ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև Գրենլանդիայի հարցում առճակատում չի լինի, կողմերն ավելի շուտ կգան փոխհամաձայնեցված հանգուցալուծման. Արմեն Վարդանյան
5 րոպեի ընթերցում
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն անհավանական է համարում այն սցենարը, որի համաձայն՝ ԱՄՆ-ի, Դանիայի ու Եվրամիության միջև առաջացած հակասությունների պատճառով Գրենլանդիան կարող է դառնալ մոլորակի թեժ կետերից մեկը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Վարդանյանը խոսեց Միացյալ Նահանգների կողմից Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիայի նկատմամբ տարածքային հավակնությունների, այդ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների և հնարավոր հանգուցալուծման տարբերակների մասին։
«Գրենլանդիան նախևառաջ գրավիչ է իր աշխարհագրական դիրքով, որովհետև գտնվում է Արկտիկայի հարևանությամբ, իսկ հիմա գերտերություններն ազդեցության գոտիների համար լուրջ պայքար են մղում նաև Արկտիկայում։ Բացի դրանից, Գրենլանդիայի ափերով ակտիվորեն նավարկում են ռուսական ու չինական նավերը՝ օգտագործելով տվյալ ծովային երթուղին, հետևաբար ԱՄՆ-ն փորձում է նաև այդ երկու երկրների ակտիվությունը նշված տարածաշրջանում նվազեցնել»,- ասաց Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգներն, այնուամենայնիվ, լիակատար վերահսկողություն չի հաստատի՝ հասկանալով, որ դա անհնար է զուտ այն պատճառով, որ Գրենլանդիան լինելով Դանիայի կազմում՝ միևնույն ժամանակ համարվում է ԵՄ տարածք, իսկ ԱՄՆ-ն չի գնա ծայրահեղության իր ռազմավարական դաշնակցի՝ Եվրամիության հետ հարաբերություններում։
«ԱՄՆ-ում դեմոկրատներն օրեր առաջ ներկայացրին նախագիծ, որով ուղղակի ճանաչում էին Գրենլանդիայի անկախությունը և կոչ անում նախագահ Դոնալդ Թրամփին Գրենլանդիայի հարցում զերծ մնալ կոշտ հռետորաբանությունից։ Թրամփն էլ, ըստ էության, հասկանում է, որ չի կարող հասնել բացարձակ վերահսկողության, պարզապես ցանկանում է ուժեղացնել իր դիրքերը յուրահատուկ պայմաններով և ստանալ արտոնյալ կարգավիճակ Գրենլանդիայում, մանավանդ ռազմաբազաներ տեղակայելու առումով։ Թրամփը վարում է բավականին ռացիոնալ ռազմավարություն, բանակցություններում պահանջում է առավելագույնը, որպեսզի գոնե ստանա նվազագույնը»,- նշեց մեր զրուցակիցը։
Վարդանյանի դիտարկմամբ՝ եթե անգամ տեղի ունենա անեքսիա, ինչին ինքը չի հավատում, ապա ԱՄՆ-ն անեքսիայի կենթարկի ոչ միայն Դանիային, այլև Եվրամիությանը՝ վերջինիս ներքաշելով հակամարտության մեջ։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ԵՄ երկրների ղեկավարներն արդեն իսկ աշխատում են Գրենլանդիայի ապագայի շուրջ համաձայնագիր մշակելու վրա, ինչը թույլ կտա խուսափել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից, քաղաքագետն ընդգծեց, որ կողմերին կհաջողվի գալ ընդհանուր, փոխհամաձայնեցված տարբերակի։
«Թրամփն, անշուշտ, կստանա իր նվազագույնը, առավել ևս, որ ԵՄ-ն իր հերթին դեմ չէ, որպեսզի Միացյալ Նահանգները Գրենլանդիայում ունենա ուժեղ ռազմական ներկայություն, հետևաբար դա հիմք է տալիս խնդրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ ԱՄՆ-ին կտրվեն որոշակի արտոնություններ, մանավանդ որ քննարկվում է Գրենլանդիայի շուրջ իրադրության խաղաղ կարգավորման համատեքստում ԱՄՆ-ին առաջարկել ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ին զիջումներ անել օգտակար հանածոների արդյունահանման բնագավառում։
«Այնպես չէ, որ եվրոպացիները դեմ կլինեն իրենց անվտանգության ամրապնդմանը Գրենլանդիայում, ու թեև այդպես էլ կլինի, սակայն ավելի հեռուն գնացող զարգացումներ չեն լինի։ Զինված բախումների տեսքով ռազմական առճակատումն իսկապես բացառվում է։ Դա ոչ մեկին պետք չէ։ Մենք ականատես կլինենք բանակցությունների տեսքով դիվանագիտական գործընթացի։ Կարծում եմ, որ մոտ ապագայում կողմերը կհասնեն փոխհամաձայնության»,- եզրափակեց Վարդանյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը հայտարարեց, եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։