Եվրոպա

«Դրուժբա» խողովակաշարի շուրջ տարաձայնությունների ֆոնին հեռախոսազրույց է տեղի ունեցել Օրբանի և Ֆիցոյի, այնուհետև՝ Ֆիցոյի և Զելենսկու միջև

2 րոպեի ընթերցում

«Դրուժբա» խողովակաշարի շուրջ տարաձայնությունների ֆոնին հեռախոսազրույց է տեղի ունեցել Օրբանի և Ֆիցոյի, այնուհետև՝ Ֆիցոյի և Զելենսկու միջև

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով նախագահի գրասենյակին։

«Հենց այս պահին նախագահը զրուցում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Նախագահը նրան հրավիրում է Ուկրաինա՝ բոլոր առկա հարցերը քննարկելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 27-ին ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ զրուցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ իրենք համաձայն չեն այն պնդումների հետ, որ «Դրուժբա» խողովակաշարի վերագործարկումն անհնար է տեխնիկական խնդիրների պատճառով։

Հունգարիան և Սլովակիան ցանկանում են ստեղծել հետաքննչական հանձնաժողով և պահանջում են, որ Զելենսկին իրենց հասանելիություն տրամադրի այդ օբյեկտին։

Ըստ Օրբանի՝ հանձնաժողովի խնդիրն է ստուգել՝ արդյոք իրական է այն իրադրությունը, որի մասին հայտարարում է Կիևը։ Օրբանը հավելել է, որ «Դրուժբա»-ի փակումը սպառնում է երկու երկրների էներգետիկ անվտանգությանը։

Փետրվարի 12-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարեց, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել «Դրուժբա» նավթամուղին, այնուհետև ռուսական նավթի տարանցումը դեպի Սլովակիա և Հունգարիա դադարեցվեց։ Բուդապեշտը և Բրատիսլավան Կիևին մեղադրում են խողովակաշարի վերագործարկումը քաղաքական պատճառներով հետաձգելու համար։

Ստեղծված իրավիճակի պատճառով երկու երկրները դադարեցրել են դիզելային վառելիքի մատակարարումներն Ուկրաինային, իսկ փետրվարի 24-ին Ֆիցոն հայտարարել էր, որ Սլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում