Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին և մյուս բոլոր հայերին

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին և մյուս բոլոր հայերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին և մյուս հայերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ։ 

Բանաձևն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների և այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց։

«Վեհաժողովը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի և բոլորի կալանավորված անձանց և ռազմագերիների հետ կապված իրավիճակին, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»,-նշված է բանաձևում։

Վեհաժողովը նաև խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վատթարացման առնչությամբ։ 

«Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացման, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ բռնությունների առնչությամբ»,-նշված է բանաձևում։ 

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։ 

Այն իշխանություններին կոչ է անում փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» և «Լրատվամիջոցների մասին» օրենքում և ՀԿ-ներին վերաբերող համապատասխան օրենսդրության մեջ՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների։  

Բանաձևում նաև նշվում է, որ Ադրբեջանում 2024 թվականին կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և կայացել են խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների պայմաններում: 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնք ապօրինի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ  ռազմական ագրեսիայից հետո։ Այս օրերին Բաքվում ընթանում են հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարությունների ընթացքում նրանց նկատմամբ կիրառվում են արգելված միջոցներ, որպեսզի կորզեն ցուցմունքներ, որոնք կօգտագործեն Հայաստանի դեմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում