Իրան

Սթարմերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություն չի լինի

2 րոպեի ընթերցում

Սթարմերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություն չի լինի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ ընթացիկ աշխատանքը ՆԱՏՕ-ի առաքելություն չի լինի, այլ կներգրավի լայն դաշինք՝ ներառելով Պարսից ծոցի գործընկերներին, ինչպես նաև եվրոպական երկրներին և Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Մենք աշխատում ենք մյուսների հետ՝ Հորմուզի նեղուցի համար վստահելի ծրագիր մշակելու համար՝ համոզվելու, որ մենք կարող ենք վերսկսել նավագնացությունը և անցումը նեղուցով։ Թույլ տվեք հստակեցնել՝ դա չի լինելու և երբեք չի էլ կանխատեսվել որպես ՆԱՏՕ-ի առաքելություն», - լրագրողների հետ զրույցում ասել է Սթարմերը։

«Դա պետք է լինի գործընկերների դաշինք, այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք գործընկերների հետ՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Պարսից ծոցում, և թե՛ ԱՄՆ-ի հետ»,- շեշտել է նա։

BBC-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայի վարչապետը հայտնել է նաև, որ ակնհայտ է, որ ԱՄՆ գործողությունը «զանգվածաբար թուլացրել է» Իրանի ռազմական կարողությունները։

Սակայն հակամարտությունից հետո, ըստ Սթարմերի, անհրաժեշտ է լինելու որոշակի «բանակցային համաձայնագիր», որը կսահմանափակի Իրանի կարողությունները՝ վերակառուցելու իր միջուկային ծրագիրը և ապահովելու միջազգային նավագնացությունը։

Սթարմերը նշել է, որ իր երկիրն ունի հստակ և անփոփոխ նպատակներ, և գլխավոր առաջնահերթությունը «տարածաշրջանում մեր ժողովրդին» պաշտպանելն է։

Նա շեշտել է, որ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի ավելի լայն պատերազմի մեջ։

Սթարմերը նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատել «իրանական սպառնալիքը» դադարեցնելուն ուղղված արագ լուծման վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում