Վերլուծություն

ԵՄ-ում շատ լավ հասկանում են, որ վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի ճակատագիրը. քաղաքագետ

7 րոպեի ընթերցում

ԵՄ-ում շատ լավ հասկանում են, որ վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի ճակատագիրը. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ եվրոպացիները շատ լավ հասկանում են ռուս-ուկրաինական հակամարտության էությունը՝ գիտակցելով, որ եթե Ուկրաինան տապալվի, ապա հաջորդ թիրախում կարող են հայտնվել ԵՄ մյուս երկրները։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Վարդանյանը հանգամանորեն անդրադարձավ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Եվրոպայի դիրքորոշմանն ու վերջին զարգացումների ֆոնին՝ նաև հետագա ռազմավարությանը։

«Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ եթե Ռուսաստանը կուլ տա Ուկրաինային և մարսի այս պատերազմը, ապա չի բացառվում, որ հաջորդը լինեն եվրոպական մյուս երկրները, օրինակ՝ մերձբալթյան հանրապետությունները, Լեհաստանը, և դրանից հետո սադրանքները ԵՄ-ի նկատմամբ կշարունակվեն։ Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթում օրեր առաջ հայտարարեց, որ Եվրոպայում խաղաղություն կգա միայն այն ժամանակ, երբ իրենք կսանձեն ու կհանդարտեցնեն Վլադիմիր Պուտինին։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այստեղ վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի ճակատագիրը»,- ասաց Վարդանյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է վերադառնալ սառը պատերազմի ժամանակաշրջան, և այդ փուլի տրամաբանությանը՝ սեղանին դնելով նոր աշխարհակարգի ձևավորման գործոնը։ 

«Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ն և Խորհրդային  միությունը Եվրոպան բաժանել էին ազդեցության գոտիների։ Սոցիալիստական ճամբարի կամ Վարշավյան պայմանագրի երկրների վրա մեծ ազդեցություն ուներ ԽՍՀՄ-ը, և եթե նույնիսկ այդ երկրներում իրականացնում էին ճնշիչ գործողություններ, Արևմուտքն առանձնապես չէր միջամտում և սահմանափակվում էր հայտարարություններով։ Այդպես եղավ 1956 թվականին Հունգարիայում, երբ խորհրդային զորամիավորումները տանկերի միջոցով ճնշեցին ազատատենչ հունգարացիների ընդվզումը, այդպես եղավ նաև Չեխոսլովակիայում 1968 թվականին։ Հիմա Վլադիմիր Պուտինը հայտարարում է, թե իրենք կտրականապես դեմ են, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվի ու մոտենա Ռուսաստանի սահմաններին, բայց դա սառը պատերազմի ժամանակաշրջանի մնացուկ է, և Արևմուտքը բազմիցս հայտարարել է, որ այլևս վերադարձ չի լինելու հիշյալ ժամանակաշրջանին, և բոլոր երկրներն ազատ են այս կամ այն դաշինքին միանալու հարցում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Վարդանյանը հավելեց, որ Ռուսաստանն, այդուհանդերձ, ընդդիմանում է՝ նշելով, որ Ուկրաինան գտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ուշադրության և ազդեցության գոտում, և շարունակում է պնդել, որ պետք է հաշվի առնվեն իր կենսական շահերը։ Ըստ քաղաքագետի՝ սա է ամբողջ կռիվը, և այդ հանգամանքը չի վերաբերում միայն Ուկրաինային։   

Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է հավաքական Եվրոպան առանց ԱՄՆ-ի աջակցության երկար ժամանակ պայքարել Ռուսաստանի դեմ՝ Վարդանյանն ընդգծեց, որ ԵՄ-ն առանձին չի կարող դիմակայել, քանի որ ամբողջ Եվրոպայի տարածքում սառը պատերազմից հետո ռազմարդյունաբերական բազմաթիվ գործարաններ ու ձեռնարկություններ փակվել են կամ կոնսերվացվել, եվրոպական երկրները կենտրոնացել էին հիմնականում իրենց տնտեսությունների զարգացման վրա՝ մտածելով, որ պատերազմն այլևս չէր չոքելու իրենց դռան առջև։ 

«Պատահական չէ, որ եվրոպացի բարձրաստիճան ղեկավարները հանդես են գալիս հայտարարությամբ և նշում, որ չեն ների Ռուսաստանին, որը կրկին պատերազմ բերեց Եվրոպա։ Այսօր ԵՄ երկրներն ավելի քիչ ռազմամթերք են արտադրում, քան Ռուսաստանը, հետևաբար երկար ժամանակ նրան դիմակայելու մասին խոսք լինել չի կարող, բայց մյուս կողմից եվրոպացիներն ունեն անհրաժեշտ բոլոր գիտատեխնիկական հնարավորությունները, որպեսզի մեծացնեն իրենց սպառազինությունների ծավալը։ Ֆրանսիան աշխարհում զենք արտահանող երկրորդ երկիրն է, Գերմանիան նույնպես ունի շատ որակյալ ռազմարդյունաբերական համալիր։ Ուղղակի սպառազինությունների ծավալներն են քիչ և չեն համապատասխանում ռուս-ուկրաինական պատերազմի տեմպին»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդանյանի խոսքով՝ խնդիրն, այդուհանդերձ, կլուծվի նոր գործարաններ բացելու շնորհիվ։ Դրանցից որոշներն արդեն բացվել են նույնիսկ Ուկրաինայի տարածքում, և այդ գործում ուկրաինացիներին օգնում են, օրինակ, գերմանական և նորվեգական ընկերությունները՝ արտադրելով ռազմամթերք, այդ թվում՝ հրթիռներ։

Անդրադառնալով Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու հարցում եվրոպական երկրների միջև առաջացած տարաձայնություններին՝ քաղաքագետը փաստեց, որ տվյալ հարցում իսկապես միասնական դիրքորոշում չկա, սակայն հավելեց, որ հակառակ տեսակետ ունեն հիմնականում այն երկրները, որոնք այդքան էլ մեծ կշիռ չունեն ԵՄ-ում։    

«Օրինակ՝ Հունգարիան և Սլովակիան դեմ են, որպեսզի հետայսու իրենք շարունակեն ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ պահանջելով, որ պատերազմը դադարեցվի, սակայն նրանք առանցքային դերակատարներ չեն։ Առավել ազդեցիկ են Ֆրանսիան և Գերմանիան։ Թեև Մեծ Բրիտանիան դուրս է եկել ԵՄ-ի կազմից, բայց տակավին մնում է եվրոպացիների կողքին։ Ի դեպ, անվտանգության մյունխենյան համաժողովի ժամանակ բրիտանացի պաշտպանության նախարարը ցուցադրաբար նստել էր եվրոպացիների կողքին, թեև ամերիկացիներն իրենց հերթին ցանկանում էին նրան բերել իրենց կողմը»,- պարզաբանեց քաղաքագետը։ 

Ներկայում ԱՄՆ-ն ձգտում է օր առաջ հանգուցալուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը և նույնիսկ այդ առումով ճնշում է գործադրում Վոլոդիմիր Զելենսկիի վրա։ Խոսելով այն մասին, թե չի՞ կարող արդյոք այդ քաղաքականությունը փաստի առջև կանգնեցնել Եվրոպային՝ Վարդանյանը շեշտեց, որ նման բան, իհարկե, կարող է լինել, սակայն պնդեց, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ ձեռքերը չի լվանա, մի կողմ չի քաշվի և ինչ-որ փուլում անպայման կսկսի նախկինի պես ուժեղ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, եթե խաղաղություն չհաստատվի։ 

«Համաշխարհային պատմությունը մի քանի անգամ առնչվել է նման իրողությունների հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլն ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտին մեկ ու կես տարի համոզում էր, որպեսզի միասնական երկրորդ ճակատ բացեն և օգնեն իրենց երկրորդ աշխարհամարտի ժամանակ, թեև վերջինս առանձնապես չէր շտապում ու չէր միջամտում։ Միայն 1943 թվականից ԱՄՆ-ն փոխեց իր կեցվածքը։ Հիմա եթե Թրամփը տեսնի, որ հաջողության չի հասնում, և խաղաղություն չի հաստատվում, ապա նաև ներքին ճնշման արդյունքում կսկսի Ուկրաինային ավելի մեծ օգնություն ցուցաբերել»,- եզրափակեց քաղաքագետը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում