Podcast-Հարց բժշկին. Օվիեդոյի կոնվենցիան՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք
6 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Օվիեդոյի կոնվենցիա, առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միակ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միջազգային փաստաթուղթն է։ Այն ամրագրում է պացիենտի իրազեկված համաձայնության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, բժշկական գաղտնիքի և մարդու գերակայության սկզբունքները։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանն ընդգծեց՝ այն առաջին և մինչ օրս միակ միջազգային փաստաթուղթն է, որը սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ ինչպես ամենօրյա բժշկական պրակտիկայի, այնպես էլ առողջապահության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության համար։

Նրա գնահատմամբ՝ փաստաթղթի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ բժշկական էթիկան բարոյական հարթությունից տեղափոխում է իրավական դաշտ։ Հայաստանում դրա արտահայտություններից են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների ներդրումն ու համապատասխան հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակը ոչ թե պատժիչ գործառույթ իրականացնելն է, այլ համակարգային բարեփոխումների խթանումը։
Նրա խոսքով՝ առանձին բուժաշխատողի կողմից թույլ տրված էթիկական խախտումը կարող է ունենալ համակարգային պատճառ, իսկ հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացություններն ու առաջարկությունները կարող են նպաստել առողջապահական համակարգում կառուցվածքային փոփոխությունների՝ ի շահ պացիենտի և համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման։
«Կոնվենցիան հաճախ անվանում են «պացիենտների իրավունքների խարտիա» կամ «բժշկական էթիկայի եվրոպական սահմանադրություն»՝ դրա բովանդակային ընդգրկունության պատճառով։ Փաստաթղթի առանցքային սկզբունքներից են բժշկական գաղտնիքը և պացիենտի իրազեկված համաձայնությունը, որոնք հանդիսանում են պացիենտի ինքնավարության, արժանապատվության և հիմնարար ազատությունների բաղկացուցիչ մաս։ Կոնվենցիայի առաջին և հիմնական սկզբունքը մարդու գերակայությունն է՝ մարդու շահերը միշտ գերակա են հասարակության և գիտության շահերի նկատմամբ»,- նշեց նա:
Անդրադառնալով բժշկական գաղտնիքին՝ Կատվալյանը նշեց, որ թեև կոնվենցիան ուղղակիորեն չի սահմանում բժշկական գաղտնիքի կարգավորումներ, այն ամրագրում է յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, որն ընդգրկում է նաև առողջության վերաբերյալ տվյալների պաշտպանությունը։
«Առողջապահական տվյալները համարվում են առավել զգայուն տվյալներից և ենթակա են հատուկ պաշտպանության մեխանիզմների։ Կոնվենցիայի վավերացումը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները առողջապահության ոլորտում, ներառյալ բժշկական գաղտնիքի պատշաճ պահպանումը»,- ասաց ծրագրի ղեկավարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում մշակվել է բժշկական գաղտնիքի պատշաճ մշակման գործնական ուղեցույց բուժաշխատողների համար, սակայն կարևոր է նաև վարքագծային փոփոխությունը թե՛ բուժաշխատողների, թե՛ պացիենտների շրջանում։ Որպես օրինակ նա նշեց այն դեպքերը, երբ բուժաշխատողը գաղտնի տեղեկատվության քննարկման ժամանակ խնդրում է հարազատներին դուրս գալ սենյակից, ինչը երբեմն դժգոհություն է առաջացնում, սակայն բխում է գաղտնիության պահպանման պարտավորությունից։
Կոնվենցիան սահմանում է նաև բացառիկ դեպքեր, երբ բժշկական գաղտնիքի սահմանափակումը կարող է համարվել իրավաչափ՝ հանրային անվտանգության, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանրային առողջության վտանգի կանխարգելման կամ հանցագործությունների կանխման նպատակով։ Հայաստանում բժշկական գաղտնիք պարունակող տվյալները կարող են տրամադրվել այլ բուժաշխատողների՝ բուժօգնության կազմակերպման նպատակով, իրավասու պետական մարմիններին՝ օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև պացիենտի օրինական ներկայացուցչին, եթե վերջինս չի կարող ինքնուրույն համաձայնություն տալ։ Միաժամանակ բժշկական գաղտնիքի ապօրինի բացահայտումը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն։
Կրթության և շարունակական մասնագիտական զարգացման կարևորության մասին խոսելով՝ Կատվալյանը նշեց, որ վարքագծային փոփոխությունը պետք է սկսվի կրթական վաղ փուլերից։
«Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացում արդեն ներառված են մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ դասընթացներ, իսկ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները պարտադիր բաղադրիչ են հնգամյա վերապատրաստման գործընթացում»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ ծրագրի ղեկավարը նշեց, որ կոնվենցիան կարևոր է ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների համար։ Այն պաշտպանում է նաև խոցելի խմբերին, նպաստում է առողջապահական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը և, լայն իմաստով, սոցիալական պետության զարգացմանը։ Նրա խոսքով՝ առողջ մարդն առողջ հասարակության հիմքն է, իսկ առողջ հասարակությունը՝ երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայմանը։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
