Քաղաքականություն

Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ ԵՄ-ի համար. Բրուններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ ԵՄ-ի համար. Բրուններ

Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներ են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։

«Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, և արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ»,-նշեց հանձնակատարը:

Նրա գնահատմամբ՝ այս ամենն արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն:

«Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական միության վճռականության մասին»,-ընդգծեց Բրունները:

Նա Հայաստան է ժամանել մարտի 12-ին: Հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, մասնակցել «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» խորագրով քննարկմանը: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում