Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի Ռուբիոյի հետ՝ համատեղ ավիաբազայի շուրջ լարվածության ֆոնին
3 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը փետրվարի 20-ին կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Դիեգո Գարսիա կղզում գտնվող ավիաբազայի հետ կապված պաշտպանության և անվտանգության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
2025 թ. մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնագիր է ստորագրել Չագոս արշիպելագի, այդ թվում՝ Դիեգո Գարսիայի նկատմամբ ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու վերաբերյալ։ Սակայն Դիեգո Գարսիայի ռազմաբազան առնվազն 99 տարի կմնա Վաշինգտոնի և Լոնդոնի իրավասության ներքո։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ Մեծ Բրիտանիան տարեկան միջին հաշվով 101 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի Մավրիկիոսին Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործման համար։
Վաշինգտոնն իր համաձայնությունն էր տվել համաձայնագրին, սակայն Թրամփն օրերս Սթարմերին կոչ է արել չհրաժարվել Դիեգո Գարսիայից, քանի որ այն կարող է անհրաժեշտ լինել Իրանի դեմ գործողությունների համար։
Իր հերթին, բրիտանական The Times թերթը հաղորդել է, որ Թրամփի վերջին քննադատությունը Չագոսի համաձայնագրի վերաբերյալ հնչել է այն պատճառով, որ Մեծ Բրիտանիան թույլ չի տվել իր բազաներն օգտագործել Իրանի դեմ հնարավոր հարվածների համար՝ մտահոգություն ունենալով, որ դա կարող է խախտել միջազգային իրավունքը։ Մեծ Բրիտանիան հայտնել է, որ աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող քաղաքական գործընթացին։
Դիեգո Գարսիայի բազան վերջերս օգտագործվել է Մերձավոր Արևելքում Եմենի հութիների դեմ գործողությունների և Գազային մարդասիրական օգնության համար։
Համատեղ բազան օգտագործելու պայմանների համաձայն՝ Մեծ Բրիտանիան պետք է նախապես համաձայնություն տա Դիեգո Գարսիայից դուրս ցանկացած գործողության համար։
Չագոսը Մավրիկիոսի մնացած մասի հետ բրիտանական գաղութի կազմում էր, սակայն 1965 թվականին Մեծ Բրիտանիան արշիպելագը դարձրեց առանձին վարչական միավոր։ Մավրիկիոսը երեք տարի անց անկախություն ձեռք բերեց, բայց Չագոսն այդպես էլ մնաց բրիտանական սեփականություն։ 1966 թվականին ԱՄՆ-ն վարձակալեց Դիեգո Գարսիան և այնտեղ կառուցեց ավիաբազա. արշիպելագի բոլոր 1500 բնակիչներն արտաքսվեցին։
Չագոսից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մավրիկիոսին կղզիները փոխանցելու շուրջ բանակցությունները սկսվել են 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան պարտվեց կղզեխմբի պատկանելության վերաբերյալ վեճը ՄԱԿ-ի միջազգային դատարանում: Սակայն Բրիտանիայի կառավարությունը արշիպելագը փոխանցելու իր ծրագրի մասին հայտարարել է միայն 2025 թ. հոկտեմբերին: