Հանրահայտ Hooverphonic խումբը Հայաստանում է և հանդիպել է Թումոյի ուսանողների հետ
6 րոպեի ընթերցում
Երևանի Թումոյի շենքում կայացավ բացառիկ հանդիպում Hooverphonic բելգիական աշխարհահռչակ բենդի և տեղի ուսանողների միջև։ Միջոցառումը ներառում էր երիտասարդ թումոցիների կողմից Hooverphonic-ի երգերի կատարում, հարցուպատասխան և անկաշկանդ շփում՝ ստեղծարար կրթական միջավայրում։
Խմբի ստեղծման 25-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակում հանրահայտ երաժիշտները ժամանել են Հայաստան։ Խմբի անդամները նախապես լսել էին Թումոյի մասին և որոշել էին այցելել ուսանողներին։ Օգտվելով բացառիկ առիթից՝ Թումոյի ուսանողական «Ուրու», «Կանգուն» և «Զրանգի» բենդերն աշխարհահռչակ երաժիշտների ներկայությամբ կատարեցին նրանց հանրահայտ երգերը՝ «Mad about you», «2-Wicky», ինչպես նաև հիթ դարձած այլ հայտնի երգերի քավր տարբերակները։ Ուսանողներն անմիջականորեն շփվեցին և զրուցեցին երաժիշտների հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում մասնագիտությամբ երաժշտության ուսուցիչ, Թումոյի հատուկ նախագծերի դասընթացավար Արիկ Գրիգորյանը նշեց, որ շուրջ տասը տարի նա Թումոյում ստեղծում է շնորհալի ուսանողներից բաղկացած խմբեր, նրանց սովորեցնում է նվագել ու ստեղծել երաժշտություն։
«Բելգիական այս աշխարհահռչակ խմբի այցն իսկապես նշանակալից իրադարձություն է մեր ուսանողների համար։ Hooverphonic-ը միջազգային մեծ ճանաչում ունի, բավականին հայտնի է նրանց «Mad about you» («Քեզնով խենթացած») երգը, որն օգտագործվել է տարբեր ֆիլմերում։ Հայաստանում Բելգիայի դեսպանությունը կազմակերպեց նրանց այցը Հայաստան, որտեղ կայանալու է հանրահայտ խմբի համերգը։ Երաժիշտներն իրենք են ցանկացել այցի շրջանակում գալ Թումո և շփվել ուսանողների հետ։ Մենք էլ նրանց համար նախապես պատրաստել ենք հաճելի անակնկալ։ Մեր ուսանողները կատարելու են նրանց հայտնի երգերը»,- ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ ուսանողներն ի ծնե շնորհալի են, պարզապես պետք է բացահայտել նրանց հմտությունները, առավել ևս, որ ընտրել են երաժշտության բաժինը և, ինչ խոսք, պետք է նպաստել նրանց հետագա առաջընթացին։
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց նաև աշխարհահռչակ բենդի անդամների հետ, ովքեր ներկայացրին իրենց տպավորություններն հայաստանյան այցի և ուսանողների հետ հանդիպման առթիվ։
Գեյկե Արնաերտը նշեց, որ Հայաստանն այնպիսի տպավորիչ ու գեղեցիկ վայր է, որի նման ոչինչ դեռ չէր տեսել և իսկապես տպավորված է Հայաստան կատարած այցով։
«Մարդիկ այստեղ շատ բարետես են ու ջերմությամբ են ընդունում հյուրերին։ Մենք միշտ աշխատում ենք երիտասարդներին ուղեկցել դեպի ապագա, ինչը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Արդեն մեզ տեղեկացրել են, որ Թումոյի ուսանողները պատրաստվում են կատարել մեր երգերը։ Դա շատ հուզիչ է»,- ասաց Գեյկե Արնաերտը։
Ռայմոն Գիրցը նշեց, որ իրենց այցը և երիտասարդների հետ հանդիպումն ուղղակի ցնցող տպավորություն է թողել իրենց վրա։
«Իսկապես անհավատալի է, որ երիտասարդներին տրվել է նման հնարավորություն, և մենք այցի առաջին իսկ օրը տեսնում են նրանց շնորհքն ու հմտությունները։ Նրանք իսկապես տաղանդավոր երիտասարդներ են։ Ես գիտեմ, որ հաջորդ տարի նման մեկ միջոցառում էլ նախատեսված է անցկացնել Բելգիայում։ Ուսանողների ու մեզ համար նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն, սա մեծ փորձ է, և կարևոր չէ, թե որտեղ են կայանում այդ հանդիպումները։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել մարդկանց հետ՝ օգտագործելով նման բացառիկ առիթները։ Մենք առաջին անգամ ենք Հայաստանում, և տպավորություններն ուղղակի հնարավոր չէ նկարագրել պարզ խոսքերով։ Հաճելի է տեսնել, որ մեր խումբն այսքան հայտնի է ձեր երկրում»,- ասաց Ռայմոն Գիրցը։
Ալեքս Կալյեն իր հերթին նշեց, որ Հայաստանում ունեն բավականին հագեցած ծրագիր և իրենց այցը բնորոշեց մեկ բառով՝ ֆանտաստիկա։
«Շատ շնորհակալ ենք նման հնարավորություն ընձեռելու համար։ Հաճելի է տեսնել, թե ինչ տրամադրությամբ են երիտասարդները եկել այստեղ և ինչ հույսեր են փայփայում։ Այն, որ մեզ Հայաստանում լավ ճանաչում են և երգում են մեր երգերը, մեզ համար իսկապես մեծ պատիվ է։ Նման այցն ինձ համար երազանքի պես մի բան է, տեսնել ու շփվել այսքան շնորհալի երիտասարդների հետ, ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Այս ամենն իսկապես շատ տպավորիչ է»,- ասաց Ալեքս Կալյեն։
Hooverphonic-ը բելգիական երաժշտական խումբ է, որը ստեղծվել է 1995 թվականի հոկտեմբերին: Թեև ի սկզբանե դասակարգվել է որպես թրիփ-հոփ ոճի խումբ, բայց արագորեն ընդլայնել է իր երգացանկը և այլևս չի նկարագրվում որպես մեկ ժանրի պատկանող բենդ:
Խումբն ի սկզբանե կոչվել է Hoover, սակայն հետագայում վերանվանվել է Hooverphonic ՝ խուսափելու համար շփոթությունից այն խմբերի հետ, որոնք արդեն օգտագործում են Hoover անվանումը:
Ձևավորումից ի վեր Hooverphonic-ի կազմը բաղկացած էր բաս կիթառահար Ալեքս Կալյեից, կիթառահար Ռայմոնդ Գիրցից և տարբեր երգիչներից։ Նշանավորներից էին Լիզե Սադոնիուսը (1996–1997), Գեյկե Արնաերտը (1997–2008, 2020–մինչ օրս), Նոեմի Վոլֆսը (2010–2015) և Լուկա Կրոյսբերգը (2018–2020)։
Խումբը պետք է ներկայացներ Բելգիան Ռոտերդամում «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում՝ կատարելով «Release Me» երգը, սակայն 2020 թվականի մարտի 18-ին միջոցառումը չեղարկվեց COVID-19 համաճարակի պատճառով։ Դրա փոխարեն խումբը Բելգիան ներկայացրեց «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում և կատարեց «The Wrong Place» երգը։