Սփյուռք

Չեխիայի Բռնո քաղաքում հիմնադրված հայկական դպրոցը լինելու է հայապահպանության կարևոր օղակ

4 րոպեի ընթերցում

Չեխիայի Բռնո քաղաքում հիմնադրված հայկական դպրոցը լինելու է հայապահպանության կարևոր օղակ

Նախորդ տարի ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվեց ու իրականացվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որին մասնակցեց նաև Չեխիայի Բռնո քաղաքի ավագանու անդամ, մեր հայրենակից Դիանա Խոջայանը։ Նախապես նա հանդես էր եկել վերոհիշյալ քաղաքում իր հայրիկի՝ Հակոբ Խոջայանի հետ հայկական առցանց դպրոց հիմնելու նախաձեռնությամբ, բայց այսօր ավելի առաջ է գնացել իր ծրագրերում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դիանա Խոջայանը հայտնեց, որ դպրոցն արդեն գործում ոչ թե առցանց տարբերակով, այլ գետնի վրա և նույնիսկ ընդլայնվելու հեռանկարներ ունի։ 

«Մենք շատ ենք կարևորում մեր համայնքի ու հայկական եկեղեցու դերը Բռնո քաղաքի հասարակական կյանքում։ Հայր Բարսեղը պարբերաբար Պրահայից գալիս է Բռնո և մասնակցում մեր համայնքի հետ կապված բոլոր միջոցառումներին։ Ի սկզբանե ցանկանում էինք հիմնել հայկական դպրոց, որպեսզի երեխաները ստանան հայկական կրթություն և ավելի լավ տիրապետեն հայերեն լեզվին։ Տեղի հայկական համայնքն, ի դեմս «Նաիրի» միաբանության, նշված նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում ցուցաբերեց բավականին մեծ ակտիվություն։ Ամեն ինչ արվեց համայնքի ուժերով և հիմա շատ ուրախ ենք, որ գրանցվել է ցանկալի արդյունք, ինչի շնորհիվ տեղաբնակ հայերը կլինեն ավելի համախմբված»,- մանրամասնեց Խոջայանը։ 

Նա տեղեկացրեց, որ Բռնո քաղաքի հայկական դպրոցն առայժմ ունի 30 աշակերտ և երկու ուսուցչուհի։ Ուսումնական հաստատության տարածքը վարձակալվել է մշակութային կազմակերպություններից մեկի շենքում, սակայն աշխատանքներ են տարվում, որպեսզի հայկական դպրոցը մոտ ապագայում ունենա իր սեփական շենքը։

«Աշակերտներն ինչպես Բռնոյից են, այնպես էլ հարակից բնակավայրերից։ Նրանք բաժանված են երկու խմբի՝ 6-10 տարեկան և 11-19 տարեկան։ Առաջին խմբին դասավանդում է Աննա Հովհաննիսյանը, մյուսին՝ Լուսինե Գևորգյանը։ Երկուսն էլ համայնքի ներկայացուցիչներն են, ժամանակին տեղափոխվել են Հայաստանից։ Նրանք արհեստավարժ մանկավարժներ են։ Համոզված ենք, որ իրենց աշխատանքը կկատարեն որակով ու բարձր մակարդակով, առավել ևս, որ նախապես գիտեինք նրանց մասին և սիրով առաջարկեցինք այդ աշխատանքը»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ կրթական պրոցեսում շեշտը նախևառաջ դրվում է լեզվաիմացության և հայերենի պատշաճ ուսուցման վրա, ինչը հայապահպանության ամենակարևոր գործոնն է սփյուռքի գաղթօջախներում։ Տարեց աշակերտերն անցնում են նաև բանահյուսություն և պատմություն։

«Մեզ համար շատ կարևոր է հայրենակիցների միջև առկա անմիջական շփումը։ Դա նպաստում է նրանց միջև ամուր կապերի հաստատմանը։ Համայնքն այդպես դառնում է ավելի կազմակերպված ու ակտիվ։ Այդ ամենը տեսնելով՝ կարող ենք ասել, որ մեզ իսկապես սպասում է լավ ապագա։ Հայրս Բռնոյի քաղաքապետարանի մշակութային հարցերով հանձնաժողովի անդամ է և նույնպես օգտագործում է պատեհ հնարավորությունները՝ օժանդակելու դպրոցի հետ կապված կազմակերպչական աշխատանքներին։ Պատրաստվում ենք մասնակցել նաև ապրիլի 12-ին կազմակերպվելիք մեծ էքսպոյին, որտեղ ներկայացնելու ենք հայկական մշակույթը, մեր ավանդական տարազները»,- մանրամասնեց Խոջայանը։

Նա հայտնեց, որ Պրահայում արդեն իսկ տևական ժամանակ գործում է հայկական դպրոց, հետևաբար իրենք պատրաստվում են փորձի փոխանակման նպատակով համագործակցության հուշագիր ստորագրել երկու հայկական դպրոցների միջև։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում