Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է հղել Կայա Կալասին Բաքվում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է հղել Կայա Կալասին Բաքվում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ

 Եվրոպական խորհրդարանի ձախերի խմբակցության անդամ, Իսպանիան ներկայացնող բասկ պատգամավոր  Պեռնանդո Բառենա Արզան գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և պատասխաններ պահանջել ԵՄ բարձրագույն դիվանագետից՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ճակատագրի հետ կապված լուրջ մտահոգություններ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր գրավոր հարցման մեջ եվրախորհրդարանականը հղում է անում անկախ աղբյուրներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանում ավելի քան 300 քաղաքական բանտարկյալներ, այդ թվում՝ հայտնի գործիչներ, ինչպիսիք են դոկտոր Գուբադ Իբադօղլուն և Անար Մամադլին, պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված լինելով բժշկական օգնությունից։ «Բացի այդ, 2020 թվականից ի վեր Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել 23 հայ գերիների, որոնք ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի», - նշված է հարցման մեջ։

Բառենա Արզան պահանջում է պարզաբանումներ՝ արդյո՞ք Մալթայում դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ԵՄ բարձր ներկայացուցիչը պահանջել է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և արդյո՞ք առաջնահերթություն է տրվել մարդու իրավունքներին։

Արդյո՞ք Ադրբեջանից պահանջվել է վերջնաժամկետ՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար ու արդյո՞ք ԵՄ-ն զգուշացրել է ադրբեջանական պաշտոնյաներին նրանց նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, ինչպես բազմիցս պահանջել է Եվրոպական խորհրդարանը։ 

Այս հարցադրումներով Իսպանիայից եվրախորհրդարանականը շեշտադրում է ԵՄ-ի շարունակական մարտահրավերը՝ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները Ադրբեջանի հետ, հատկապես՝ էներգետիկ համագործակցության ոլորտում՝ դա համատեղելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ աճող մտահոգությունների հետ։ Պատգամավորն իր գրավոր հարցմանը դեռ պատասխան չի ստացել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում