Վրաստան

Վրաստանի ԱԳ նախարարը պարզաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳ նախարարը պարզաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը

Վրաստանը չի կիրառում հակառուսական պատժամիջոցներ, քանի որ դրանք կպարունակեն հսկայական ռիսկեր Վրաստանի համար՝ գործնականում որևէ ազդեցություն չունենալով Ռուսաստանի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Մենք չենք կարող և չենք կիրառում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դրանք գործնականում ոչ մի ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա, մինչդեռ դրանց ազդեցությունը Վրաստանի վրա կարող է լուրջ լինել։ Մենք նաև չգիտենք, թե նման քայլը ինչ անվտանգության սպառնալիքներ կստեղծի մեր երկրի համար, և մենք որևէ անվտանգության երաշխիք չունենք»,- ասել է Բոճորիշվիլին

Նա հիշեցրել է, որ Վրաստանը որևէ ռազմական կամ քաղաքական դաշինքի անդամ չէ, հետևաբար որևէ տեսակի անվտանգության հովանոց չունի։ «Այս պայմաններում ցանկացած քայլ, որը նույնիսկ աննշան հարցականի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը, անպատասխանատվության դրսևորում է։ Վրաստանը չի կարող և չունի անպատասխանատու կառավարություն։ Մենք չենք ձեռնարկի որևէ քայլ, որը, թեկուզև աննշան, կվտանգի այս երկրի անվտանգությունը»,- ասել է ԱԳ նախարարը։

2022 թվականի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իր երկիրը չի միանա Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից անցկացված հատուկ գործողության։

Վրացական ընդդիմության անդամները բազմիցս մեղադրել են իշխանություններին Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու մեջ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում