ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի համար ընթանում է համեմատաբար արագ․ ԱԳ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ այս պահին չկա, սակայն գործընթացը ընթանում է արագ տեմպերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարց բարձրացրեց՝ արդյոք կա՞ հստակ ժամանակացույց, թե երբ կարող է ավարտվել վիզաների ազատականացման գործընթացը՝ նշելով, որ թեման հասարակական լայն հետաքրքրություն է առաջացնում։

«Վիզաների ազատականացման հստակ ժամկետ մատնանշել այս պահին անհնար է։ Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք նախորդ տարվա նոյեմբերին, և առաջինը առաջընթացի զեկույցը, կարծում եմ, մոտակա 1-2 ամսվա ընթացքում արդեն իսկ կհրապարակվի»,- պատասխանեց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը Հայաստանի համար ընթանում է համեմատաբար արագ՝ ի տարբերություն այլ երկրների։ Փոխնախարարը նաև ընդգծեց, որ ներկայումս Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վիզաների ազատականացման գործընթաց է վարում։

Կոստանյանը ներկայացրեց նաև այն հիմնական ուղղությունները, որոնցում Հայաստանը պետք է իրականացնի բարեփոխումներ՝ միգրացիոն քաղաքականություն, մարդու իրավունքների պաշտպանություն և սահմանային համապարփակ վերահսկողության համակարգի ներդրում։

Անդրադառնալով Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացին՝ նա նշեց, որ վերջին տարիներին դիմումների թիվը զգալիորեն աճել է՝ շուրջ 400 տոկոսով, ինչն ազդել է նաև սպասարկման վրա։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում առնվազն որոշակիորեն դրական տենդենց ենք տեսնում տարբեր եվրոպական դեսպանություններից, որոնք մեծացրել են իրենց հյուպատոսական անձնակազմը»,- ասաց նա։

Կոստանյանը նաև հավելեց, որ աշխատանքներ են տարվում՝ վիզաների տրամադրման ժամկետները երկարացնելու ուղղությամբ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն հաճախակի դիմել նոր վիզայի համար։ Նրա խոսքով՝ որոշ երկրներ արդեն սկսել են ավելի երկար ժամկետով վիզաներ տրամադրել։

«Հաջորդ ուղղությունը, որի վրա աշխատում ենք այս գործընթացը դյուրացնելու համար, Հայաստանում Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանություններում հյուպատոսական կետերի բացումն է։ Կան երկրներ, որոնք ունեն դիվանագիտական ներկայացվածություն Հայաստանում, սակայն հյուպատոսական ծառայություններ չեն մատուցում։

Վերջին նորությունն այն է, որ Բելգիայի դեսպանությունը որոշում է կայացրել բացել հյուպատոսական սեկցիա, ինչը ևս որոշ չափով կթեթևացնի առկա բեռը»,- եզրափակեց Կոստանյանը։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում