Քաղաքականություն

Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերությունները շարունակել են վերելքի հետագիծը, ամրապնդվել են ու դիվերսիֆիկացվել․ Նիլակշի Սահա Սինհա

5 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերությունները շարունակել են վերելքի հետագիծը, ամրապնդվել են ու դիվերսիֆիկացվել․ Նիլակշի Սահա Սինհա

Երևանում հանդիսավոր պայմաններում նշվեց Հնդկաստանի ազգային տոնը՝ Հանրապետության 77-րդ տարեդարձը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր ելույթում նշեց, որ Հնդկաստանն այսօր աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր պետություններից մեկն է և կանխատեսումների համաձայն՝ պատրաստվում է մինչև 2028 թվականը չորրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող տերությունից դառնալ երրորդը։

Դեսպանի խոսքով՝ աճը միայն թվերով չի արտահայտվել, այլև  լայն  ներառական աճով, որը հիմնված է ֆիզիկական, թվային և սոցիալական ենթակառուցվածքների մեջ հսկայական պետական ​​ներդրումների վրա՝ կենտրոնանալով արտադրության և նորարարության, ինչպես նաև օրենքների պարզեցման վրա։ Այդ ամենը պայմանավորված է եղել նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։  

Դիվանագետը հայտնեց, որ Հնդկաստանը փետրվարի 19-20-ը հյուրընկալելու է արհեստական ​​բանականության գագաթնաժողովը, հետևաբար Հնդկաստանի կառավարությունն ակնկալում է շատ բարձր մակարդակի պատվիրակություն Հայաստանից:  

«Հնդկաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները շարունակեցին իրենց վերելքի հետագիծը։ Դրանք ամրապնդվել են և դիվերսիֆիկացվել։ Տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք նախարարական այցեր, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այցերը։ Համապարփակ երկկողմ քաղաքական խորհրդակցությունները տեղի ունեցան 2025 թվականի նոյեմբերին։ Մեր պաշտպանական կապերը, որոնք ներառում են ռազմատեխնիկական համագործակցություն և կարողությունների զարգացում, շարունակեցին զարգանալ։ Կայացան բարձր մակարդակի այլ այցելություններ, սեմինարներ, համագործակցության նախաձեռնություններ, ինչպես նաև ռազմական կրթության և վարժանքների ծրագրեր»,- ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Նա հավելեց, որ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի կամ ITEC-ի միջոցով հնդկական կողմը շատ ուրախ է մասնակցել կարողությունների զարգացմանը Հայաստանում:  

«Մինչ օրս ավելի քան 400 հայ պաշտոնյաներ և այլոք օգտվել են կրթաթոշակներից, որոնք ամբողջությամբ վճարվում են Հնդկաստանի կառավարության կողմից: Բացի այդ, ինչպես անցյալ տարի, 2026 թվականի փետրվարին Հնդկաստանի Գուջարաթ քաղաքի Դատաբժշկական գիտությունների ազգային համալսարանում կազմակերպվելու է մասնագիտացված դասընթաց Պետական ​​եկամուտների և քննչական կոմիտեների պաշտոնյաների համար: Մենք ուրախությամբ բացել ենք հնդկական անկյուն և թվային փոխակերպման լաբորատորիա Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Իր կենսաբազմազանության օրակարգը հետագայում բարելավելու համար Հայաստանը 2025 թվականի հունիսի 30-ին ստորագրել է կատվազգիներին առնչվող Միջազգային խոշոր դաշինքի (IBCA) շրջանակային համաձայնագիրը: IBCA-ն ստեղծվել է Հնդկաստանի կողմից 2023 թվականին՝ աշխարհի յոթ խոշոր կատվազգիների պաշտպանությունն ու պահպանությունը խթանելու համար՝ այդ գործում միավորելով երկրների ջանքերը և ձևավորելով համապատասխան միջազգային ստանդարտներ»,- նշեց Նիլակշի Սահա Սինհան։

Նա հիշեցրեց, որ Հնդկաստանի  արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն առաջին էր օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներից, ով զանգահարեց իր գործընկեր Արարատ Միրզոյանին՝ շնորհավորելու Հայաստանի ղեկավարությանը 2025 թվականի օգոստոսի 8-ի պատմական իրադարձություններից հետո:  

«Մենք ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատումը, որը կհանգեցնի համակողմանի տնտեսական բարգավաճման: Մենք նաև մաղթում ենք հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը հաջողությամբ անցկացնել այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Մեր մշակութային կապերը, թերևս, ամենաամուրն են։ Մենք զարմացած էինք՝ տեսնելով անցյալ ամիս Ժամանակակից հնդկական ֆիլմերի փառատոնի նկատմամբ ցուցաբերած հսկայական արձագանքը։ Հույս ունենք առաջիկա ամիսներին հայ հանդիսատեսին հմայել ավելի ժամանակակից կինեմատոգրաֆիկ ոգով»,- եզրափակեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում