Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

5 րոպեի ընթերցում

Արմեն Վարդանյան
Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո հստակ տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը, որովհետև շատ երկրներում կան լուրջ դժգոհություններ իրենց կառավարությունների կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության նկատմամբ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ 

«Վերոհիշյալ միտումն ակնառու կերպով ընդգծվեց Ֆրանսիայում, որտեղ Մարին Լը Պենի կուսակցությունը բավականին ազդեցիկ քվեներ ստացավ ԵՄ խորհրդարանական ընտրություններում։ Գերմանիայում նման հաջողության հասավ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան ուղղվածությամբ կուսակցությունը։ Նույն պատկերը գրանցվեց Ավստրիայում, Հոլանդիայում, Իտալիայում։ Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, մանավանդ որ աջերի մի մասը նաև եվրասկեպտիկներն են, որոնք ընդհանրապես հանդես են գալիս սուր քննադատություններով և առաջարկում դուրս գալ ԵՄ կազմից»,- ասաց Վարդանյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ ընտրողների հիմնական դժգոհությունը կապված է ընդհանուր միգրացիոն քաղաքականության հետ, քանի որ տարբեր աշխարհամասերից Եվրոպա ժամանող միգրանտների քանակն արդեն հասել է հսկայական ծավալների, իսկ դա հարուցել է լրջագույն սոցիալական խնդիրներ եվրոպական երկրներում։

«Այդուհանդերձ, Եվրախորհրդարանի հենասյուներից մեկը՝ ԵԺԿ-ն, կարողացել է հիմնականում պահպանել իր դիրքերը և նույնիսկ  մի փոքր ավելացրել է իր ձայները։ Դա ամենամեծ ֆրակցիան է, բայց եթե նայենք ավելի լայն տեսանկյունից, ապա աջերը նույնպես զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը և այժմ ունեն մեծ ներկայացվածություն։ Ստեղծված համապատկերում ԵԺԿ-ն ավելի շուտ կփորձի համագործակցել կենտրոնամետ ուժերի, նույնիսկ սոցիալ-դեմոկրատների հետ։ Հայտնի է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կպահպանի իր պաշտոնը։ ԵԺԿ-ն կձգտի գնալ հենց այդպիսի կոալիցիոն ճանապարհով»,- ասաց քաղաքագետը։ 

Վարդանյանի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության ակնհայտ ձախողումը չի կարելի բացատրել միայն մեկ գործոնով, բայց հիմնական դրդապատճառը նույնպես կապված է միգրացիոն քաղաքականության հետ, թեև մյուս հարցերում, օրինակ, ուկրաինական խնդրի շուրջ ֆրանսիացիների դժգոհությունները նույնպես զգալի ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, որովհետև ֆրանսիացիների համոզմամբ՝ Ուկրաինային հատկացվող հսկայածավալ ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել ներքին բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծելու համար։   

«Աջ ծայրահեղականների առաջընթացն ու նրանց գաղափարների ամրագրումը կարող է բարդացնել նաև ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած երկրների գործը՝ առաջացնելով որոշակի խնդիրներ։ Հիմա տեսնում ենք, որ դեռ չի լուծվում, օրինակ, վիզաների ազատականացման հարցը։ Մեր բարեկամ Ֆրանսիան խոչընդոտում է դրան։ Բնականաբար, վերոհիշյալ միտումն ազդելու է ԵՄ-ի և նրա հետ սերտ համագործակցության ձգտող երկրների հարաբերությունների վրա, բայց հիմնական խնդիրը հարուցում են ոչ թե արևելյան Եվրոպայի կամ հետխորհրդային տարածքում գտնվող երկրները, այլ ծայրահեղական իսլամիստներն ու ահաբեկիչները։ Թեև Եվրոպան կանգնած է լուրջ խնդիրների առջև, սակայն համոզված եմ, որ կկերպարանափոխվի և իր մեջ ուժ կգտնի խնդիրները լուծելու համար։ ԵՄ-ն կշարունակի զարգանալ և առաջիկայում նույնիսկ նոր անդամներ կընդունի, անպայման կգտնի կերպարանափոխումն իրականացնելու ձևը»,- եզրափակեց Վարդանյանը։     

Հունիսի 9-ին ավելի քան 373 միլիոն եվրոպացի ընտրողներ, մասնակցելով Եվրամիության խորհրդարանական ընտրություններին, սահմանեցին Միության քաղաքական երանգը հաջորդ հինգ տարիների համար: Եվրամիության ողջ տարածքում ընտրողների մասնակցությունն այս տարի եղել է 51 տոկոս: 

Վերջին տվյալներով՝ ԵԺԿ-ն կստանա 720 տեղերից 184-ը: «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խումբը ստացել է 139 տեղ: Երրորդ տեղում 80 տեղով «Եվրոպայի նորացում» խումբն է, աջ «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբը» ստացել է 73 տեղ, «Ինքնություն և ժողովրդավարություն» խումբը՝ 58 տեղ, «Կանաչներ» խումբը՝ 52 տեղ: Ցուցակը եզրափակում են «Ձախերը»՝ 36 տեղով։ Միևնույն ժամանակ, աջ պահպանողականներն ու ռեֆորմիստները բարելավել են նախորդ գումարման արդյունքները 3,2%-ով, իսկ «Ինքնության և ժողովրդավարության» ծայրահեղ աջ եվրասկեպտիկները՝ 1,1%-ով:

Մանվել Մարգարյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում