Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. սթրես, գաջեթներ և քնի պակաս․ ինչու են առաջանում գլխացավերը

6 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. սթրես, գաջեթներ և քնի պակաս․ ինչու են առաջանում գլխացավերը

Ինչպե՞ս տարբերել սովորական գլխացավը միգրենից, ինչո՞վ են պայմանավորված գլխացավերը և ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի։

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանի հետ։

Բժիշկ Պետրոսյանի խոսքով՝ գլխացավը նյարդաբանի մոտ դիմելու ամենահաճախ հանդիպող գանգատներից մեկն է։ Այն կարող է լինել ինչպես տարբեր հիվանդությունների ախտանիշ, այնպես էլ հանդես գալ որպես ինքնուրույն հիվանդություն։ Նա նշեց, որ գլխացավերը հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի՝ առաջնային և երկրորդային։

«Առաջնային գլխացավերն այն դեպքերն են, երբ ցավը ինքնուրույն հիվանդություն է և կապված չէ այլ հիվանդությունների հետ։ Դրանց շարքին են պատկանում լարվածության տիպի գլխացավերը, միգրենը և տրիգեմինալ ավտոնոմ գլխացավերը, օրինակ՝ կլաստերային գլխացավը։ Ամենատարածվածը լարվածության տիպի գլխացավն է, որը կյանքի ընթացքում գրեթե յուրաքանչյուր մարդ ունենում է առնվազն մեկ անգամ։ Միգրենը տարածվածությամբ երկրորդ տեղում է»,- ասաց բժիշկը:

Բժիշկ Պետրոսյանի խոսքով՝ աշխարհում միգրենով տառապում է մոտ մեկ միլիարդ մարդ։ Ի տարբերություն լարվածության գլխացավի՝ միգրենը սովորաբար ավելի ուժեղ է արտահայտվում և զգալիորեն ազդում է մարդու կյանքի որակի վրա։

«Միգրենը սովորաբար միակողմանի, պուլսացող բնույթի գլխացավ է, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, լույսի և ձայների նկատմամբ գերզգայունությամբ։ Այդպիսի դեպքերում մարդիկ հաճախ փորձում են փակվել մութ սենյակում և սահմանափակել ցանկացած ֆիզիկական ակտիվություն: Միգրենային նոպան կարող է տևել 4 ժամից մինչև 72 ժամ։ Եթե այն պահպանվում է ավելի երկար, արդեն խոսվում է միգրենային ստատուսի մասին, որը պահանջում է շտապ բժշկական օգնություն»,- նշում է նյարդաբանը։

Բժիշկը նաև ընդգծեց, որ գլխացավերի առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ՝ քրոնիկ սթրեսը, հոգնածությունը, քնի պակասը, ինչպես նաև նստակյաց ապրելակերպը և երկար ժամանակ համակարգչի կամ հեռախոսի օգտագործումը։

«Այդ դեպքում լարվածություն է առաջանում գլխի և պարանոցի մկաններում, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի։ Մեր օրերում բավականին տարածված խնդիր է նաև սխալ դիրքով երկար աշխատելը։ Երբ գլուխը երկար ժամանակ առաջ է թեքված, օրինակ՝ հեռախոս օգտագործելիս, պարանոցի մկանների վրա մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում, ինչը կարող է հանգեցնել ինչպես գլխացավերի, այնպես էլ պարանոցի քրոնիկ ցավերի»,-ասաց նա:

Միգրենի դեպքում որոշ սննդատեսակներ նույնպես կարող են հանդես գալ որպես հրահրող գործոններ։ Դրանց շարքում բժիշկը նշում է ալկոհոլը, հատկապես մեծ քանակությամբ օգտագործման դեպքում, ինչպես նաև որոշ ապխտած մթերքներ, որոնք պարունակում են նիտրատներ, որոշ տեսակի պանիրներ, շոկոլադը և որոշ ցիտրուսային մրգեր։ Սակայն, նրա խոսքով, միշտ կարևոր է հաշվի առնել քանակը և յուրաքանչյուր մարդու օրգանիզմի առանձնահատկությունները։

Խաչիկ Պետրոսյանը զգուշացնում է նաև ցավազրկող դեղերի հաճախակի օգտագործման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ եթե մարդը ամսվա ընթացքում 10–15 օրից ավելի օգտագործում է ցավազրկողներ, կարող է զարգանալ այսպես կոչված դեղորայքի չարաշահման գլխացավ, երբ հենց դեղերը սկսում են ուժեղացնել և հաճախացնել ցավը։

«Եթե գլխացավը հաճախ է կրկնվում և չի անցնում սովորական ցավազրկողներով, պետք է դիմել մասնագետի և պարզել պատճառը։ Ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը»,- ընդգծեց նա։

Հարցին, թե արդյոք սուրճը իսկապես կարո՞ղ է անցկացնել գլխացավը, բժիշկը պատասխանեց, որ որոշ դեպքերում սուրճը կարող է մեղմացնել գլխացավը, քանի որ կոֆեինը կարող է ուժեղացնել որոշ ցավազրկողների ազդեցությունը։ Սակայն դա չի նշանակում, որ սուրճը կարող է փոխարինել բուժմանը։   

Խոսելով ժամանակակից բուժման մեթոդների մասին՝ նյարդաբանը նշում է, որ միգրենի բուժման նպատակն ամբողջությամբ հիվանդությունը վերացնելը չէ, այլ գլխացավերի հաճախականությունն ու ուժգնությունը նվազեցնելը։ Շատ դեպքերում հնարավոր է ամսական բազմաթիվ նոպաները նվազեցնել մինչև մի քանի դրվագ։

Վերջին տարիներին կիրառվում են նաև նոր դեղամիջոցներ և որոշ միջամտական մեթոդներ, այդ թվում՝ բոտուլինոթերապիան։ Սակայն, ինչպես ընդգծում է բժիշկ Պետրոսյանը, այն ունի հստակ ցուցումներ և կիրառվում է հիմնականում այն դեպքում, երբ միգրենային գլխացավերը ամսական լինում են 15 և ավելի օր։

Նա նաև նշում է, որ գլխացավերի բուժման ընթացքում կարևոր է ոչ միայն դեղորայքը, այլ նաև կենսակերպի փոփոխությունը՝ քնի ռեժիմի կարգավորում, սթրեսի նվազեցում, ճիշտ աշխատանքային դիրք և ֆիզիկական ակտիվություն։

Բժիշկ Պետրոսյանը մարդկանց խորհուրդ է տալիս հատկապես զգոն լինել այն դեպքերում, երբ գլխացավը հանկարծակի է սկսվում և ունի շատ ուժեղ ինտենսիվություն։  Նման դեպքերում այն կարող է լինել լուրջ խնդիրների, օրինակ՝ գլխուղեղի արյունազեղման նշան, և անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Թեմայի շուրջ մի շարք  այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում