Վերլուծություն

Տարբեր հանգամանքների բերումով հութիներն ընկալվում են և՛ որպես գործոն, և՛ որպես գործիք. արաբագետ

7 րոպեի ընթերցում

Տարբեր հանգամանքների բերումով հութիներն ընկալվում են և՛ որպես գործոն, և՛ որպես գործիք. արաբագետ

Արաբագետ Գոռ Գևորգյանը կարծում է, որ Եմենի «Անսար Ալլահ» հութիական շարժումը մերձավորարևելյան զարգացումներում տարբեր հանգամանքների բերումով ընկալվում է և՛ որպես գործոն, և՛ որպես գործիք, ընդ որում՝ այդ տարընկալումը կրում է պարբերական բնույթ։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գոռ Գևորգյանն անդրադարձավ մերձավորարևելյան վերջին զարգացումներին և դրանց առանցքում հատկապես հութիների դերակատարությանը, նրանց պայքարի տրամաբանությանն ու հնարավորություններին։ 

«Եթե ասվածը դիտարկվի նույն տրամաբանության մեջ, ապա ամբողջ աշխարհում կարելի է առանձնացնել տարբեր ուժեր, որոնց նկատմամբ որոշ պետությունների կողմից կոնկրետ իրավիճակներում ցուցաբերվում են ընդգծված դիրքորոշումներ։ Հութիների շարժումը նույնպես ազդեցիկ որևէ ուժի ձեռքում կարող է լինել գործիք։ Առհասարակ պետք է հասկանալ, թե գլոբալ այս կամ այն խնդրի շուրջ ընթացող զարգացումներում ովքեր են շահագրգիռ կողմերը, որպեսզի պարզ դառնա, թե որքանով են նրանք գործիք կամ գործոն»,- ասաց Գևորգյանը։

Նրա կարծիքով՝ Մերձավոր Արևելքը վերջին շրջանում թևակոխել է անչափ բարդ մի ժամանակահատված այն առումով, որ հստակ ձևավորվել են երկու տարածաշրջանային գործոններ՝ Թուրքիան և Իսրայելը, թեև նրանցից յուրաքանչյուրը տարբեր հանգամանքներում կարող է ընկալվել որպես գործիք։ Տարբեր իրավիճակներում նրանք դրսևորել են իրենց շահերից բխող քաղաքականություն՝ հանդիսանալով նաև որպես գործոն, քանզի ամբողջությամբ չեն ենթարկվել ինչ-ինչ ուժերի արտաքին քաղաքական կոնյուկտուրային։ 

«Իրավիճակը բարդացել է նաև այն առումով, որ խաղից դուրս են եկել կամ որոշակիորեն կորցրել են իրենց ազդեցությունն այն փոքր ուժային կենտրոնները, որոնք Մերձավոր Արևելքում տևական ժամանակ ստեղծել են ռազմաքաղաքական իրողություններ ու եղանակ փոխել։ Խոսքը վերաբերում է նախևառաջ ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան դիմադրությանը միտված խմբավորումներին, որոնք համագործակցել են տարբեր կենտրոնների հետ։ «Հըզբոլլահը» նույնպես տևական ժամանակ եղել է ազդեցիկ գործոն, ունեցել է անմիջական մասնակցություն մերձավորարևելյան ճգնաժամում։ Խաղից դուրս է եկել նաև Բաշար Ասադի իշխանությունը, որը նույնպես տևական ժամանակ նշված եռանկյունում ունեցել է ազդեցություն և դերակատարություն՝ լինելով տարածաշրջանային իրական գործոն»,- պարզաբանեց արաբագետը։

Պատասխանելով այն հարցին, թե հութիները միայնակ կարո՞ղ են տևական ժամանակ դիմակայել Իսրայելին կամ ԱՄՆ-ին և վերջիններիս կհաջողվի՞ ծնկի բերել նրանց, Գևորգյանն ընդգծեց, որ հութիներին աջակցող ուժը կամ ուժերը նրանց գործոնը սովորաբար կապում են Իրանի հետ՝ չնայած աջակցողների շարքում նշվում են այլ երկրներ՝ Էրիթրեան, Իրաքը, մինչև Ասադի հեռանալը նաև Սիրիան։

«Հիմա փաստացի միակ պետությունը, որի հետ կապում են հութիներին, Իրանն է, որը շարունակում է տարածաշրջանում մնալ բավականին ազդեցիկ պետություն, թեև պաշտոնական Թեհրանը հերքում է իր կապը հութիների հետ։ Վերջերս Իսրայելը պատասխան հարված հասցրեց Սանայի օդանավակայանին, որովհետև դրանից առաջ հութիները բալիստիկ հրթիռով հարվածել էին Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին։ Հարց է առաջանում, թե հութիներն այդ հրթիռը որտեղից էին ստացել, եթե իրենք Եմենում սեփական ուժերով չեն կարող արտադրել նման սպառազինություն, քանի որ չունեն տեխնոլոգիական համապատասխան պայմաններ, հետևաբար ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե նրանց հետևում կանգնած ուժը երբ հետ կքաշվի։ Եթե իսրայելա-ամերիկյան ուժերը որոշել են հարցը վերջնականապես փակել, ապա մոտ ապագայում կարող են հասնել ինչ-որ հանգրվանի»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Արևմուտքը ժամանակին մի քանի երկրներում իրականացնելով իշխանափոխության միտված «արաբական գարուն» նախաձեռնությունը՝ կոնկրետ Եմենում, գուցե, ձախողվել է իր հաշվարկների մեջ, քանի որ ասպարեզ է եկել հակոտնյա «Անսար Ալլահը», Գևորգյանն ասաց, որ «արաբական գարունը» բացի ուղղորդիչ դրսևորումներից, այնուամենայնիվ, ունեցել է օբյեկտիվ հենք։

«Կուտակված է եղել դժգոհության ահռելի չափաբաժին, որը մի օր պայթել է, հետևաբար փորձել են դա օգտագործել՝ իրողությունները փոխելու նպատակով։ Կան չորս երկրներ, որոնցում «արաբական գարնան» միջոցով եղել է իշխանափոխություն։ Դրանից մեկը Եմենն է, բայց այնտեղ ու նաև Լիբիայում, բացի «արաբական գարնան» ուղղորդումներից, գործել է նաև չգրված կանոնադրությունը։ Դա ցեղայնականության բանաձևն է, այսինքն՝ կոնկրետ Եմենում ցեղախմբերի միջև պայմանավորվածությունները միշտ վեր են դասվել պետական համակարգի կողմից ընդունված օրենսդրական ակտերից, ասել է թե՝ ցեղային կամ կլանային համակարգի կողմից ընդունված որոշումները եղել են դոմինանտ պետական կառավարման համակարգի նկատմամբ»,- նշեց Գևորգյանը։  

Արաբագետի խոսքով՝ այդ տրամաբանության մեջ Արևմուտքի կողմից հաճախ իրականացվող գունավոր, երկարատև գործընթացները, այսպես կոչված հեղափոխությունները, հաշվի չեն առել տեղի երկրների սովորույթները, դրանցում ձևավորված ավանդույթները, ներհամայնքային հարաբերությունները, միջկրոնական առանձնահատկությունները, հետևաբար այն պրոյեկտները, որոնք ցանկացել են կյանքի կոչել արաբական երկրներում, սովորաբար ձախողվել են կամ այդ նախաձեռնությունները հանգեցրել են ոչ ցանկալի արդյունքի։  

«Գործել է արաբական աշխարհը սեփական տեսանկյունից ժողովրդավարացնելու գլոբալ ծրագիր, մինչդեռ արաբները շատ հստակ ցույց են տվել, որ իրենց համար իսլամը՝ իր բոլոր դոգմաներով հանդերձ, արդեն իսկ համարվում է ժողովրդավարական կրոն և կացութաձև։ Եթե ուզում ես որևէ բանաձև բերել այս կամ այն երկիր, ապա պետք է հաշվի առնես այդ պետության ինքնությունն ու բնույթը, գիտակցես, թե արդյոք տեղի բնակչությունը պատրա՞ստ է ընդունել դրսից ներդրված թեկուզ ժողովրդավարական մոդելը։ Հենց Եմենի դեպքում ունենք չստացված մոդել։ Դրսի ուժերը, որոնք ցանկանում են նոր իրավիճակ ստեղծել, օգտագործում են այդ հանգամանքը, փորձում են սկզբում աջակցել ու խրախուսել, թեկուզ քողարկված ձևով, բայց երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձում են դրա դեմ պայքարել։ Այդպես ժամանակին եղավ «Ալ-Քաիդայի» դեպքում։ Օրինակները շատ-շատ են»,- եզրափակեց արաբագետը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում