Տնտեսություն

Զարեհ Սինանյանն ու Մարտին Պետցոլդը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանն ու Մարտին Պետցոլդը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր, ներկայում Բեռլինի Պատգամավորական տան անդամ Մարտին Պետցոլդի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Զարեհ Սինանյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել հերթական Հայաստան այցելության համար, ինչպես նաև բարձր է գնահատել նրա շարունակական ջանքերը՝ նպաստելու հայ–գերմանական հարաբերությունների խորացմանն ու Հայաստանի զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը Զարեհ Սինանյանին է ներկայացրել իր կուսակցության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչ ուղղություններով կարող են նպաստել Հայաստան–Գերմանիա երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, ինչպես նաև Բեռլինի Լիխտենբերգ շրջանի և Երևանի Կենտրոն համայնքի միջև գործընկերություն հաստատելու վերաբերյալ առաջիկա հարցերը։

Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկվել է Բեռլինում տնտեսական բիզնես ֆորումի անցկացման հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ այդ ուղղությամբ։

Հանդիպման վերջում Զարեհ Սինանյանն ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կարևորությունը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ լիազորությունների շրջանակում ամեն կերպ օժանդակելու այս գործընթացին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում