Իրան

ԱՄԷ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄԷ-ում Իրանի դեսպան Ռեզա Ամերիին և բողոքի խիստ նոտա հանձնել նրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄԷ ԱԳ նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ դատապարտում է Իրանի հարձակումները՝ ընդգծելով, որ իր տարածքի վրա հարձակումն իր ինքնիշխանության կոպիտ խախտում է, սպառնալիք ազգային անվտանգությանը, ինչպես նաև բոլոր միջազգային կոնվենցիաների, բանաձևերի և նորմերի ակնհայտ խախտում։

Պետնախարար Խալիֆա Շահին ալ-Մարարը հայտնել է, որ ԱՄԷ-ն կտրականապես մերժում է քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բնակելի տարածքների, օդանավակայանների, նավահանգիստների և սպասարկման օբյեկտների թիրախավորող գործողությունների վերաբերյալ Իրանի կառավարության ներկայացրած ցանկացած արդարացում:

«Այս սրացումը վտանգավոր և անպատասխանատու ձևով վտանգի ենթարկեց անմեղ քաղաքացիներին՝ անտեսելով ԱՄԷ-ի հստակ դիրքորոշումն այն մասին, որ թույլ չի տա օգտագործել իր տարածքն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետնախարարը նաև շեշտել է, որ այս հարձակումները հակասում են բարիդրացիության սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, ինչպես նաև խաթարում են ԱՄԷ-ի կողմից Իրանի նկատմամբ որդեգրված լարվածության թուլացման և խաղաղ լուծումների որոնման քաղաքականությունը։ ԱՄԷ-ից նախազգուշացրել են, որ նման գործողությունները լուրջ հետևանքներ կունենան քաղաքական, տնտեսական և առևտրային մակարդակներում։

Նա ընդգծել է ԱՄԷ-ի պահանջը՝ հարգել իր ինքնիշխանությունը և անհապաղ ու անվերապահորեն դադարեցնել հարձակումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում