2025 թվականն արդյունավետ և հագեցած էր Բյուրականի աստղադիտարանի համար
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց իր ղեկավարած գիտահետազոտական կառույցի` 2025 թվականին իրականացրած հիմնական աշխատանքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները, անդրադարձավ 2026- նախատեսված ծրագրերին, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նշվեց, որ իրականացվել է 9-ը նախագիծ, այդ թվում՝ դրամաշնորհների միջոցով:
«Ունենք 9-ը գիտահետազոտական բաժին: Ընթացիկ նախագծեր, որոնցից երկուսը կոչվում են Առաջատար հետազոտությունների դրամաշնորհներ, ևս 2-ը՝ Հեռավար լաբորատորիաներ, որոնք ղեկավարում են մեր արտասահմանյան գիտնականները: ԱՄՆ գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) կողմից ֆինանսավորվող 25 նախագծերից 2-ը իրականացնում են մեր մասնագետները: Շահել ենք նաև Համբարձումյանական հետազոտական դրամաշնորհներից երկուսը»,- նշեց նա:
Հրապարակվել է 63 գիտական հոդված, այդ թվում՝ 47-ը գրախոսվող, 10-ը՝ գիտաժողովների ընթացքում ներկայացված զեկույցների հիման վրա:
«Նախորդ տարվա մեր հրապարակումների ցուցանիշը բավական բարձր է: Մեկ գիտաշխատողը միջինում ունեցել է 1.62, իսկ գրախոսված՝ 1.21 հոդված»,- նշեց Արեգ Միքայելյանը:
Բյուրականի աստղադիտարանի մասնագետները մասնակցել են 77 գիտաժողովների, ներկայացրել են 76 զեկուց:
20 աստղագետներ մասնակցել են մասնագիտական դպրոցների, 36-ը՝ սեմինարների, 38-ը՝ տարբեր միջոցառումների:
Գործուղումների քանակը 52-ն է, որոնցից 42-ը արտասահմանյան, 10-ը՝ ներհանրապետական:
Բյուրականի աստղադիտարան է այցելել 152 գիտնական:
Կազմակերպվել է 2 ընդհանուր ժողով, 14 գիտական խորհրդի նիստ:
Երկու աստղագետներ պաշտպանել են գիտական թեզեր:
Ըստ Արեգ Միքայելյանի՝ ներկայում Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է առնվազն 23 երկրի համանման հաստատությունների հետ: Համագործակցությունը հատկապես արդյունավետ է Ֆրանսիայի գործընկերների հետ: Նաև սերտ փոխգործակցություն է ձևավորվել Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների հետ:
Այդքանով հանդերձ կան նաև խնդիրներ, որոնք, այդ թվում, առնչվում են աստղադիտարանի ենթակառուցվածքներին, ֆինանսների սղությանը, երիտասարդ կադրերի ներգրավմանը:
Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ նաև 2025 թվականի Գիտական (աստղագիտական) լրագրության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը։
«Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար» անվանակարգում մրցանակներ հանձնվեցին Անի Կարապետյանին (168 ժամ) և Հրայր Նազարյանին (Արմենպրես):
«Արմենպրես»-ի թղթակցին հանձնվեց նաև 2025 թվականի «Առավել ակտիվ լրագրող»-ի համար նախատեսված մրցանակը։

«Լավագույն հեղինակային ձայնա և տեսանյութեր»–ի անվանակարգի դափնեկիրներն են Լիլիթ Մադունցը (ՄԻՐ հեռուստառադիոընկերություն) և Սևակ Վարդումյանը:
2026 թվականը նույնպես տեղական և միջազգային տարբեր միջոցառումներով հագեցած է Բյուրականի աստղադիտարանի համար: