Մենք կանգնած ենք եռակենտրոն նոր աշխարհակարգի ձևավորման նախաշեմին. Գարիկ Քեռյանը վերլուծել է աշխարհաքաղաքական զարգացումները

7 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ այժմ նկատվում է գլոբալ մի գործընթաց, որն ուղղակիորեն նախանշում է աշխարհակարգային փոփոխություններ, և այդ գործընթացը հիմնականում պայմանավորված է երեք հիմնական գործոններով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանն անդրադարձավ վերջին շրջանում տեղի ունեցող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ուժային կենտրոնների հարաբերակցությանն ու նոր աշխարհակարգի ձևավորման նախադրյալներին։  

«Գլոբալ մոտեցումներում էական փոփոխությունների հանգեցնող առաջին գործոնն այն է, որ մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը, երբ քաղաքագիտական շրջանակները խոսում էին նոր աշխարհակարգի մասին, նշում էին հավաքական Արևմուտք կոչվող միասնական բևեռի էական դերակատարությունը։ Դրա տակ հասկացվում էր ուժային կենտրոններից մեկի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միասնական համախումբը։ Այդ դաշնակիցներից մի քանիսը միավորված էին նաև Եվրամիության մեջ։ Երկրորդ անգամ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն կտրուկ կերպով փոխեց իր մոտեցումները ռուս-ուկրաինական պատերազմի հարցում»,- նշեց Քեռյանը։  

Նրա դիտարկմամբ՝ եթե նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակարգը Միացյալ Նահանգների ուսերին էր դրել պատերազմի ծախսերի հիմնական բեռը, ապա Թրամփը՝ որպես գործարար և բիզնես շրջանակների շահերն արտահայտող նախագահ, կատարեց պարզ բիզնես հաշվարկ՝ գտնելով, որ 220-230 միլիարդ դոլարի ներդրումները չեն համապատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին, ուստի հայեցակարգային փոփոխության ենթարկեց արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա բացառապես իր շահերի, տնտեսական օգուտների և արևմտյան կիսագնդի վրա։

Քեռյանը հավելեց, որ գլոբալ փոփոխություններ նախանշող երկրորդ գործոնը պայմանավորված է միասնական արևմտյան բևեռի երկու բաղադրիչների միջև առաջացած որոշակի տարաձայնություններով, որոնց մասին անվտանգության մյունխենյան համաժողովում խոսեցին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։  

«Ներկա գործընթացների պարագայում ԱՄՆ-ն Ուկրաինային զենք է տալիս միայն ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների գումարով ու, կատարելով շրջադարձային քայլ, ցանկանում է նպաստել, որպեսզի ընթացիկ տարում արագ կերպով պատերազմը դադարի, սակայն այդ մոտեցմանը դեմ են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան՝ պահանջելով անվտանգային հավելյալ երաշխիքներ Ուկրաինայի համար»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի կարծիքով՝ երրորդ կարևոր գործոնը կապված է Չինաստանի դերի բարձրացման և տնտեսական ներուժի բազմապատկման հետ։ Նույնիսկ պատերազմող Ռուսաստանն, ըստ Քեռյանի, ստիպված է շատ ու շատ հարցերում գնալ զիջումների և նոր հնարավորություններ տրամադրել Չինաստանի տնտեսական էքսպանսիայի համար այն գոտիներում, որոնք ավանդաբար եղել են ԽՍՀՄ-ի, այնուհետև Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտիները։  

«Փաստացիորեն երեք աշխարհաքաղաքական կենտրոններ համագործակցային կամ մրցակցային ձևաչափով բավականին արագ ու դինամիկ կերպով առաջնային տեղ են գրավում համաշխարհային գործընթացներում։ Քաղաքագետների զգալի հատվածն արդեն գրում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո մենք ականատես կլինենք եռակենտրոն աշխարհի ձևավորմանը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի, որոնց ներուժը հիմնականում խարսխված կլինի ջերմամիջուկային զենքի տիրապետման պոտենցիալի վրա, իսկ կոնկրետ ԱՄՆ-ի ու Չինաստանի պարագայում՝ նաև տնտեսական կարողությունների վրա»,-ասաց քաղաքագետը։   

Նրա կարծիքով՝ տեղի ունեցող զարգացումների համատեքստում զգալիորեն նվազում է միջազգային այն կառույցների դերակատարությունը, որոնք Թրամփի իշխանության գալուց առաջ ունեին որոշակի կշիռ, և դա, ըստ նրա, հատկապես վերաբերում է ՄԱԿ-ին։

«Այդ կազմակերպությունն արդեն 3-4 տասնամյակ գտնվում է ճգնաժամի մեջ, նրա ընդունած որոշումները չեն կատարվում, Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից յուրաքանչյուրն ամեն առիթով օգտագործում է վետոյի իր իրավունքը։ Նույնիսկ Մեծ յոթնյակի շրջանակում կայացվող որոշումներն ունեն իրականացման ավելի մեծ ռեսուրս և հնարավորություններ, քան ՄԱԿ-ի դեպքում։ Եթե վերոհիշյալ գործընթացներն ավարտվեն, ապա ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումից հետո նոր եռաբևեռ աշխարհի յուրաքանչյուր կենտրոնի ազդեցության տակ կլինեն նաև այլ ազդեցիկ տարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, իսկ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների դերն էականորեն կնվազի»,- ասաց Քեռյանը։   

Անդրադառնալով այն հարցին, թե գլոբալ ու դինամիկ զարգացումները, որոնք ակտիվորեն տեղի են ունենում մեր օրերում, կուղեկցվեն պատերազմներո՞վ, թե՞ համաձայնությունների ձեռքբերմամբ, Քեռյանը կատարեց համեմատական վերլուծություն։

«Ելնելով նախկին երկբևեռ աշխարհի փորձից, որի հիմնական հատկանիշը կայունությունն էր, կարելի է ասել, որ «սառը պատերազմի» դարաշրջանը բնորոշվում էր հենց այդ իրողությամբ, քանի որ յոթ տասնամյակների ընթացքում, չնայած սուր հակասություններին, նույնիսկ միջուկային պատերազմի սանձազերծման վտանգին, ինչպիսին էր Կարիբյան ավազանի ճգնաժամը, ամեն դեպքում երկու բևեռներն՝ ի դեմս ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի, պահպանեցին խաղի կանոնները և վերջին կետում չգնացին համաշխարհային պատերազմի»,-  նշեց մեր զրուցակիցը։

Քեռյանի կարծիքով՝ հիմա աշխարհակարգն անկայուն է, եռակենտրոն կայունության ձեռքբերումից հետո անխուսափելիորեն տեղի կունենա շահերի և ազդեցության գոտիների բաժանում։

«Այդ պրոցեսում ուժային կենտրոնները կունենան մեկը մյուսի ազդեցության կամ շահերի գոտիներ չներխուժելու ջենթլմենական համաձայնություններ։ Հենց որ տեղի ունենա նման իրողություն, մենք կունենանք եթե ոչ հավերժ, ապա գոնե մի քանի տասնամյակ կամ ավելի երկար ժամանակաշրջան ընդգրկող կայուն աշխարհակարգ»,- եզրափակեց քաղաքագետը։  

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ