Վիլյամ Սարոյանի հիմնադրամը ԳԱԹ-ին և Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրեց գրողի նկարներից երկուսը
4 րոպեի ընթերցում

Վեց ամիս շարունակ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) այցելուները հնարավորություն ունեին նորովի բացահայտելու ամերիկահայ ականավոր գրող Վիլյամ Սարոյանին։
ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ ԳԱԹ-ում կազմակերպված «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցահանդեսում ներկայացված էին Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքներ, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը հեղինակը հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 6-ին, հիմնադրամը նկարներից մեկը նվիրեց թանգարանին, մեկ այլ նկար էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահին։
«Հարստացել էինք հարյուրից ավելի ինքնատիպ ստեղծագործական աշխատանքներով, որոնց միջոցով հնարավոր եղավ բացահայտել նկարիչ Սարոյանին։ Այստեղ է, որ արվեստը գալիս է օգնության՝ ավելի խորը հասկանալու գրականությունը և հակառակը։ Վիլյամ Սարոյանն իր նկարչական աշխատանքների զգալի մասը ստեղծել է գրական ստեղծագործություններին զուգընթաց և դրանցում արտացոլվում են Սարոյան գրողի, Սարոյան նկարչի ամենաանկեղծ ու խորը ապրումները»,-նշեց ԳԱԹ-ի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։

Ցուցադրության փակումից հետո Սարոյանի աշխատանքները վերադառնալու են ԱՄՆ, սակայն «Վիլյամ Սարոյան» հիմնադրամն ու թանգարանը կնքում են համագործակցության հուշագիր, որի շրջանակում այդ նախաձեռնությունը կդառնա ամենամյա։ Յուրաքանչյուր տարի թանգարանը Սարոյանին կանդրադառնա յուրօրինակ դիտանկյունից՝ որպես գրողի, որպես հայի, որպես նկարչի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց կառույցների միջև համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս ճանաչել, տեսանելի դարձնել Սարոյանին տարբեր տեսանկյուններից։ «Սարոյանն իր արժեքներով, վարքագծով ավելի քան արդիական է մեր օրերում։ Նա ինձ տվել է մարդ լինելու ամենակարևոր դասերը։ Ըստ իս՝ կարևոր է ավելի խորությամբ և տարբեր կողմերից կարողանալ ճանաչել նրան։ Նկարների միջոցով Սարոյանին բացահայտելը նոր փորձառություն էր մեզ համար։ Այդ փորձառությունն անպայման պետք է շարունակություն ունենա»,-ընդգծեց նա։

2025-ին «Սարոյան» հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն է նվիրել Սարոյանի նկարներից մեկը՝ ստեղծված 1973 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նկարը նվիրեց ԳԱԹ-ին՝ նշելով, որ նկարի համար ավելի լավ հանգրվան, քան թանգարանն է, չի կարող լինել։
Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը հիշեցրեց, որ Սարոյանը խոսել, սակայն չի գրել հայերեն, իսկ սեպտեմբերի 21-ին ստեղծված նկարում նա փորձել է պատկերել հայերենի այբուբենը։

Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նա շեշտեց, որ վերջին քառասուն տարում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը լավագույն ցուցահանդեսն է, որին այցելել է։
«Ինձ հետ ԱՄՆ եմ տանելու այս նկարները, սակայն դրանցից երկուսը կմնան Հայաստանում։ Կտավներից մեկը, որը նվիրում ենք ԳԱԹ-ին, Սարոյանը նկարել է ապրիլի 24-ին։ Նկարներից մեկը, որը կրկին ներկայացված է ցուցադրությունում, նվիրում ենք Հայաստանի ազգային պատկերասրահին»,-ասաց Սեդրակյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին՝ իրենց կողքին լինելու և ցուցադրության կազմակերպմանը սատարելու համար։
Թանգարանում ամփոփվեցին նաև «Սարոյանական գույներ. բառերից անդին» ցուցադրության շրջանակում անցկացված մանկական մրցույթի արդյունքները։ Հայտարարվեցին հաղթողների անունները։