Podcast-Հարց բժշկին. արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում․ հնարավորություններ, միֆեր և իրականություն
5 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին բժշկության, գիտության և տեխնոլոգիաների համընթաց զարգացումը տվել է իր դրական արդյունքները նաև վերարտադրողական բժշկության ոլորտում, և այսօր շատ կանայք դիմում են արտամարմնային բեղմնավորման, որը հրաշալի հնարավորություն է մայրանալու և լիարժեք ընտանիք ունենալու համար։
Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանի հետ:

Անդրադառնալով վերջին տարիների ձեռքբերումներին՝ բժշկուհին նշում է, որ վերարտադրողական առողջությունը Հայաստանում, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորումը որպես վերարտադրողական տեխնոլոգիա, զգալի առաջընթաց է ապրել։ Ըստ նրա՝ աճը նկատելի է ոչ միայն գիտական և տեխնիկական հագեցվածության, նորարարական մեթոդների կիրառման տեսանկյունից, այլև հասանելիության առումով։ Պետպատվերի ծրագրի ներդրման շնորհիվ այսօր արտամարմնային բեղմնավորման ծառայություններից կարող են օգտվել կանանց շատ ավելի լայն շրջանակներ։
«Սա մեզ համար կարևոր ձեռքբերում է, քանի որ դեմոգրաֆիկ աճ ապահովելը կենսական նշանակություն ունի՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական և ժողովրդագրական առանձնահատկությունները»,- նշեց բժիշկ Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում վերարտադրողական բժշկությունը բավականին զարգացած է և որևէ կերպ չի զիջում եվրոպական կամ ամերիկյան առաջատար կենտրոններին։ Բժշկուհին նշում է, որ մասնագետները մշտապես վերապատրաստվում են, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ որոշ դեպքերում Հայաստանը նույնիսկ առավելություն ունի՝ յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական մոտեցման, բժիշկ-պացիենտ սերտ կապի առումով։
«Արտամարմնային բեղմնավորումը հաճախ անվանում են նաև արհեստական, քանի որ բեղմնավորման գործընթացը՝ ձվաբջջի և սերմնաբջջի միավորումը և սաղմի ստացումը, կատարվում է կնոջ օրգանիզմից դուրս՝ լաբորատոր պայմաններում։ Սակայն սաղմի արգանդում տեղադրումից հետո հղիացման և զարգացման բոլոր փուլերն արդեն ընթանում են բնական ճանապարհով»,- նշեց մասնագետը:
Գրիգորյանը կարևորում է նաև առկա միֆերի հերքումը՝ ընդգծելով, որ արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաները «արհեստական» չեն և գենետիկորեն լիովին իրենց ծնողների երեխաներն են, եթե, իհարկե, չի կիրառվում դոնորական նյութ։
«Բազմաթիվ միջազգային հետազոտություններ ապացուցել են՝ նման ճանապարհով ծնված երեխաների առողջական ռիսկերը չեն տարբերվում բնական ճանապարհով ծնվածների ռիսկերից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ցածր են՝ նախնական գենետիկական հետազոտությունների շնորհիվ»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով ռեպրոդուկտոլոգի դիմելու ժամանակին՝ մասնագետը նշում է, որ մինչև 35 տարեկան կանանց մոտ անպտղություն է համարվում մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում հղիության բացակայությունը։ 35–40 տարեկանում խորհուրդ է տրվում սպասել առավելագույնը վեց ամիս, իսկ 40 տարեկանից հետո ցանկալի է հղիությունը պլանավորել անմիջապես բժշկի հսկողությամբ, քանի որ այդ տարիքից սկսած ձվարանային պաշարը կտրուկ նվազում է։
Ըստ մասնագետի՝ արտամարմնային բեղմնավորումը հնարավոր է իրականացնել գրեթե բոլոր տարիքներում, եթե կինը չունի լուրջ առողջական հակացուցումներ. Մինչև 45 տարեկանը հիմնականում հնարավոր է կիրառել սեփական ձվաբջիջները, իսկ դրանից հետո հաճախ առաջանում է դոնորական ձվաբջիջների անհրաժեշտություն։ Այդ համատեքստում նա կարևորում է ձվաբջիջների սառեցման հնարավորությունը՝ հատկապես այն կանանց համար, ովքեր չեն պլանավորում վաղ մայրություն:
Ամփոփելով զրույցը՝ Հռիփսիմե Գրիգորյանը խորհուրդ է տալիս կանանց հոգ տանել իրենց առողջության մասին, ժամանակին անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, իսկ երիտասարդ աղջիկներին՝ անհրաժեշտության դեպքում պարզել ձվարանային պաշարի վիճակը։ Անպտղության ճանապարհով անցնող զույգերին նա հորդորում է չհանձնվել՝ վստահեցնելով, որ համբերությունն ու հետևողականությունը շատ դեպքերում հանգեցնում են ցանկալի արդյունքի։
Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները:
