Ղազախստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղիները
2 րոպեի ընթերցում

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ղազախստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և դրա լիցքաթափման հնարավոր ուղիները։
Ղազախստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքների վրա ռազմական հարձակումների կապակցությամբ։
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին հայտարարություն էին տարածել՝ Իրանին մեղադրելով Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Իրանական կողմը հերքել էր այդ մեղադրանքները՝ պնդելով, որ այդ գրոհի հետ Իրանն առնչություն չունի։ Չնայած իրանական կողմի հավաստիացումներին, որ իրենց զինված ուժերն այդ ամենի հետ կապ չունեն՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ԱԹՍ-ների գրոհը իրականացրել են Իրանի զինված ուժերը՝ պահանջելով, որպեսզի Իրանի պաշտոնյաները ներողություն խնդրեն ու հետաքննություն իրականացնեն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Մարտի 5-ի երեկոյան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։