Եվրոպա

ՌԴ հետախուզությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային

3 րոպեի ընթերցում

ՌԴ հետախուզությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Լոնդոնը և Փարիզը պատրաստվում են Կիևին զինել միջուկային ռումբով…. էլիտաները պատրաստ չեն հաշտվել պարտության հետ։ Կարծիք կա, որ Ուկրաինային անհրաժեշտ է ապահովել վունդերվաֆեով։ Կիևը կկարողանա ավելի բարենպաստ պայմաններ պահանջել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, եթե ունենա ատոմային կամ գոնե, այսպես կոչված, «կեղտոտ» ռումբ», - ասվում է մամուլի տեղեկագրում։

ԱՀԾ-ն հավելել է, որ Գերմանիան «խելամտորեն հրաժարվել է մասնակցել գործողությանը»: «Վունդերվաֆե» նշանակում է «հրաշք-զենք», այդ տերմինը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի կողմից վերագրվել է որոշ հեղափոխական «գերզենքերի»։

ՌԴ արտաքին հետախուզության տվյալներով՝ երկրները գիտակցում են, որ իրավիճակը «ողբալի» է, և որ իրենց չի հաջողվի Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքով, ուստի նրանք ակտիվորեն աշխատում են միջուկային զենքի հետ կապված ծրագրի վրա։

«Խոսքն այս ոլորտում եվրոպական բաղադրիչների, սարքավորումների և տեխնոլոգիաների գաղտնի փոխանցման մասին է: Որպես տարբերակ դիտարկվում է M51.1 սուզանավերի բալիստիկ հրթիռի ֆրանսիական TN75 փոքրածավալ մարտական հատվածը», - նշել են ԱՀԾ-ում:

Ըստ ծառայության՝ քանի որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ծրագրերը կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, նրանք ցանկանում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես, Ուկրաինան ինքն է մշակել զենքը: Սակայն, ըստ ռուսական հետախուզության, «պատասխանատվությունից խուսափելու նրանց հույսերն ապարդյուն են»:

«Գաղտնի ամեն բան անխուսափելիորեն հայտնի կդառնա: Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական, քաղաքական ու դիվանագիտական ​​շրջանակներում քիչ չեն ողջամիտ մարդիկ, որոնք հասկանում են իրենց առաջնորդների անխոհեմ գործողությունների վտանգն ամբողջ աշխարհի համար», - նշել է ծառայությունը:

Նման ծայրահեղ վտանգավոր ծրագրերը վկայում են, որ Լոնդոնը և Փարիզը «կորցրել են իրականության զգացումը», եզրափակել են ԱՀԾ-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում