Միացյալ Նահանգներ

ԱՄՆ փոխնախագահի այցը լրացուցիչ ներդրումային ուշադրություն է առաջացնում Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահի այցը լրացուցիչ ներդրումային ուշադրություն է առաջացնում Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխանախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում ձևավորված հանրային մթնոլորտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Միացյալ Նահանգների փոխանախագահի այցը, այն էլ՝ Ջեյ Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար, Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ Վենսի այցի արդյունքներով արձանագրվեց ԱՄՆ մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն։

«Մենք առաջին անգամ ԱՄՆ հետ պաշտպանության ոլորտում իրականացնում և իրականացնելու ենք համագործակցություն։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչն, իրականում, խաղաղության օրակարգի արդյունքներն են»,- նշեց վարչապետը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստանում էր փետրվարի 9-10-ը։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան էր ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը, ընդլայնված կազմերով հանդիպումը, ինչպես նաև մամուլի ասուլիսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում