Ռուսաստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում
3 րոպեի ընթերցում

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ Ռուսաստանը բանակցություններ չի վարում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ավելի վաղ` մարտի 30-ին, ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը ևս հայտարարել էր այդ մասին։
Զախարովան նշել է, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի վավերականության ժամկետը 30 տարի է և ունի ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն։
«Արդեն երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ֊ն պատասխանատու կերպով իրականացնում է համաձայնագրի պահանջները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում գերազանցում են 30 միլիարդ ռուբլին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ հարցի շուրջ, եթե ավելի բարձր մակարդակով բանակցություններ լինեն, այդ մասին կմեկնաբանի ՌԴ նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ հայկական մամուլում էին լուրեր շրջանառվել այն մասին, թե քննարկումներ կան Ռուսատանին կոնցեսիոն կառավարման տրված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», - ասել էր վարչապետը։
Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկութուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։