7 րոպեի ընթերցում
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Եվրամիությունը չի աջակցում Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իրանի դեմ պատերազմում՝ դրանով իսկ հակադարձելով ԱՄՆ-ին, քանզի վերջինս ռուս-ուկրաինական պատերազմում հստակ տարաձայնություններ ցուցաբերեց եվրոպական երկրների սկզբունքային դիրքորոշումների հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին և այդ համատեքստում նաև այն հարցին, թե ինչու Եվրամիությունը չաջակցեց ԱՄՆ-ին ու Իսրայելին Իրանի դեմ պատերազմում։
«Թեև այս օրերին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև զգացվեց հարաբերությունների առավել կոշտացում և զգայուն տարանջատում, սակայն այդ գործընթացը մեկնարկել էր մեկ տարի առաջ և կապված էր հիմնականում Թրամփի վարած քաղաքականության հետ, երբ նա հաղթեց ընտրություններում և վերստին ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։ Մինչև Թրամփի պաշտոնավարումը գոյություն ուներ «հավաքական Արևմուտք» հասկացությունը, որտեղ միասնական ջանքերով գործում էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց կառույցով՝ ՆԱՏՕ-ով։ Որոշակի հեռացումն ընդհանուր քաղաքական գծից պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թրամփի ու նրա թիմի կարծիքով՝ ԵՄ-ն տարիներ շարունակ անազնիվ է վարվել Միացյալ Նահանգների նկատմամբ՝ անվտանգության բեռը մեծամասամբ դնելով ԱՄՆ-ի վրա, ինչպես նաև քամել է վերջինիս բյուջեն ռուս-ուկրաինական պատերազմում»,- պարզաբանեց Քեռյանը։
Նրա դիտարկմամբ՝ հենց այդ կետից առաջացան սուր տարաձայնություններ, և Թրամփն այժմ կանգնած է քաղաքական այն գծի վրա, որի համաձայն՝ նախկինում Ուկրաինային ցուցաբերված անհատույց 220 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը չարդարացված ծախս է եղել։
«Տարաձայնությունները հետագայում խորացան, երբ Թրամփը լուրջ ճնշում էր գործադրում Զելենսկու վրա, որպեսզի վերջինս ստորագրեր հաշտության պայմանագիրը, մինչդեռ եվրոպական եռյակը (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) շարունակում էր աջակցել Զելենսկուն՝ խոստանալով, որ անվերապահորեն կաջակցեն նրան։ Դրանից հետո Եվրամիության հանդեպ ԱՄՆ-ի դժգոհությունները սաստկացան և իրենց գագաթնակետին հասան Իրանի դեմ պատերազմից հետո։ Ի պատասխան ուկրաինական ճակատում Միացյալ Նահանգների քայլերի՝ ԵՄ-ն հայտարարեց, որ մերձավորարևելյան պատերազմն իրենը չէ, ու եվրոպական երկրները դրան չեն մասնակցելու։ Բոլորը տեսան Թրամփի բավականին խիստ, նույնիսկ վիրավորական արտահայտությունները ԵՄ լիդերների ու Մեծ Բրիտանիայի վարչապետի հասցեին, առավել ևս, որ Մեծ Բրիտանիան վերջին 50 տարիներին մշտապես ԱՄՆ-ի հետ եղել է նույն քաղաքական գծի մեջ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Քեռյանի կարծիքով՝ Եվրամիության դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան պատերազմը զգալիորեն խաթարել է ամբողջ աշխարհի էներգետիկ համակարգը, ինչից զգալիորեն տուժում են նաև եվրոպական երկրները։
«Վերահսկողություն հաստատելով վենեսուելական նավթի նկատմամբ և ունենալով սեփական նավթային պաշարներ՝ ԱՄՆ-ն կրիտիկական վիճակում չէ, թեև այնտեղ, իհարկե, կա էներգակիրների որոշակի թանկացում։ Այնինչ եվրոպական շուկայում գազի գինը մեկ խորանարդ մետրի համար հասնում է 700 դոլարի, շեշտակի աճում են նաև նավթամթերքների գները։ Այդ ամենի պատճառը պատերազմն է և Հորմուզի նեղուցի փակումը։ Դա ուղղակիորեն հարվածում է ԵՄ երկրների էներգետիկ ու տնտեսական շահերին»,- ասաց քաղաքագետը։
Քեռյանը հիշեցրեց Թրամփի հայտարարությունը, որով նա կոչ արեց նավատորմ ունեցող եվրոպական երկրներին միանալ Հորուզի նեղուցը բացելու գործողությանը, սակայն այդ հայտարարությունը նույնպես մնաց անարձագանք։
Անդրադառնալով միջազգային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն անմիջականորեն չի ներքաշվում մերձավորարևելյան հակամարտության մեջ, այլև որոշել է տարածաշրջանի որոշ երկրներից դուրս բերել իր ստորաբաժանումները, Քեռյանն ընդգծեց, որ թեև ՆԱՏՕ-ն միշտ ընկալվել է որպես ռազմաքաղաքական կառույց՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, բայց հիմա միասնական դաշինքի մասին խոսելը նույնպես տեղին չէ։
«Փաստացիորեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եվրոպական երկրների դիրքորոշումները հակասում են Վաշինգտոնի մոտեցումներին։ ԱՄՆ-ն ֆորմալ առումով շարունակում է մնալ ամենամեծ ռազմական բյուջեն ունեցող երկիրը և ՆԱՏՕ-ում բոլորից շատ ներդրումներ կատարող պետությունը, սակայն այսօր որոշումների կայացման ու դիրքորոշումների հարցում կան էական տարաձայնություններ»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման սցենարներին, որոնք առաջ էր քաշել ամերիկյան կողմը։
«Առաջին սցենարի համաձայն՝ Թրամփը մտածում էր, որ մի քանի օրվա պատերազմից հետո Իրանի ղեկավարությունը, ելնելով կորուստներից, կգնար գործարքի։ Երկրորդ սցենարի համաձայն՝ Իրանի ղեկավարության ոչնչացումը կկոտրեր այդ երկրի քաղաքական համակարգի ողնաշարը՝ առաջացնելով նոր հակաիշխանական շարժումներ, որոնց արդյունք նոր վարչակարգը կստորագրեր կապիտուլյացիայի նման մի փաստաթուղթ։ Երրորդ սցենարի համաձայն՝ նախատեսվում էր իրականացնել ցամաքային մեծ գործողություն, որում կներգրավվեին նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները, իրաքյան քրդերը, Պակիստանն ու Ադրբեջանը, սակայն նման բան տեղի չունեցավ, որովհետև ոչ ոք չի ցանկանում դառնալ թնդանոթի միս»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ կարող է գործի դրվել նաև չորրորդ հավանական սցենարը, որի համաձայն՝ որոշակի հրթիռակոծումներից հետո Թրամփը կհայտարարի իր հաղթանակի մասին և կդադարեցնի ակտիվ ռազմական գործողությունները, կամ էլ ԱՄՆ-ն իր դաշնակիցների, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հետ կձեռնարկի ցամաքային գործողություն Իրանի դեմ։
«Այդուհանդերձ, փորձագիտական շրջանակները պնդում են, որ ցամաքային օպերացիան ավելի ծանր կնստի ԱՄՆ-ի վրա, քանզի Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է նման կերպ նվաճել։ Դժվար է ասել, թե այդ երկու ճանապարհներից որը կընտրի Թրամփը»,- եզրափակեց քաղաքագետը։