2 րոպեի ընթերցում
Ռուսաստանը խախտում է խաղաղությունը, Չինաստանն՝ առևտուրը, իսկ ԱՄՆ-ն՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ԵՄ երկրների դեսպանների առջև իր ելույթում, որը հեռարձակվել է X հարթակում նրա էջում։
Նա նշել է, որ դժվար է 27 տարբեր երկրների հետ փոխհամաձայնության գալ արտաքին միասնական արտաքին քաղաքականության շուրջ։ Միևնույն ժամանակ, Կոշտայի խոսքով, բազմաշերտ աշխարհը պահանջում է բազմակողմ լուծումներ։
«Մենք գիտենք նոր իրականությունը. իրականություն, որտեղ Ռուսաստանը խախտում է խաղաղությունը, Չինաստանը խախտում է առևտուրը, իսկ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին: Այս նոր իրականության մեջ ո՞րը պետք է լինի Եվրամիության առաքելությունը: Նախ, մենք պետք է պաշտպանենք միջազգային իրավունքի վրա հիմնված կանոնները: Մենք պետք է նպաստենք այն սկզբունքների պահպանմանը, որոնք ամրագրված են (ՄԱԿ-ի) Կանոնադրության մեջ և շարադրված մեր միջազգային պայմանագրերում», - ասել է Կոշտան։
X-ում մեկ այլ հրապարակման մեջ Կոշտան նշել է, որ Եվրամիությունը միշտ պետք է լինի հուսալի գործընկեր, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պաշտպան և ՄԱԿ-ի կանոնադրության պահապանը։