու»,- նշեց Գևորգյանը։