Հայաստանն իրականացնում է արհեստավարժ բանակի կոնցեպտը, զինվորական մասնագիտության նկատմամբ գրավչությունն ավելանում է. Մանգասարյան
11 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության բանակի տարեդարձի առթիվ՝ «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը հյուրընկալվեց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում՝ ծանոթանալով կուրսանտների առօրյային, ուսուցման մեթոդաբանությանը և ապագա սպաների պատրաստման գործընթացին։
Ռազմական ակադեմիան ղեկավարում է գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Նա տվյալ պաշտոնում ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է 2024 թվականի փետրվարի 14-ին։ 2021-24 թվականներին զբաղեցրել է ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է պաշտպանության նախարարի ավագ օգնականը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Մանգասարյանը հայտնեց, որ ակադեմիայում ուսումնառության պրոցեսում շեշտը դրվում է երեք կարևոր բաղադրիչների վրա՝ ռազմական կրթություն, առաջնորդություն, սթրեսակայունություն։
«Մենք ուսումնական ծրագրերն ամբողջությամբ բարեփոխել ենք, ինչը բխում է ապագա սպաներին ժամանակակից գիտելիքներով զինելու պահանջից։ Դրանում մեզ օգնել են միջազգային գործընկերները, որոնք տարբեր գիտաժողովների և ուսումնասիրությունների արդյունքում հնարավորություն ընձեռեցին, որպեսզի արդիական առարկաներն ու դասընթացները բերենք մեզ մոտ, տեղայնացնենք ու ներդնենք մեր ուսումնական ծրագրերում։ Մենք փոխել ենք նաև դասավանդման մեթոդաբանությունը՝ ձերբազատվելով ավանդական դասավանդման պրոցեսից, և այժմ որդեգրել ենք ուսանողակենտրոն ուսուցման մեթոդը, որում գլխավոր դերակատարը հենց կուրսանտն է»,- ասաց Մանգասարյանը։
Ակադեմիայի պետը հավելեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելու նպատակով ուսումնական հաստատությունում ստեղծվել է հարթակ, որի միջոցով դասախոսներն ու կուրսանտներն ավելի լավ են պատրաստվում դասերին՝ կազմակերպելով լայն քննարկումներ մասնագիտական հարցերի շուրջ։ Տվյալ մեթոդը նպաստում է կուրսանտների մոտ վերլուծական մտքի ձևավորմանը, օգնում է անել ճիշտ եզրահանգումներ։ Նրանք չեն կենտրոնանում միայն իրավիճակային լուծումների վրա, այլ կազմում են ավելի ընդգրկուն պատկերացում ժամանակակից և հարափոփոխ մարտավարության վերաբերյալ։
«Մենք մասնակցում ենք նաև միջազգային տարբեր միջոցառումների։ Աշխարհի լավագույն ռազմական ուսումնական հաստատությունները համագործակցում են մեզ հետ։ Ունենք կուրսանտների փոխանակման ծրագրեր, անցկացնում ենք դասախոսական անձնակազմի վերապատրաստումներ։ Այդ ամենը միտված է նրան, որ ի վերջո ուսուցանենք այն ամենը, ինչ պետք է ժամանակակից մարտում»,- ասաց մեր զրուցակիցը։
Ներկայացնելով ուսումնառության երկրորդ կարևոր բաղադրիչը՝ ակադեմիայի պետը նշեց, որ իրենք ապագա սպաներին ուսուցանում են առաջնորդի հմտություններ։ Խոսելով սթրեսակայունության բաղադրիչի մասին՝ Մանգասարյանն ընդգծեց, որ բացի համարժեք գիտելիքներից, հրամանատարը պետք է ծանր իրավիճակներում կարողանա չտրվել զգացմունքներին, կայացնի ռացիոնալ որոշումներ։
«Դաշտային ելքերի ժամանակ իրավիճակը հնարավորինս փորձում ենք մոտեցնել իրականությանը՝ դա անելով նմանակման տարբեր համակարգերի միջոցով։ Մեր կուրսանտներին նշանակում ենք համապատասխան պաշտոնների։ Նրանք զբաղեցնում են դասակի, վաշտի, իսկ ավելի ցածր կուրսերում՝ ջոկի հրամանատարի պաշտոնը։ Նրանք լիովին գիտակցում են կոնկրետ իրավիճակներում որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Վարժանքների ժամանակ արհեստականորեն ստեղծվում են ծանր պայմաններ, և կուրսանտները ցուցադրում են այդ իրավիճակներից դուրս գալու հմտություններ։ Ըստ այդմ էլ կայացնում ենք հետագա որոշումները»,- մանրամասնեց ռազմական ակադեմիայի պետը։
Նա հավելեց, որ յուրաքանչյուր տարի լավագույն կուրսանտներն իրենց կրթությունը շարունակում են արտասահմանյան լավագույն ռազմաուսումնական հաստատություններում։ Այս պահի դրությամբ՝ ակադեմիայի սաներից ոմանք սովորում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Իտալիայի ռազմական ակադեմիաներում։ Կուրսանտների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով օտար լեզուների իմացության մակարդակը, կարգապահությունը, առաջադիմությունը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ակադեմիայի հետ անմիջական առնչություն ունի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակում ԲՈՒՀ-եր ընդունված երիտասարդները միաժամանակյա կրթություն են ստանում նաև ռազմական ակադեմիայում և ավարտելով ԲՈՒՀ-ն ու ակադեմիան՝ դառնում են և՛ մասնագետ, և՛ սպա, ինչից հետո իրենց ծառայությունը զորքերում իրականացնում են սպայի կարգավիճակով։ Մանգասարյանի խոսքով՝ դա նաև դասակի հրամանատարի թափուր հաստիքները համալրելու և սպայական կուռ կորպուս ստեղծելու միջոց է։
Գնդապետը վստահեցրեց, որ զինվորական մասնագիտության նկատմամբ գրավչությունը միանշանակ տարեցտարի ավելանում է, ինչն արտացոլվում է յուրաքանչյուր տարվա ընդունելության արդյունքներում։ Նկատելի է դիմորդների թվաքանակի աճ։
«Հիմնական պատճառը որակյալ կրթությունն է, որ կարողանում ենք տալ մեր կուրսանտներին։ Մեզ մոտ բարեփոխվել են մոտեցումներն ու ընդհանուր մթնոլորտը։ Շատ երկար տարիներ ունեցել ենք փակ համակարգ, և ռազմական կրթօջախը դիտարկվել է որպես փակ կառույց, որտեղ նույն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել գալ, տեսնել, շփվել, սակայն այժմ մենք բաց ենք, և յուրաքանչյուր ոք կարող է գալ և ծանոթանալ մեր առօրյային։ Հենց այդ բաց միջավայրն ու մթնոլորտն էլ նպաստում են գրավչության մեծացմանը։ Երիտասարդների մոտ հայրենասիրությունը, զինվորական մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը նրանց բերում է ռազմական ակադեմիա, ովքեր հետագայում դառնալու են ՀՀ բանակի պատվավոր սպաներ»,- ասաց գնդապետը։
Մանգասարյանի տեղեկացմամբ՝ շրջանավարտների թիվը նույնպես տարեցտարի ավելանում է։ Երբ նրանք նշանակվում են մարտական ստորաբաժանումներում՝ որպես դասակի հրամանատարներ, ակադեմիայի ղեկավարությունը մշտապես հետևում է նրանց, այսինքն՝ թե՛ պետը, թե՛ ակադեմիայի տարբեր կառույցների ներկայացուցիչները մշտապես այցելում են զորամասեր և շփումների միջոցով տեսնում շոշափելի արդյունքները։ Մանգասարյանը հավաստիացրեց, որ ամբողջ բարեփոխումների դրական ազդեցությունը ԶՈՒ ստորաբաժանումների վրա ավելի քան ակնհայտ է։
«Այս գործընթացը շարունակելով՝ միանշանակ ունենալու ենք այլ որակի սպայակազմ։ Մեզ համար կրկնակի հաճելի է, որ տարեցտարի ավելանում է նաև աղջիկ կուրսանտների թվաքանակը։ Տեսնում ենք, որ աղջիկների շրջանում զինվորական գործի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Նրանց ներդրումն ամբողջ ուսումնական պրոցեսում կարևորում եմ։ Նրանք նույնպես նպատակասլաց են, գիտեն, թե ինչի համար և ուր են եկել, ուստի ձգտում են կոնկրետ արդյունքներ արձանագրել կարճ ժամանակահատվածում։ Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ բոլորը կարող են զինվորագրվել և իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։ Հատկապես մեր երկրի համար շատ կարևոր է նաև կանանց ռեսուրսի օգտագործումը, ինչից կարող ենք միայն դրական ակնկալիքներ ունենալ»,- ասաց ակադեմիայի պետը։
Մանգասարյանի կարծիքով՝ ապագան արհեստավարժ բանակինն է, որի կոնցեպտն արդեն իրենք սկսել են իրականացնել և այդ գործընթացը բարեհաջող կհասցնեն ավարտին։
«Հիմնականում պայմանագրային զինծառայողներով համալրված ստորաբաժանումներ, գրագետ սպայակազմ, ովքեր ունակ են ղեկավարելու ստորաբաժանումներն ու հաջողությամբ կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Նորագույն ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ համալրված ստորաբաժանումներ և, իհարկե, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նաև կառավարման համակարգի արդիականացմամբ ստորաբաժանումներ։ Սա է մեր տեսլականը, այսինքն՝ 21-րդ դարին համահունչ Զինված ուժեր, որոնք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ի զորու են դիմակայել ցանկացած մարտահրավերի և իրականացնել իրենց առջև դրված խնդիրները»,- եզրափակեց ռազմական ակադեմիայի պետը։
«Արմենպրես»-ի ստեղծագործական խմբի այցի ժամանակ ակադեմիայում ընթանում էր կուրսանտների քննական շրջանը, ուստի պատեհ հնարավորություն ընձեռվեց խոսել նրանց հետ։
Արթուր Հարությունյանն էջմիածնից է, ակադեմիա ընդունվել է 2024 թվականին։ Նրա կարծիքով՝ ուսումը շատ բարձր մակարդակի վրա է և կուրսանտներին օգնում է ավելացնել գիտելիքներն ու հմտությունները։
«Ինքս զինվորականի ընտանիքից եմ, փոքր հասակից տեսել եմ, թե ինչ է զինվորական ծառայությունը։ Այս մասնագիտությամբ ուսանելու որոշումը կայացրել եմ 44-օրյա պատերազմից հետո։ Իմ ապրումները հնարավոր չէ խոսքերով փոխանցել։ Ցանկանում եմ դառնալ լավ և օրինակելի սպա ու համալրել մեր բանակի շարքերը»,- ասաց Հարությունյանը։
Միլենա Ենոքյանը Երևանից է, ակադեմիա ընդունվել է 2024 թվականին։ Նա նույնպես գոհ է ուսուցման մակարդակից և առկա պայմաններից; Նա բարձր առաջադիմությամբ աչքի ընկած կուրսանտներից է։
«Զինվորական մասնագիտությունը ինձ ավելի հոգեհարազատ է և կարծում եմ, որ ապագայում օգտակար կլինեմ հայկական բանակին։ Իմ հասակակից աղջիկներին խորհուրդ կտայի բարելավել իրենց գիտելիքները, գալ ու համալրել մեր շարքերը»,- ասաց Ենոքյանը։
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան արդեն վաղուց դարձել է որակյալ սպաներ պատրաստող առաջադեմ կրթօջախ և այդ առումով այսօր էլ ունի չափազանց կարևոր դերակատարություն հայկական զինված ուժերի համակարգում։
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյան