Հատուկ նախագծեր

«Բելգիայի հայտնի հայերը». հայկականությունը հոգեբան Լիզա Աբաջյանի ինքնության մի մասն է

19 րոպեի ընթերցում

«Բելգիայի հայտնի հայերը». հայկականությունը հոգեբան Լիզա Աբաջյանի ինքնության մի մասն է

«Բելգիայի հայտնի հայերը» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է հիշողության մի պատմություն՝ լի լռություններով ու «չասվածով», որտեղ ցավը հաճախ փոխանցվում է ոչ թե խոսքերով, այլ առօրյայի մանրուքներով։

Հոգեբան Լիզա Աբաջյանը «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր ընտանիքի անցած ճանապարհի մասին՝ Ցեղասպանությունից հետո սկսված գաղթի պատմությունից մինչև Բելգիայում հաստատվելը։ Այնթապից ու Ադանայից դեպի Եգիպտոս, Բեյրութ ու Փարիզ, ապա՝ Անտվերպեն և Բրյուսել. այս ուղին միաժամանակ պատմում է վերապրելու և վերակերտման մասին՝ աշխատանքի մշակույթ, դիմացկունություն, ինքնության պահպանում։ Իսկ զրույցի խորքում մեկ հարց է՝ ինչպես փոխանցել պատմությունը՝ առանց տրավման փոխանցելու։

-Ներկայացրեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի պատմությունը, ինչպե՞ս և որտեղի՞ց է այն  հասել Բելգիա:

-Ինչպես շատերի դեպքում է սփյուռքում, նրանք անցել են Ցեղասպանության ծանր փորձության միջով, հատկապես հորս կողմը։ Ծնողներիս պատմությունը գաղթի, տեղահանության ու բազմակի տեղափոխությունների երկար ճանապարհի մասին է։ Հորս կողմը Այնթապից է, մորս կողմը՝ Ադանայից։ Մայրս մեծացել է Եգիպտոսում, հայրս՝ Բեյրութում։

Հայրս մեծացել է ծայրահեղ աղքատության մեջ՝ ծնողների հետ։ Նա 14 երեխաներից երկրորդն էր․ ընտանիքում մանկական մահացությունը շատ մեծ էր։ Բազմազավակ ընտանիքն ապրել է երկու սենյականոց բնակարանում։ Հայրս քիչ է սովորել՝ միայն տարրական դպրոցում։ Նա պատմում էր, որ հաճախ առավոտից մինչև երեկո ուտում էին միայն հաց ու ձիթապտուղ։ Նա շատ վաղ տարիքից սկսել է աշխատել ծնողներին օգնելու համար։

17 տարեկանում նա ապրեց մի ողբերգություն, որը խորը հետք թողեց նրա ամբողջ կյանքի վրա։ Նրա 14-15 տարեկան քրոջ՝ Մարիի մոտ գլխուղեղի ուռուցք հայտնաբերվեց։ Լիբանանի բժիշկները ասում էին՝ չեն կարող օգնել, բայց, գուցե, ֆրանսիացի բժիշկները կարողանան փրկել։ Հայրս մորն ու հիվանդ քրոջը ուղեկցեց Փարիզ՝ ռազմական նավով։ Ինքը քնում էր նավի պահեստային հատվածներում, իսկ մայրը և քույրը՝ բուժկետում։

Հայրս հաճախ էր կրկնում, թե որքան դժվար է քնելը, երբ սոված ես, իսկ ինքը իսկապես սով է տեսել։ Մեր տանը, երբ խորոված հավ էինք ուտում, մայրս միշտ երկու հատ էր պատրաստում, որ հաջորդ օրն էլ մնա։ Եվ հայրս ասում էր.

«Երեք հոգի ենք ու երկու հավ ենք ուտում, իսկ մենք տասներկուսով մեկ հավ էինք ուտում… միայն տոն օրերին»։

Ծանր կյանքի, աղքատության հետևանքով վնասվել էին նրա ատամները, եղունգները։ Հետագայում, իհարկե, կարողացավ կարգի բերել, բայց կյանքը շատ դժվար էր եղել։ Եվ այդ ամենին ավելացավ ողբերգությունը․ մինչև գումար հավաքեցին, ճանապարհը կազմակերպեցին, քրոջը հասցրին Փարիզ… նա այնտեղ մահացավ երկու օր անց։  

Մայրը կոտրված էր և ուզում էր դին վերադարձնել Բեյրութ՝ երեխային իր կողքին թաղելու համար։ Հայրս՝ շփոթված ու անօգնական, մտածում էր՝ ինչպես պիտի վճարի նրանց վերադարձը։ Բայց ինքը ուզում էր մնալ։ Նա ասում էր. «Այստեղ Եվրոպա է», կարծես՝ մի տեղ, որտեղ կան կանոններ, կարգ ու հնարավորություն՝ կյանք սկսելու։ Այդպես էլ նա մնաց Փարիզում։

Քանի որ աշակերտ էր եղել, Լիբանանում աշխատում էր գրեթե անվճար և միշտ չէ, որ վարձատրում էին։ Ղեկավարն ասում էր. «Վաղը կվճարեմ… վաղը…», և այդ «վաղ»-ը կարող էր դառնալ երեք շաբաթ, մեկ ամիս կամ երբեք։ Հայրս ինքն իրեն ասաց. «Այստեղ գոնե կանոն կա, ժամն էլ ժամ է»։  

Հետագայում նա աշխատեց ոսկերչության ու ադամանդագործության ոլորտում։ Նրա հայրը ոսկերիչ էր, այնպես որ որոշ հիմքեր ուներ։ Սկզբում աշխատեց սինթետիկ քարերով, հետո զարգացրեց։ Վերջապես կարողացավ ոտքի կանգնել, բայց Փարիզում էլ հեշտ չէր։

Նա մենակ էր ապրում՝ ընտանիքից հեռու, հին շենքի ամենավերևում գտնվող փոքր սենյակում։ Թաղամասը էժան էր, վարձը՝ ցածր։ Միայն մեկ լվացարան կար․ զուգարանները ընդհանուր էին՝ ներքևում, առանց լոգարանի։ Նա ինձ ասում էր.

«Դու չգիտես՝ մարդ ինչքան բան կարող է անել լվացարանի մեջ»։

Լվացք էր անում, ուտելիք էր պատրաստում, լվացվում էր՝ ամեն ինչ լվացարանի օգնությամբ։ Նա պատմում էր նաև տոների ժամանակ մենակության մասին՝ Սուրբ Ծնունդ, Նոր Տարի… Իմ «եվրոպական» մտածողությամբ ես հարցնում էի՝ «Բայց ընկերներ չունեի՞ր»։ Նա պատասխանում էր.

«Դու հարուստի աղջկա պես ես մտածում։ Ընկերները թանկ հաճույք են․ պետք է դուրս գաս, ռեստորան գնաս, խմիչք առնես։ Ես իմ ունեցած գումարը ուզում էի ուղարկել ընտանիքիս։ Ինքս էլ հազիվ էի գոյատևում։ Ուրեմն՝ ոչ, սոցիալական կյանք չկար»։

Ահա այսպես։ Ես աշխատավորների ընտանիքից եմ գալիս։ Աշխատանքի մշակույթը և շատ կարևոր արժեքներ հիմնականում հորիցս եմ ստացել։

-Իսկ մայրիկի կողմը՞։

-Մորս կողմում միջավայրը շատ ավելի ապահով ու բարեկեցիկ էր։ Նա մանկությունից լավ հիշողություններ ուներ։ Երեք աղջիկներից ավագն էր։ Մեծացել է Եգիպտոսում և սովորել է անգլիական մասնավոր դպրոցում։ Տնային սպասավորը նրան ուղեկցում էր դպրոց։ Նրա հայրը բելգիական ընկերությունում հաշվապահ էր և լավ էր վաստակում։ Եգիպտոսում ապրելու տարիներին նրանք շատ հարմարավետ կյանք ունեին։ Հետո, երբ ռեժիմը փոխվեց, նրանք հեռացան։

Կարծեմ, Փարիզ մեկ ճամփորդության ժամանակ է, որ մայրս հանդիպում է հորս։ Հետո նրանք հաստատվում են Անտվերպենում։ Այն ժամանակ ադամանդի աշխարհը  կամ Անտվերպենն էր, կամ Փարիզը։ Հայրս մորս ասել է. «Դու կարող ես ընտրել՝ ես կարող եմ աշխատել թե՛ Փարիզում, թե՛ Անտվերպենում»։ Մայրս նախընտրել է Անտվերպենը։ Քույրերս Անտվերպենում են ապրել։ Տասներեք տարի անց՝ հենց իմ ծնվելուց առաջ, նրանք տեղափոխվել են Բրյուսել, որովհետև Անտվերպենը ավելի ու ավելի շատ ֆլամանդական» էր դառնում։ Հորս համար առաջնահերթությունը երեխաներն էին, ընտանիքը։

-Ձեր հայրը ադամանդի ոլորտում աշխատե՞լ էր արդեն։

-Այո։ Նա արդեն աշխատում էր, երբ հանդիպեց մորս։ Նա արդեն դուրս էր եկել աղքատությունից և աշխատում էր որպես փոքր ադամանդագործ։ Նա մորիցս 12 տարով մեծ էր։

-Միշտ նշում եք, որ ընթրիքի սեղանի շուրջ շատ խոսակցություններ եք ունեցել Ձեր ծնողների հետ։ Հայկական ինքնությունը կենտրոնակա՞ն տեղում էր։

-Ծնողներս իրար հետ հայերեն էին խոսում․ հայերեն էին վիճում, հայերեն էին գաղտնիքներ պատմում։ Ես հիմնականում պասիվ հասկանում էի։

Հայրս շատ խարիզմատիկ էր, համոզվածություններով լի։ Նա ուզում էր, որ ես «բելգիացի լինեմ՝ բելգիացիներից էլ բելգիացի»։ Չեմ խոսի քույրերիս փոխարեն, բայց իմ դեպքում՝ այո։ Քույրերս ավելի շուտ են մեծացել և տեսել են ավելի խիստ հայր։ Ես ավելի շատ տեսել եմ «քաղցր հայրիկին»՝ կյանքի վերջում, շատ սիրառատ։

Մենք երկար ժամանակ երեքով ենք եղել։ Քույրերս շուտ են ամուսնացել ու շուտ հեռացել։ Ես, կարծես, ծնողներիս «ծերության հենարանն» էի։ Ես միշտ նույն շրջակայքում եմ մեծացել՝ Իքսելի հարավում, Էռնեսթին պողոտայի շրջանում։ Եվ այնտեղ էլ կավարտեմ կյանքս. ծնողներս թաղված են Իքսելի գերեզմանատանը, որտեղ մի օր ես էլ կլինեմ։

Հայկականությունը կենտրոնական էր, բայց հետաքրքիր հակասությամբ։ Հայրս ուզում էր առավելագույն ինտեգրում։ Մայրս ուզում էր, որ հայերեն խոսեմ։ Հայրս ասում էր. «Ինչի՞ համար է իրեն պետք հայերենը։ Թող հոլանդերեն ու անգլերեն սովորի՝ դրանք են օգտակար»։ Նրա մոտ միշտ առաջնային էր ապագան՝ հաջողել, հարմարվել, ինտեգրվել։ Ես նրանց հայերենը հասկանում էի՝ գոնե իրենցը։

Նրանք նաև շատ անհանգիստ էին՝ ինչպես պատմությունը փոխանցել առանց տրավման փոխանցելու։ Ես գիտեի խաչքարի մասին, «մեկ ու կես միլիոն», 1915, Օսմանյան կայսրություն… Գիտեի հիմնականը։ Բայց մանրամասները շատ ուշ իմացա, որովհետև նրանք ինձ պաշտպանել էին։

Հայրս հաճախ փորձում էր հարաբերականացնել. «Մարդկությունն անմարդկային է… մարդը մարդու առաջ գայլ է։ Այս աշխարհում շատ սարսափներ կան։ Սա միայն հայերին չի պատահել»։ Նա փորձում էր ամեն ինչ անել, որ ես չխեղդվեմ սարսափի մեջ։

Երբ ավելի մեծացա ու սկսեցի իսկապես կարդալ, ես նույնիսկ քունս կորցրեցի։ Ամուսինս, որի մեջ էլ մի փոքր հայկական արյուն կա, առաջին անգամ ինձ տարավ Հայաստան 2007 թվականին։

Մենք սովոր էինք “city trip”-երի․ առավոտը նստում էինք սրճարանում, ուղեցույցները կարդում, յուրաքանչյուրս իր ծրագիրն էր կազմում, հետո միացնում էինք։ Այդ օրը նա ծրագիրն էր կազմում, իսկ ես անդադար շուրջս էի նայում։ Նա ասաց. «Ի՞նչ ես անում։ Ասա՝ ուր ես ուզում այցելել»։ Ես պատասխանեցի. «Մարդկանց եմ նայում»։ Նա՝ «Ի՞նչ ես այդքան նայում»։ Ես ասացի. «Կյանքումս այսքան հայ չեմ տեսել»։

Հայերեն լսելն ամենուր շատ ուժեղ զգացում էր։ Ես նույնիսկ ուղեցույցը չէի կարդում։ Ասացի նրան. «Ուր ուզում ես՝ գնանք, ես քեզ վստահում եմ»։ Ամեն ինչ տեսանք, բայց ազդեցությունն ահռելի էր։

Ամուսինս մեծ դեր խաղաց․ նա էր, որ ինձ գնեց առաջին գրքերը հայերի պատմության մասին։ Եվ, երբ ես սկսեցի խորությամբ կարդալ…մղձավանջներ էի տեսնում։ Հասկանալ, թե ինչ են ապրել նախնիներս, մարդկայինի հակառակ կողմը… դա ծանր է։ Մենք միակը չենք, իհարկե, բայց սա խորապես կապված է հոգետրավմայի հետ։

-Դուք արդեն հոգեբա՞ն էիք այդ ժամանակ։

-Այո, և դա շատ հետաքրքիր էր։ Ես սկսեցի ուսումնասիրել, կարդալ։ Իմ ուսման տարիներին «հոգետրավմայի կլինիկա»-ն այսօրվա իմաստով շատ զարգացած չէր․ հիմնականում խոսվում էր անհատական տրավմաների մասին (հարձակում, բռնություն, շահագործում), ոչ թե կոլեկտիվ տրավմաների։

Գրականության մեջ, հատկապես Շոահից հետո, կային մեծ աշխատանքներ փոխանցման վերաբերյալ՝ ինչ ենք փոխանցում, ինչպես ենք փոխանցում։ Եվ եզրակացությունը հաճախ նույնն է՝ մենք միշտ փոխանցում ենք, ուզենք թե չուզենք։ Եթե ոչ բառերով, ապա անասելիով, «ինֆրա-բառայինով», անգիտակցականով։  Նույնիսկ լռության դեպքում ինչ-որ բան կա՝ «սև անցք», գաղտնիք, հուզական ծանրություն։ Մայրս Ցեղասպանության մասին չէր խոսում, բայց նա լաց էր լինում․ դա էր փոխանցվում։

Հիշում եմ՝ մոտ 12 տարեկան էի, երբ Holocauste ֆիլմը հեռուստացույցով ցուցադրում էին։ Դպրոցը զգուշացրել էր՝ դժվար է, կարող եք ծնողների հետ դիտել։ Ես ուզեցի նայել։ Մայրս ասաց. «Ինչի՞ համար ես ուզում նման սարսափներ դիտել, դեռ փոքր ես»։ Բայց ես պնդեցի… և, իհարկե, դա նրանց պատմությունը վերաարթնացնում էր՝ ամբողջ ժողովրդի ոչնչացման փորձը։

-Այսօր հոգեբանի Ձեր աշխատանքում հայկականությունն ինչ դեր ունի՞։

-Կարծում եմ՝ դա իմ ինքնության մաս է կազմում։ Աշխատանքում, գուցե, մի առանձնահատուկ զգայունություն՝ հոգետրավմայի հետ կապված տառապանքների ու ախտանիշների նկատմամբ։ Իսկ անձնական կյանքում՝ շատ մեծ դեր։

Ծնողներս շատ ներգրավված էին համայնքային կյանքում՝ Բելգիայի հայերի տարբեր կոմիտեներում, ասամբլեաներում։ Ես էլ երկար տարիներ նրանց ճանապարհով գնացի։ Նրանք շատ ընկերներ ունեին, և շատ խորապես ներգրավված էին համայնքի մեջ։ Երբ ես մեծանում էի, համայնքն ավելի փոքր էր․ մի քանի ընտանիք, բոլորը բոլորին ճանաչում էին, հանդիպում էին «հայկական ակումբում»։ Երեխաներն ու պատանիները բոլորն իրար ճանաչում էին։  

-Այսօր Ձեզ համար ի՞նչ է նշանակում հայկականությունը։  

-Դա մշակութային հարստություն է, ժառանգություն, ծանր պատմություն։ Իհարկե,  Ցեղասպանությունը կա, բայց ոչ միայն դա։ Կարևոր է, որ Հայաստանը միայն Ցեղասպանությամբ չհիշենք։ Այսօր կան այլ մտահոգություններ։   

Եթե պետք է կենաց ասեմ, օրինակ, առաջինը՝ բոլորի առողջության համար, երկրորդը՝ որ Հայաստանը մնա կայուն, անվտանգ։ Մենք շատ անհանգիստ ենք։ Հայկականությունը միշտ ներկա է։  

Դուք ի՞նչ եք փորձել փոխանցել Ձեր երեխաներին:

-Փոխանցելը շատ կարևոր է։ Իմ ծնողները երկուսն էլ հայ էին։ Իմ երեխաների դեպքում ավելի բարդ է՝ նրանք բազմամշակութային խառնուրդ են։

Բարեբախտաբար, ամուսնուս կողմում նույնպես հայկական գիծ կա, ու ոչ սովորական։ Նա շատ հպարտ էր այդ ժառանգությամբ։ Նրա տատիկի՝ Գիսլեն դ’Արշոյի տոհմում հայկական արմատ կա՝ կապված Բողոս Նուբարի հետ, որը հիմնադրել է Հայկական բարեգործական միությունը։ Բոլորը մեր ընտանիքում լավ գիտեին հայերի պատմությունը։

Իմ սկեսրայրը անգլիացի էր, շատ կրթված, Queen’s Guard-ում ծառայած, գեներալ Դերմոթ Բլանդել… Նա նույնպես շատ լավ գիտեր այդ պատմությունը։ Մենք շատ մտերիմ էինք։

Երեխաներս մեծացել են այդ ամենի մեջ՝ անգլիական ժառանգություն, իմ կողմը, և հատկապես մորս ժառանգությունը, որը շատ էր օգնում նրանց մեծացնելու հարցում։ Հայրս շուտ մահացավ։ Մայրս նրանց համար երկրորդ մայր դարձավ։ Նրա շնորհիվ ես կարողացա աշխատել ու կարիերա ունենալ։

-Ձեր երեխաները ի՞նչ են վերցրել հայկականությունից:

-Պետք է նրանց հարցնել։ Ես շաբաթ օրերին նրանց տարել եմ հայկական դպրոց։ Աղջիկս ավելի համբերատար էր, տղաս՝ ավելի ըմբոստ։ Ասում էր. «Դու ինձ ստիպում ես շաբաթ օրը ևս դպրոց գնալ։ Ես արդեն հինգ օր նստել եմ նստարանին, էլ չեմ ուզում շաբաթն էլ այդպես անցնի»։

Ես երազում էի ավելի խաղային մեթոդով ուսուցման մասին, բայց դա շատ լավ չստացվեց։ Ես նրանց հատկապես փոքր տարիքում էի մղում, որովհետև գիտեի՝ մեծանալուց հետո այլևս չեն ուզենա։ Նրանք մի քիչ հասկանում են, և Հայաստան գնալուց շատ ուրախանում են։ Նրանք նաև հայ ընկերներ ունեն։ Իրենց ինքնությունը խառն է՝ ոչ միայն բելգիական, ոչ միայն անգլիական, կա նաև ավստրո-հունգարական ժառանգություն՝ հորական տատի կողմից։ Իմ դեպքում ավելի պարզ էր, նրանց դեպքում՝ ավելի բարդ է։

-Դուք նաև քաղաքականությամբ եք զբաղվել։ Ինչո՞ւ էր դա կարևոր։

Որովհետև ես միաժամանակ շատ հայ եմ և շատ բելգիացի, ինչպես Ազնավուրը կասեր։ Ես մասնակցում եմ այստեղի կյանքի ընթացքին։ Ամեն ինչ սկսվեց սոցիալական ցանցերում “Good Move”-ի դեմ ակտիվությամբ։ Ինձ թվում էր, որ որոշ էկոլոգիական մոտեցումներ հարվածում են փոքր աշխատավորներին՝ սահմանափակելով հիմնական փոխադրամիջոցը՝ մեքենան։ Ես շատ ակտիվ էի, և մարդիկ սկսեցին առաջարկել։ Նախ՝ CDH-ը (հետագայում Les Engagés), հետո՝ MR-ը, որն էլ ընտրեցի։

-Այսինքն՝ այդպե՞ս մտաք քաղաքականություն։

-Ոչ լրիվ։ Իրական մեկնարկը 2020 թվականին էր, երբ եղավ թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Դա վերակենդանացրեց տրավման։ Ես ինձ հիշում եմ՝ անկողնում կծկված կարդում էի արգելված զենքերի՝ կասետային զենքերի, սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին… սարսափելի ու անիրական։ Եվ, կարծես, ոչ ոք չէր արձագանքում։

Covid-ի ժամանակ զգացի ապշածություն, «դեռեալիզացիա», ինչպես նկարագրում ենք հոգետրավմայի կլինիկայում։ Մտածում էի՝ սա հնարավոր չէ։ Հետո գնում էի աշխատանքի ու տեսնում՝ երթևեկություն, առօրյա, ամեն ինչ սովորական, կարծես, ոչինչ չի պատահում։ Լրատվամիջոցներում՝ գրեթե ոչ մի խոսք։

Ես ինձ ասացի՝ պետք է ինչ-որ բան անել։ Ընկերուհիս՝ Նադին Կալամյանը, ինձ խթան տվեց։ Ես քաղաքացիական միջամտություն արեցի Իքսելի համայնքային խորհրդում՝ լռությունը կոտրելու և մարդասիրական օգնություն պահանջելու համար։ Այդ շրջանի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսը առաջարկեց ցուցահանդես անել, և մենք դա կազմակերպեցինք Օլիվյե Պապենյեսի շատ խոսուն լուսանկարներով Լեռնային Ղարաբաղի ավերածությունների մասին։

-Եվ վերջում՝ այսօր Հայաստանը ձեզ համար ի՞նչ է նշանակում։

-Մտահոգություն, բայց նաև ահռելի հուզական կապ։ Ես շատ եմ սիրում գնալ Հայաստան և գնում եմ տարին մի քանի անգամ։ Այնտեղ ենք հավաքվում՝ ընտանիքով ու հարազատներով, որոնք գալիս են Կանադայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Դա մեր հանդիպման ու վերամիավորման տեղն է, նաև հանգստի։

Ես երազում եմ ինքնիշխան, կայուն, անվտանգ ու խաղաղ Հայաստանի մասին։ Այն ինձ համար նշանակում է մշակույթ, պատմություն, դիմացկունություն և մի վայր, որն ինձ խորապես հուզում է։ Ես սիրում եմ նաև այն բացահայտել ուրիշների համար․ առաջին խումբը իմ ամուսնու ընտանիքն էր՝ շատ հավանեցին։ Հաջորդ խմբերը բժիշկներ էին, հետո՝ Բրյուսելի երիտասարդ փաստաբանների միության անդամներ, հետո՝ ընկերներ։ Բոլորն ասում էին, որ շատ էին հուզվել։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում