Առանց մշակույթի չկա կրթություն. Թատրոնի միջազգային օրվա առթիվ Հայաստանում մեկնարկում է «Թատերական շաբաթ»-ը
9 րոպեի ընթերցում
Թատրոնի և հանդիսատեսի միջև կապն ամրապնդելու, թատրոնի առեղծվածներից շատերը բացահայտելու նպատակով Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կանցկացնի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որը կմիավորի բեմարվեստի ներկայացուցիչներին, արվեստագետներին և տարբեր տարիքի թատերասերներին։
Մարտի 21-29-ը նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները հանդես կգան առաջնախաղերով, թատրոններում շրջայցեր կկազմակերպվեն, կլինեն հանդիպումներ սիրված արտիստների հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշում է՝ ծրագիրն ասես բաց դռների օր լինի, որը բացահայտում է թատրոնի գաղտնիքները։ «Ցանկանում ենք հանդիսատեսին, անգամ այն մարդկանց, որոնք երբեք թատրոնում չեն եղել, հնարավորություն տալ բացահայտել թատրոնն ու օրգանական կապ ստեղծել նրա հետ՝ ոչ միայն լինելով հանդիսատես, այլև կոտրելով պատնեշները հանդիսատեսի և բեմի միջև։ Մասնակիցները բացահայտելու են թատրոնի ետնաբեմը, դերասանների անցուդարձը, ծանոթանալու են թատրոնում իրականացվող աշխատանքներին, մասնագիտություններին։ Երբեմն տպավորություն է, թե թատրոնում միայն դերասաններ կամ ռեժիսորներ են, բայց իրականում այդ կառույցում 15 և ավելի մասնագիտություններով մարդիկ են աշխատում՝ նկարիչներ, տեխնիկներ և այլք»,-ընդգծում է փոխնախարարը։
Ծրագրի իրականացման գաղափարը ծնվել է տարիների վերլուծությունից հետո։ Նախաձեռնողները նկատել են, որ շատերի համար թատրոնն անհասանելի վայր է կամ հասանելի է շատ փոքր շրջանակի համար։ Կարծում են՝ թատրոնները թե՛ գործունեությամբ, թե՛ ֆիզիկապես պետք է բաց լինեն բոլորի՝ հատկապես երեխաների և պատանիների առաջ, իսկ թատրոնին մոտ լինելը, այն ներսից ճանաչելը մեծ ազդեցություն կարող է ունենալ նրանց կրթության և մասնագիտական կողմնորոշման վրա։
Դանիելյանը հիշեցնում է, որ այս օրերին դպրոցականներն արձակուրդում են, ինչի շնորհիվ կարող են դասընկերների կամ ընտանիքի անդամների հետ այցելել թատրոններ։ Նախորդ տարի ծրագրին մասնակցել է 5 հազար մարդ՝ հիմնականում երիտասարդներ։ Այս տարի ևս առնվազն 5 հազար մասնակից է ակնկալվում։
Մասնակցության համար հարկավոր է մուտք գործել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայք, որտեղ հնարավոր է գտնել ամբողջական ծրագիրը։ Այս կամ այն թատրոն այցելելու որոշում կայացնելուց հետո պետք է նախապես զանգահարել տվյալ թատրոն, որպեսզի այն հստակեցնի հյուրերի թիվն ու ի վիճակի լինի ընդունել բոլոր թատերասերներին։ Ներկայացումներից շատերը վճարովի են, սակայն սպասվում են անակնկալներ։
Դանիելյանը շեշտում է՝ ձգտում են կրթել բազմակողմանի զարգացած քաղաքացիների, իսկ առանց մշակույթի կրթություն չկա։
Նա մի քանի տարի է՝ ի պաշտոնե Հայաստանում համակարգում է նաև թատերական ոլորտը։ Ասում է՝ խնդիրները շատ են, որոնց փորձում են լուծում տալ, սակայն մի խնդիրը լուծելուց հետո տասն է ի հայտ գալիս, ինչը բնական է։
«Երկու կամ երեք տարի առաջ թատրոնները նշում էին՝ եթե ֆինանսավորումն ավելացնենք, ամեն բան հրաշալի կլինի, բայց այդպես չէ։ Պետք է ճիշտ և աշխատող մեխանիզմ ներդրվեր։ Եթե բիզնես մոդելը լավը լինի, ներդրումներն արդյունք կտան։ Վառ օրինակներ են թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը, որը ներդնում ենք, նյութատեխնիկական բազայի համալրումը, մասնավորի հետ աշխատանքը և այլն։ Կլինեն թատրոններ, որոնք այս տարի կմիանան ֆինանսավորման նոր մոդելին։ Այդ մոդելի շնորհիվ բարձրանում են աշխատավարձները, մեծանում են եկամուտները, զարգացման հեռանկարներ են բացվում»,-նշում է փոխնախարարը։
Անդրադառնալով մարզային թատրոններին՝ Դանիելյանը խոստովանում է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Նրա խոսքով՝ եթե Երևանում պետք է չորս հարց լուծել, մարզում՝ 14։ «Մեզ համար առաջնային է մարզերում ենթակառուցվածքների արդիականացումը։ Էլի եմ ասել, բայց կրկնեմ, որ շուտով հիմնանորոգվելու է Վանաձորի թատրոնը. շենքը պետք է քանդել և նորը կառուցել, սակայն պահպանվելու է շենքի դիմային հատվածը։ Ներկայիս շենքը ֆունկցիոնալ չէ, վթարային է։ Նախագիծը շատ գեղեցիկ է։
Այս տարի նաև Գորիսի թատրոնի հիմնանորոգմամբ ենք զբաղվելու։ Արտաշատում և Գյումրիում փուլ առ փուլ բարելավումներ ենք իրականացնում. տեխնիկական հագեցվածությունն ենք փորձում ապահովել՝ լուսային, ձայնային, պրոյեկտորներ և այլն, նաև գեղագիտական լուծումներով ենք զբաղվում, որպեսզի հանդիսատեսը թատրոնում հարմարավետ զգա. նախատեսում ենք Արտաշատի թատրոնի աթոռները փոխել, դահլիճը վերանորոգել, բեմը և այլն։ Աշխատում ենք նաև բովանդակության վրա։ Եթե նկատում եք, հաճախ մարզային թատրոններ արտասահմանից հյուրերի ենք տանում, Երևանից ներկայացումներ են այնտեղ հյուրընկալվում։ Հակառակ ուղղությամբ առաջընթաց ևս կա. մարզային թատրոնները պարբերաբար հյուրախաղերով գալիս են Երևան։ Շուտով Գյումրու թատրոնը 160-ամյակին նվիրված ներկայացմամբ կլինի մայրաքաղաքում»,-տեղեկացնում է Դանիելյանն ու հավելում՝ յուրաքանչյուր մայրաքաղաքում աշխատանքային հնարավորություններն ավելի շատ են, բայց մարզերում աշխատելը պետք է խրախուսել։
Նախարարությունը դրամաշնորհային մրցույթներ է իրականացնում, որպեսզի երիտասարդները գնան մարզեր, ներկայացումներ բեմադրեն, խաղան։ Նա վստահեցնում է՝ եթե մարզային թատրոնների պայմանները և՛ շենքային, և՛ բովանդակության առումով, և՛ ֆինանսական լավը լինեն, շատերը կցանկանան աշխատել մարզերում։
Դանիել Դանիելյանը ցավոտ է համարում թատերագիտության խնդիրը՝ նշելով, որ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանում զարգանա նաև թատերական քննադատությունը։ Այդ նպատակով երեք կայք են ֆինանսավորում, որոնք պետք է քննադատական հոդվածներ հրապարակեն երկու ձևաչափով՝ լրագրողական՝ հասանելի, մատչելի հանրությանը և առավել մասնագիտական դիտարկումներով։ «Դա մեզ պակասող օղակ է, և մենք փորձում ենք այն զարգացնել, սակայն դա բնավ հեշտ չէ, որովհետև շատ քիչ են քննադատները, թատերագետները, ուստի պետք է ներդրում անել երիտասարդների վրա, որպեսզի նրանց համար այդ մասնագիտությունները գրավիչ լինեն և եկամտաբեր։ Զուգահեռաբար ներդնում ենք նաև մրցանակաբաշխությունների համակարգը, որը չենք կարող համարել մասնագիտական քննադատություն, բայց այն մրցակցային դաշտ է ստեղծում, երբ ստեղծագործողների աշխատանքը գնահատում են մասնագետներն ու հանրությունը»,-շեշտում է նախարարի տեղակալը։
Նա ընդգծում է, որ մենք փոքր երկիր ենք, որտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իրար շատ լավ են ճանաչում, ընկերներ են, ինչը երբեմն թույլ չի տալիս անաչառ քննադատության դիմել, սակայն պետք է բոլորը հասկանան՝ եթե քննադատությունը կառուցողական ու հիմնավորված է, այն դրական տեղաշարժ է ստեղծելու։
Դանիելյանի ծնողները թատերասերներ են, ինչի արդյունքում նա փոքրուց է թատրոններ այցելել, գեղեցիկ ներկայացումներ դիտել, սակայն կյանքի ամենավառ տպավորությունը եղել է Սանկտ Պետերբուրգում։ Ծնողները նրան տարել են Մարիինյան թատրոն՝ դիտելու «Ժիզել» բալետը։ «Ծնողներս դժվարությամբ էին տոմսեր գտել ներկայացման համար։ Փոքր էի, բայց այդ ներկայացումը դիտելուց հետո իմ մեջ շատ բան փոխվեց։ Կարծում եմ՝ հենց այդ օրվանից էր պարզ, որ պետք է արվեստի բնագավառում լինեմ։ Հիշում եմ նաև ցուրտ ու մութ տարիները Հայաստանում, երբ ես «մեծանում էի» «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ դասական երաժշտություն լսելով, այդ տարիներին հաճախ էի լինում Տիկնիկային թատրոնում, որի խաղացանկն անգիր գիտեի, Պատանի հանդիսատեսի և Սունդուկյանի անվան թատրոններում։ Այդ ամենը ծնողներիս շնորհիվ էր»,-հիշում է փոխնախարարն ու Թատրոնի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է մարտի 27-ին, ոլորտի ներկայացուցիչներին ստեղծագործական վերելք, նոր գաղափարներ ու մտքեր է մաղթում՝ հավաստիացնելով, որ բոլոր ուժերը միավորելով՝ հայկական թատրոնը կարող է ավելի մեծ բարձունքներ նվաճել։