Իրանագետը կարծում է, որ Թրամփը հակված է Իրանի հետ փոխզիջման հասնելուն
6 րոպեի ընթերցում

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը միշտ եղել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ վարելը, ոչ թե այդ երկրին հարվածներ հասցնելը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմա Բեգիջանյանն անդրադարձավ ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրանական միջուկային ծրագրի հետ կապված զարգացումներին։
Նա հիշեցրեց՝ երբ Դոնալդ Թրամփը իր կառավարման նախորդ ժամկետում իրանական կողմին նամակ էր ուղարկել Ճապոնիայի վարչապետի միջոցով, Իրանի ղեկավարությունը նույնիսկ չբացեց այդ նամակը, քանի որ ամերիկյան կողմն արդեն իսկ դուրս էր եկել միջուկային ծրագրին առնչվող համաձայնագրից։
Իրանագետի խոսքով՝ հիմա, անկախ ամեն ինչից, Իրանը տրամադրված է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ։
«Թրամփը նախորդ պաշտոնավարման ընթացքում դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրին առնչվող համաձայնագրից և «5+1» բանակցությունների ձևաչափից՝ համարելով, որ համաձայնագիրն ինքնին անպտուղ փաստաթուղթ է և ոչինչ չի տալու բանակցողներին, սակայն երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու ժամանակ Թրամփը քարոզարշավի ընթացքում արտահայտվեց Իրանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծելու օգտին միայն այն պայմանով, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը սկսեց իրականացնել իր խոստումները, նա միաժամանակ իրանական կողմին նամակ հղեց անմիջական բանակցություններ վարելու մասին։ Նամակում կային նաև նախապայմաններ, որոնք, բնականաբար, Իրանի համար անընդունելի են»,- ասաց Բեգիջանյանը։
Նրա դիտարկմամբ՝ թվում էր, թե ամեն ինչ կարող էր բարեհաջող ավարտվել, սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև Իսրայելի գործոնը, որովհետև այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն տրամադրվել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին և հրթիռաշինական գործարաններին, իսկ Թրամփը, շատ ջերմ հարաբերություններ ունենալով Նեթանյահուի հետ, հիմնականում ընդունում է նրա առաջարկները։
Բեգիջանյանը վկայակոչեց Իրանում ծնված և մեծացած իսրայելցի հայտնի փորձագետ Օմրանի տեսակետը, որն ավելի վաղ ասել էր, որ Նեթանյահուն և նրա գլխավորած կաբինետը ցանկանում են, որ Իրանին անպայման հարվածներ հասցվեն։ Պատահական չէ, որ Նեթանյահուն Թրամփի հետ Վաշինգտոնում բանակցելու է երեք հարցի շուրջ՝ Իրանի միջուկային ծրագիր, ամերիկյան մաքսատուրքեր և Գազայի խնդիր։ Այդուհանդերձ, Թրամփը՝ ի տարբերություն Նեթանյահուի, հակված է ոչ թե Իրանին հարվածներ հասցնելուն, այլ իրանական կողմի հետ փոխզիջման հասնելուն։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև Մոսկվայում տեղի կունենան եռակողմ խորհրդակցություններ միջուկային ծրագրի շուրջ՝ Բեգիջանյանը հիշեցրեց, որ առաջին անգամ, երբ ՄԱԿ-ն Իրանի դեմ միջուկային ծրագրերի առնչությամբ բանաձև ընդունեց՝ կիրառելով սահմանափակումներ, Ռուսաստանը կողմ քվեարկեց այդ բանաձևին, իսկ Չինաստանը չեզոք դիրքորոշում որդեգրեց։
«Ռուսաստանը և Չինաստանը նույնպես դեմ են, որպեսզի Իրանն ունենա միջուկային զենք։ Հիմա վերոհիշյալ բանակցությունները, գուցե, միտված են ընդհանուր հայտարարի գալուն, ուստի Իրանին ինչ-որ կերպ փորձում են համոզել բարեկամ համարվող երկրները՝ բանակցելով նույն հարցի շուրջ, որպեսզի բախում չլինի Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ-ն ու Իսրայելն ակտիվորեն համագործակցում են, այնպես որ, եթե լինի հարձակում Իրանի վրա, դա կունենա ավերիչ հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար։ Կլինեն պատմության մեջ աննախադեպ հրթիռակոծություններ։ Թրամփն, իհարկե, սիրում է ամեն ինչ չափազանցնել, բայց եթե թիրախավորվեն Իրանի հրթիռաշինության գործարաններն ու միջուկային օբյեկտները, այնուամենայնիվ, տեխնիկական բազիսը ոչնչացնել չեն կարող, ծայրագույն դեպքում կհետաձգեն գործընթացը, եթե Իրանն իսկապես նպատակադրվի միջուկային զենք ստեղծել»,- նշեց մեր զրուցակիցը։
Բեգիջանյանի հիշեցմամբ՝ իրանական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ հարվածներ ստանալու դեպքում կփոխի իր քաղաքականությունը և կձգտի տրամաբանական ավարտին հասցնել միջուկային ծրագիրը։
«Թեհրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում գտնվում է ապակե սենյակում, և եթե Իրանին հարվածներ հասցվեն, վերջինս կկոտրի սենյակի ապակիները։ Միացյալ Նահանգներն ունի ռազմաբազաներ Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում։ Իսրայելն իր հերթին ունի հենակետեր տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, որոնք կարող են պոտենցիալ թիրախներ դառնալ Իրանի պատասխան հարվածների ժամանակ։ Ի տարբերություն Իսրայելի պնդումների՝ Թրամփն, այդուհանդերձ, կանի ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ն չներքաշվի պատերազմի մեջ, առավել ևս, որ ունի Իրաքի և Աֆղանստանի դառը փորձը։ Ամերիկյան կողմն այդ երկրներից դուրս եկավ առանց իր համար նպաստավոր և լուրջ արդյունքների։ Իրաքն ու Աֆղանստանն իրենց ներուժով բնավ համեմատելի չեն Իրանի հետ։ Թերևս, դա է պատճառներից մեկը, որ Մերձավոր Արևելքում չեն լինի Իրանի հետ կապված լայնամասշտաբ պատերազմական գործողություններ»,- եզրափակեց իրանագետը։