Իրան

Թեհրանից աղտոտված օդի՝ Հայաստան ներթափանցման վտանգ չկա

3 րոպեի ընթերցում

Թեհրանից աղտոտված օդի՝ Հայաստան ներթափանցման վտանգ չկա

Հայաստանի Հանրապետության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ «թթվային թունավոր անձրևների հետ» կապված  որոշ հրապարակումներին՝ Կենտրոնից հայտնում են, որ մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։

Միաժամանակ,  մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։

«Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։ 

Հավելենք նաև, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան»,– ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ կառույցի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։ 

«Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

Մարտի 8–ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Իրանում նավթապահեստավորման 30 օբյեկտի հարվածներ հասցնելու մասին։ Իրանական ԶԼՄ-ներում էլ տեսանյութեր էին տարածվում, ըստ որոնց՝ այդ հարվածների հետևանքով Թեհրանում թթվային անձրևներ են տեղում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում