Տնտեսություն

Հայաստանում 2025 թվականին ինքնավար էներգաարտադրողների էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունն ավելացել է մոտ 220 մեգավատով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականին ինքնավար էներգաարտադրողների էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունն ավելացել է մոտ 220 մեգավատով

Հայաստանում 2025 թվականին ինքնավար էներգաարտադրողների քանակն ավելացել է 18810-ով, իսկ վերջիններիս էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը մոտ 220 մեգավատով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 16-ի ասուլիսում հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունքում 2025 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանների և վերականգնվող այլ ռեսուրսների կիրառմամբ գործող կայանների կողմից արտադրված էլեկտրական էներգիայի տեսակարար կշիռն ընդհանուր արտադրության մեջ կազմել է շուրջ 23.4 տոկոս՝ 2024 թվականի 21.1 տոկոսի համեմատությամբ:

Ինքնավար էներգաարտադրության զարգացմանն ուղղված հանձնաժողովի իրավակարգավորումների շարունակական բարեփոխումների արդյունքում վերջին տարիներին հատկապես շոշափելի է վերականգնվող էներգետիկայի բնագավառի այս հատվածում արձանագրվող աճի ցուցանիշները: Մասնավորապես, եթե ոլորտի զարգացման մեկնարկային ժամանակահատվածում՝ 2016 թվականին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքեր են իրականացրել ընդամենը 16 ինքնավար էներգաարտադրողներ՝ էլեկտրակայանների ընդամենը 200 կիլովատ ընդհանուր դրվածքային հզորությամբ, ապա 2024 թվականի վերջին ինքնավար էներգաարտադրողների քանակը կազմել է 31249, որոնց էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը կազմել է 420.5 մեգավատ: Իսկ ահա 2025 թվականի ավարտին ինքնավար էներգաարտադրողների քանակը 50059 բաժանորդ, որոնց էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը կազմել է 640.1 մեգավատ: Այսպիսով, միայն 2025 թվականի ընթացքում ինքնավար էներգաարտադրողների քանակն ավելացել է 18810-ով, իսկ վերջիններիս էլեկտրակայանների ընդհանուր դրվածքային հզորությունը մոտ 220 մեգավատով»,- նշեց բանախոսը:      

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում