Doing Digital Forum-ի նպատակն է թվային կամուրջների ստեղծումը ինչպես ընկերությունների, այնպես էլ տարածաշրջանների միջև
12 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ մեկ միջոցառումը՝ Doing Digital Forum-ը (DDF), որն անցկացվեց չորրորդ տարին անընդմեջ և այս անգամ կրում էր «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։
Համաժողովը դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային և միջազգային նշանակության իրադարձություն։ Առաջին տարում համաժողովն ավելի շատ ուղղված էր թվային փոխակերպման կարևորության բացատրությանը, իսկ այսօր այն վերածվել է հարթակի, որը ոչ միայն միավորում է մասնակիցներին, այլև ձևավորում է օրակարգ։ Եթե սկզբում ուշադրությունը կենտրոնացած էր հիմնարար գիտելիքների փոխանցման վրա, ապա այժմ քննարկվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արդիական թեմաներ։ Այս տարվա խորագիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը աստիճանաբար դիրքավորվում է որպես կամուրջ տարբեր տնտեսությունների և տեխնոլոգիական համակարգերի միջև։
Այս տարի DDF26-ն ապահովել էր խոսնակների լայն ներկայացվածություն։ Երևանում ընթացող միջոցառումը համախմբեց շուրջ 30 տեղական ու միջազգային խոսնակի, որոնք առաջատար փորձագետներ, բիզնեսի ներկայացուցիչներ և պետական հատվածի պատասխանատուներ են։ Նրանք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Շվեյցարիան, Սինգապուրը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Լեհաստանը։
DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն էր՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն էին Amazon Web Services (AWS) Եվրոպայի արհեստական բանականության (ԱԲ) ղեկավար Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին և այլոք։
Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ համաժողովը նպաստել է Հայաստանի՝ որպես թվայնացման և տեխնոլոգիական հաբի դիրքավորմանը։

«Համաժողովն արդեն սիրված միջոցառում է դարձել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպումներով։ Բայց այսօր խոսում էինք այն մասին, որ թվային փոխակերպումն արդեն իսկ անցյալ է։ Ներկան ԱԲ-ի մասին է։ Հայաստանն այստեղ շատ-շատ ասելիք ունի։ Մեր երկիրն արդեն ունի ամբողջական պոտենցիալ՝ դիրքավորվելու որպես կամուրջ թե՛ տնտեսությունների, թե՛ գիտելիքների և դրանց փնտրողների, թե՛ տեխնոլոգիաների և սպառողների միջև։ Այն հետաքրքրությունը, որ ունեն միջազգային ընկերությունները, վկայում է, որ Հայաստանը դարձել է գրավիչ երկիր։ Քննարկումներն ընթանում էին շատ դինամիկ՝ նպաստելով այն հիմքի ձևավորմանը, որի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաները և վճարային նորագույն համակարգերը կգան թեթևացնելու մեր կյանքը»,- ասաց Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ ԱԲ-ն արդեն դիտարկվում է ոչ թե պարզապես որպես գործիք, այլ որպես տնտեսության լիարժեք մասնակից, որը ներգրավված է տարբեր բիզնես գործընթացներում։
«Այսօր ավելի շատ խոսում ենք ոչ թե այն ոլորտների մասին, որոնք պետք է օգտագործեն արհեստական բանականությունը, այլ այն մասին, որ տվյալ բնագավառում գործող կազմակերպությունները պետք է լինեն արհեստական բանականություն կրող, որպեսզի դիմանան մրցակցությանը։ Այսօր ԱԲ գործակալների օգտագործումն ամենուր է, ուստի մենք փորձում ենք նաև մեր երկրում աշխատող, ինչպես նաև տարածաշրջանային ընկերություններին ներկայացնել անհրաժեշտ գործիքները, ինչպես նաև այն փուլերը, որոնք պետք է անցնեն՝ մրցունակ լինելու համար»,- ասաց Սիմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի դիրքն այսօր շատ մրցունակ է հատկապես այն տեկտոնիկ շարժումների համատեքստում, երբ այրվում են հազարամյակների ընթացքում կառուցված կամուրջները, ուստի հնարավոր է կամրջել թե՛ ֆիզիկական, թե՛ թվային ենթակառուցվածքները՝ միմյանց կապելով տարբեր տարածաշրջաններ։
«Համաժողովի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ունի Եվրոպան Ասիայի հետ կամրջելու պոտենցիալ՝ դառնալով այն հարթակը, որը կարող է փոփոխել այն իրավիճակը, որում այսօր գտնվում ենք։ Անհրաժեշտ է բարելավել ավանդական պլատֆորմներն ու ստեղծել նոր միջավայր նոր տեխնոլոգիաների համար, որպեսզի դրանից ի վերջո շահի տնտեսությունը և մեկ քայլով առաջադիմի մեր մրցունակությունը։ Կարևոր է նաև այն, թե ինչպես է վերափոխված իրական տնտեսությունը կրում այն ազդեցությունները, որոնք ԱԲ-ն ու առաջատար այլ տեխնոլոգիաները բերում են մեր կյանք»,- եզրափակեց Սիմոնյանը։
Համաժողովի հիմնական խոսնակներից Just Better ընկերության հիմնադիր Դիրկ Օլմայերը նշեց, որ անհրաժեշտ է բաց լինել նորարարությունների և փորձարարությունների համար։

«Շատ կազմակերպությունների գործադիր տնօրենները հիմնականում չեն հանդիսանում ԱԲ առաջին սերնդի ներկայացուցիչները։ Նրանց մոտ կա մի փոքր վաղ ԱԲ-ի ու տարաբնույթ փորձարկումների հանդեպ, նրանք ասում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն իրենց մանդատը չէ, հետևաբար չեն ձգտում հարաբերվել դրա հետ՝ մտածելով, որ դա բիզնես մոդելի մաս չէ։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է անպայման փորձարկել և ԱԲ-ն ներառել գործունեության մեջ»,- ասաց Օլմայերը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի համար պահն իսկապես բեկումնային է, որովհետև նախատեսված է կատարել 4 միլիարդ դոլարի չափով ահռելի ներդրումներ, որոնք օգտագործվելու են ԱԲ-ի շուրջ համապատասխան էկոհամակարգ ձևավորելու համար։
«Հայաստանի առաջնորդներն իրապես ունեն հնարավորություն՝ դառնալու նաև տվյալ ոլորտի գլոբալ առաջնորդներ։ Շատ կարևոր է հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, թե ինչպես է դա իրացվելու՝ պահպանելու ենք եղած համակարգը, թե բացվելու ենք փորձարկումների համար։ Սա նաև մտածողության փոփոխության հարց է»,- ասաց Օլմայերը։
Համաժողովի հիմնական խոսնակներից Amazon Web Services ընկերության Եվրոպայի ԱԲ ղեկավար Մատիաս Ունդուրագան շեշտեց, որ թվային փոխակերպումները նախկինում ավելի շատ վերաբերում էին փաստաթղթերի թվանշավորմանը, օֆլայն ռեժիմից օնլայն տարբերակին անցնելուն, մինչդեռ հիմա խոսվում է ինքնավար ծրագրակազմերի ու համակարգերի մասին։

«Պետք չէ վախենալ այդ գործընթացից և այն հանգամանքից, որ ԱԲ-ն կարող է մեր փոխարեն կատարել որոշակի աշխատանք։ Ընդհանուր առմամբ՝ պետք է ընդունենք ԱԲ-ն և կատարենք մտածելակերպի փոփոխություն։ Այս համաժողովը մեզ տալիս է լավ հնարավորություն՝ նման խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Հանրությունը տեղեկանում է, և մարդիկ կարող են նաև իրենց մտածելակերպում կատարել որոշակի փոփոխություններ»,- ասաց Ունդուրագան։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) իր հերթին հանդիսանում է համաժողովի արդյունաբերական փոխակերպման գործընկերը։ Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշեց, որ թվայնացումը նպաստելու է ավելի արդյունավետ տնտեսության ձևավորմանը, ավելի արդյունավետ աշխատաոճին ու կառավարմանը։

«ԶՊՄԿ-ն արդեն երեք տարի է, ինչ սկսել է իրագործել թվայնացման մեծ ծրագիր, որով մեր ամբողջ արտադրությունը պետք է թվայնացվի։ Ծրագրի շրջանակում կան մի քանի ուղղություններ՝ սկսած արտադրությունից, հանքից, կոմբինատից, վերջացրած պոչամբարային տնտեսությամբ և կայուն զարգացման տնօրինության գործունեությամբ։ Այդ ծրագրի ամբողջական իրագործումից հետո մեր աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ։ ԶՊՄԿ-ն լինելով Հայաստանի խոշորագույն կազմակերպությունը՝ բնականաբար իր արդյունավետությունն ավելացնելու շատ մեծ հնարավորություններ ունի»,- ասաց Ջհանյանը։
Նրա դիտարկմամբ՝ թվայնացումը ոչ միայն նոր ծրագրերի ներդրում է, այլև ամբողջ համակարգի կոմպլեքսային թարմացում է, հետևաբար կոմբինատի գործունեության թվայնացումն առանց էլեկտրամեխանիկական սարքերի թարմացման անհնար է ու անիմաստ։
«Այդ պատճառով մենք սկսել ենք արդիականացման ընդգրկուն գործընթաց, ինչի արդյունքում 20-րդ դարից անմիջապես անցնելու ենք 21-րդ դար։ Նման միջոցառումներին մասնակցելը կարևոր է այն առումով, որ ներկայացնում ենք մեր անելիքներն ու լսում գործընկերների տեսակետները, որպեսզի տեսնենք, թե հավելյալ ինչ կարող ենք ներդնել մեր կոմբինատում։ Մենք ներդնում ենք նաև ԱԲ հարթակ, որի միջոցով աշխատողները կարող են իրենց հուզող հարցերն ուղել ղեկավարությանը։ Դա, անկասկած, կհեշտացնի հաղորդակցությունը, թեև կոմբինատի ղեկավարությունը մշտապես բաց է նաև անմիջական շփման համար»,- ասաց Ջհանյանը։
Նրա կարծիքով՝ արդիականացման գործընթացը շարունակական է։ Ջհանյանը տեղեկացրեց, որ ԶՊՄԿ-ում իրագործվող արդիականացման ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 10 միլիոն դոլար։
Միջոցառման օրակարգն ընդգրկեց հիմնական ելույթներ և պանելային քննարկումներ՝ նվիրված բաց ֆինանսներին, թվային ինքնության վերաիմաստավորմանը, վճարային նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, թվային ենթակառուցվածքների և իրական տնտեսության միջև կապին, թվային փոխգործելիության միջոցով Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջի ձևավորմանը: Ֆորումի քննարկումների առանցքում էին նաև արհեստական բանականության գործակալների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցությունը, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների արդյունավետ փոխկապակցումը, նորարարությունների աճին զուգահեռ կարգավորող դաշտի հավասարակշռումը։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
