Podcast-Հարց բժշկին. արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի է. ինչ պետք է իմանա յուրաքանչյուր կին
4 րոպեի ընթերցում

Հունվարը արգանդի վզիկի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայաստանում տարեկան շուրջ 260–270 կնոջ մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, որն ամեն տարի խլում է ավելի քան 100 կնոջ կյանք։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Բենիկ Մխիթարյանի հետ զրուցել ենք հիվանդության առաջացման հիմնական պատճառների, կանխարգելման և բուժման ժամանակակից հնարավորությունների մասին։
Բժիշկ-ուռուցքաբանի խոսքով՝ արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է (HPV), որը փոխանցվում է սեռական ճանապարհով և հայտնաբերվում է այս հիվանդությամբ տառապող կանանց ավելի քան 99 տոկոսի մոտ։ Նրա խոսքով՝ սեռահասուն կանայք կյանքի որևէ փուլում կարող են վարակվել HPV-ով, սակայն մեծ մասամբ օրգանիզմը ինքնուրույն հաղթահարում է վարակը։

«Որոշ դեպքերում վիրուսը երկար տարիներ պահպանվում է օրգանիզմում և կարող է առաջացնել արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջների փոփոխություններ՝ սկզբում նախաքաղցկեղային, ապա՝ ինվազիվ քաղցկեղ։ Այս գործընթացը կարող է տևել 10-15 տարի, իսկ առավել վտանգավոր են վիրուսի 16-րդ և 18-րդ տեսակները»,- ընդգծում է բժիշկը։
Ըստ մասնագետի՝ հիվանդության հիմնական ախտանշաններն են ցիկլից դուրս արյունահոսությունը, սեռական հարաբերությունից հետո արյունահոսությունը, փոքր կոնքի ցավերը և հեշտոցային արտադրությունը։ Սակայն շատ դեպքերում հիվանդությունը վաղ փուլերում ընթանում է առանց որևէ ախտանշանի։
Բենիկ Մխիթարյանը նշում է, որ հենց այս հանգամանքն է սքրինինգային հետազոտությունները դարձնում առավել կարևոր ու խիստ անհրաժեշտ. «Սքրինինգը հնարավորություն է տալիս հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները և քաղցկեղը դեռևս վաղ փուլերում, երբ հնարավոր է լիարժեք բուժում»։
Նրա խոսքով՝ արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է կանխարգելելի հիվանդություն, և ամենաարդյունավետ միջոցներն են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը, ինչպես նաև ՊԱՊ թեստը և HPV թեստավորումը։ ՊԱՊ թեստը թույլ է տալիս հայտնաբերել լորձաթաղանթի բջիջների փոփոխությունները, իսկ HPV թեստավորումը՝ վիրուսի առկայությունը և տեսակը։
Բժիշկը նշում է, որ սքրինինգային հետազոտությունները խորհուրդ է տրվում սկսել 21 տարեկանից: 21-29 տարեկանում իրականացվում է ՊԱՊ թեստ յուրաքանչյուր երեք տարին մեկ, իսկ 30-65 տարեկանում կարելի է կատարել կամ ՊԱՊ թեստ՝ երեք տարին մեկ, կամ HPV թեստ՝ հինգ տարին մեկ, կամ երկուսը միասին:
Անդրադառնալով վիճակագրությանը՝ Բենիկ Մխիթարյանը նշում է, որ 2022 թվականի տվյալներով աշխարհում գրանցվել է շուրջ 661 հազար նոր դեպք և մոտ 385 հազար մահվան դեպք։ Կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղը զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում նույնիսկ երկրորդը։ Հայաստանում հիվանդության տարածվածությունը նույնպես բարձր է, ինչը պայմանավորված է սքրինինգային ծրագրերի ցածր ընդգրկվածությամբ։
Ամփոփելով՝ բժիշկը կոչ է անում կանանց լինել առավել տեղեկացված և պատասխանատու սեփական առողջության նկատմամբ. «Նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում անհրաժեշտ է անցնել սքրինինգային հետազոտություններ և պատվաստվել HPV-ի դեմ։ Պարզ և հասանելի մեթոդներով հնարավոր է կանխել և լիարժեք բուժել այս հիվանդությունը»,- նշում է նա։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
