Մշակույթ

Podcast. մշակութային միջոցառումներ, օրենսդրական բարեփոխումներ, թատրոնի բացում. ԿԳՄՍ փոխնախարարը՝ 2025-ի նվաճումների և 2026-ի անելիքների մասին

8 րոպեի ընթերցում

Podcast. մշակութային միջոցառումներ, օրենսդրական բարեփոխումներ, թատրոնի բացում. ԿԳՄՍ փոխնախարարը՝ 2025-ի նվաճումների և 2026-ի անելիքների մասին

2025 թվականը Հայաստանի համար հարուստ էր բազմաթիվ ու բազմաբովանդակ մշակութային իրադարձություններով՝ միջազգային փառատոններ, մրցույթներ, սպասված առաջնախաղեր ու շքեղ համերգային ծրագրեր։ Այս իրադարձություններից շատերը տեղի ունեցան պետական աջակցությամբ և օրենսդրական բարեփոխումների արդյունքում։

Ոլորտում կատարված աշխատանքի և անելիքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ, որը վստահեցնում է՝ 2026-ը ևս լի է լինելու ուշագրավ միջոցառումներով։

Փոխնախարարը նախորդ տարվա կարևորագույն իրադարձություններից է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին Հայաստանում անցկացված «Մշակութային խաչմերուկ» միջազգային երկօրյա համաժողովը,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առթիվ նվագախմբի ելույթը Պերսեպոլիսում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում և այլուր։

«Մեծ համերգաշարեր կազմակերպվեցին մարզերում. Երևանի օպերային թատրոնը բացօթյա ելույթներով հանդես եկավ Ստեփանավանում՝ մեկնարկելով թատերաշրջանը։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը թատերաշրջանը բացեց Վանաձորում, մարզերում անցկացվեցին նաև «Ֆեստիվառ»-ները, որոնք սպասված զբոսաշրջային ու երաժշտական միջոցառումներ են։ 2026-ի առաջին օրերին էլ կազմակերպվեց ձմեռային «Ֆեստիվառ»-ը, որը հիանալի առիթ էր, որ Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի սարերում տեղի ունեցող միջոցառումների պես միջոցառում նաև մեր երկրում լինի։ Անցկացվեց նաև Արուճի Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնը»,-նշում է Դանիելյանը։

Փոխնախարարի խոսքով՝ քաղաքականությունը, որը վարում են, ուղղված է մշակույթի տնտեսականացմանն ու դրա շուրջ ինստիտուտների կառուցմանը։ 

Նրա համոզմամբ՝ մշակույթը պետք լինի տնտեսականացված, որպեսզի ոլորտային կառույցները կարողանան ֆինանսավորման մոդելներ գտնել ինքնաբավ լինելու, զարգանալու համար, իսկ այդ հարցում պետությունը կաջակցի թե՛ ֆինանսապես, թե՛ այլ մեխանիզմներով, որոնք արդիական են։

Փոխնախարարը մեծ նշանակություն է տալիս նաև օրենսդրական բարեփոխումներին։ «Մշակույթի մասին օրենքի վերջին փոփոխություններն իրականացնելիս մեծ տեղ ենք տվել ինքնազբաղ արվեստագետներին։ Որպես առանձին համայնք՝ նրանք երբեք չեն ունեցել իրենց համակարգը։ Կարևորություն ենք տվել նաև ֆինանսատնտեսական մոդելների ստեղծմանը. օրենքում կան դրույթներ, որոնք պետք է օգնեն, որ դաշտն առավել դինամիկ դառնա ու կարգավորվի։ Կա նաև հոգեբանական կարևոր պահ. ընկճված հասարակությունը, ընկճված արտիստը, արվեստագետը չեն կարող ստեղծագործել։ Այս ոլորտը պետք է միշտ ունենա արև, լայն հորիզոն»,-կարծում է Դանիել Դանիելյանը։

Անդրադառնալով ֆինանսավորման նոր մոդելին (ըստ նոր մոդելի՝ պետությունը կրկնապատկում է տվյալ կառույցի սեփական եկամուտները)՝ նա շեշտեց, որ այդ  մոդելով աշխատում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Երևանի կամերային թատրոնները։ Այս տարի ևս մեկ թատերահամերգային կառույց կմիանա ֆինանսավորման այդ մոդելին։

Խոսելով սպասվող կարևոր իրադարձություններից՝ Դանիելյանը շեշտեց, որ հունվարի 23-ին պաշտոնապես հանդիսատեսի առաջ սեփական շենքի  դռները կբացի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, որը հիմնադրման օրից գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Կինոյի բնագավառում փոփոխություններ ևս եղել են։ 2025-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: 

Դանիելյանն ընդգծում է՝ կինոն առանձին արդյունաբերություն է, շատ կարևոր ու ռազմավարական ոլորտ երկրի, մշակույթի համար, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այդ բնագավառում կատարված օրենսդրական փոփոխությունն է։

«Թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան կինոարտադրողները, եթե ներդրումներ են անում Հայաստանում կինոյի արտադրության մեջ, կարող են ստանալ մինչև 35 տոկոս վերադարձ։ Դա շատ հետաքրքիր ու փոխշահավետ առաջարկ է, որն արդեն սկսել է գործել. մի քանի ամսվա ընթացքում ունեցել ենք կինոարտադրողների տասը հայտ։ Հայտերից երկուսն արդեն հաստատվել է, ութը քննարկման փուլում է։ Վստահ եմ, որ այդ հայտերը ևս կհաստատվեն, պարզապես ընթացակարգ կա, որը պետք է անցնեն։ Կա երեք նախագիծ, որոնք մեր ֆրանսիացի գործընկերները ցանկանում են կյանքի կոչել Հայաստանում, քանի որ Հայաստանում 300 օր արև է. մեկ օրվա մեջ կարող են գտնել տարվա չորս եղանակները. կարող ես բարձրանալ սար, տեսնել ձյուն, իջնել ներքև, տեսնել արև և այլն։ Կինո արտադրելու համար մեզ պետք են տեխնիկական մեծ թիմեր, որոնք պետք է արհեստավարժ լինեն, որպեսզի կարողանան որակ ապահովել»,-շեշտում է փոխնախարարը։

Նա տեղեկացնում է՝ ամիսներ առաջ Հայաստանում հայկական թեմայով ֆիլմ է նկարահանել «Դոկտոր Հաուս» հանրահայտ սերիալի ռեժիսորներից մեկը։ Ֆիլմն այժմ մոնտաժային փուլում է։

Ոլորտային փոփոխություններ, լավարկումներ իրականացնելիս նախարարությունը սերտ համագործակցում է կինոգործիչների հետ։

Նախարարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում նաև հոբելյարներին և հոբելյանները. նախորդ տարի Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ թե՛ Երևանում, թե՛ արտերկրում միջոցառումներ կազմակերպվեցին, անդրադարձ եղավ Հարություն Խաչատրյանի 70-ամյակին, նշվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը։

«Մեծ ուշադրություն ենք դարձնում մեր մեծերին, հատկապես նրանց, ովքեր ապրում են մեր կողքին։ Նրանց պարագայում հոբելյանական տարեթվերի վրա չենք հենվում։ Վերջերս Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը նշեցինք, Հարություն Խաչատրյանի 71-ամյակը։ Հունվարի 28-ին տոնելու ենք Տիգրան Մանսուրյանի տարեդարձը, որի առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է մաեստրոյի ստեղծագործությունները»,-ասում է նա։

Այս տարի նշվելու են կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի, ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակները, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված երկու հոբելյաններ՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակն ու ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի 150-ամյակը։

«Հանրապետության հրապարակում են Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, ՀՀ կառավարության շենքը և այլ կարևոր նշանակություն ունեցող կառույցներ, ուստի հիանալի առիթ է խոսելու թամանյանական ճարտարապետությունից, իսկ Հրաչյա Աճառյանը հրաշալի մասնագետ է եղել, մի շարք լեզուների է տիրապետել, մանրակրկիտ աշխատանք է կատարել հայոց լեզվի, այլ լեզուների, առհասարակ լեզվաբանության ասպարեզում»,-ընդգծում է Դանիելյանը։

Մեր երկրի մշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար Հայաստանն ակտիվ համագործակցում է տարբեր երկրների հետ. այդ նպատակով Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվում արտերկրում, որոնք փոխադարձվում են։ Նախորդ տարի տպավորիչ էին Ղազախստանի մշակույթի օրերը մեր երկրում, իսկ 2026-ին Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն Ռուսաստանում և Եգիպտոսում։ Հայաստանը կհյուրընկալի Հնդկաստանին և Վիետնամին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում