Ուկրաինացիները և համաշխարհային ղեկավարները Կիևում հարգանքի տուրք են մատուցել պատերազմի զոհերին
1 րոպեի ընթերցում

Ուկրաինացիները Կիևում մեկ րոպե լռությամբ հարգել են 4 տարի առաջ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը։ Պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Կիև են այցելել նաև տարբեր երկրների ու կառույցների ղեկավարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Կիև են այցելել Դանիայի, Լատվիայի, Էստոնիայի, Խորվաթիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի ղեկավարները, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Համաշխարհային առաջնորդներն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նրա կնոջ հետ 11-րդ դարի սուրբ Սոֆյայի տաճարում մասնակցել են ընդհանուր աղոթքի։
Փետրվարի 24-ին ավելի ուշ Կիևում նաև կանցկացվի «կամեցողների կոալիցիայի» երկրների նիստ և «Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներ» գագաթնաժողով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «կամեցողների կոալիցիայի» նիստին կմասնակցեն տեսակապի միջոցով։