Իրանն ազդակներ է ուղարկում Ադրբեջանին, որպեսզի զգուշանա հակաիրանական դիրքավորումներից․ ադրբեջանագետի վերլուծությունը
6 րոպեի ընթերցում

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը կարծում է, որ Իսրայելի հետ սերտորեն համագործակցելով՝ Ադրբեջանը փորձում է հնարավոր հակաիրանական դիրքավորումն օգտագործել Հայաստանի դեմ՝ իր հետագա գործողությունների տեսանկյունից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Տաթև Հայրապետյանն անդրադարձավ Ադրբեջանի և Իսրայելի միջև ձևավորված հարաբերություններին և այդ համատեքստում Նովրուզի կապակցությամբ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձին, որում Թրամփը իր երախտագիտությունն էր հայտնել ադրբեջանական կողմին՝ Իսրայելի հետ բարեկամության, այդ երկրին ցուցաբերած աջակցության համար։
«Դոնալդ Թրամփի շնորհավորանքը բավականին ուշագրավ էր։ Թեև նման ուղերձներ հնչել են նաև նախորդ տարիներին, սակայն այս անգամ առավել հետաքրքիր նախադասությունը վերաբերում էր Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությանը։ Դրան նախորդել էր Թրամփի հանդիպումն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Վերջին շրջանում՝ մասնավորապես դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ադրբեջանական կողմը շատ ակտիվ աշխատանք է տարել։ Օրինակ՝ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը երկու անգամ այցելեց Իսրայել, իսկ փետրվարին հանդիպեց նաև Նեթանյահուի հետ՝ քննարկելով Ադրբեջանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև եռակողմ հարթակ ձևավորելու հարցը»,- ասաց Հայրապետյանը։
Նա հավելեց, որ ադրբեջանական կողմն ակտիվ ու ինտենսիվ լոբբինգ է իրականացնում այդ ուղղությամբ, հետևաբար Թրամփի դիտարկումն այդ ամբողջ այցերի և ջանքերի արդյունքն է։ Ըստ Հայրապետյանի՝ ապրիլի վերջին և մայիսի սկզբին վերջնականապես պարզ կդառնա, թե Թրամփի վարչակազմն ինչ որոշում կկայացնի 907 բանաձևի վերաբերյալ։
«Փաստորեն կպարզվի, թե հետագայում Ադրբեջանին կվաճառվի արդյոք սպառազինություն, թե՞ գործելու են նախկին կարգավորումները։ Հենց այդտեղ էլ կդրսևորվի Վաշինգտոնի վերաբերմունքը հետագա հնարավորությունների առումով, որոնք վերաբերում են Ադրբեջանի հետ հարաբերություններին»,- պարզաբանեց ադրբեջանագետը։
Հայրապետյանի կարծիքով՝ ցանկացած համագործակցություն ինքնանպատակ չի լինում։ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով ակտիվորեն ներգրավվելով 44-օրյա պատերազմում՝ ունեցել է սեփական շահերով պայմանավորված և ապագայի հետ կապված ակնկալիքներ։
«Մամուլում հրապարակվում են նյութեր, որ Իսրայելը հետախուզական որոշակի գործողություններ է իրականացնում Իրանի դեմ այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և սահմանակից են Իրանին։ Դրանով իսկ Իսրայելն ընդհուպ մոտեցել է Իրանի սահմաններին։ Միևնույն ժամանակ, կան հրապարակային տվյալներ Ադրբեջանի ու Իսրայելի էներգետիկ սերտ համագործակցության մասին, որը վերջինիս օգնում է հատկապես ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» դեմ գործողությունների ժամանակ։ Ադրբեջանն Իսրայելին տրամադրում է գազի ու նավթի զգալի պաշարներ, ինչը հենց վկայում է էներգետիկ ակտիվ համագործակցության մասին, հետևաբար Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է որպես հակաիրանական կարևոր հենակետ Հարավային Կովկասում։ Ադրբեջանն էլ դեմ չէ իր ծառայություններն ի սպաս դնել իսրայելական շահերը սպասարկելու համար, որոնք ուղղված են Իրանի դեմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ Բաքուն այդ խաղաքարտն օգտագործում է Թրամփի վարչակազմի հետ սերտ կապեր հաստատելու համար։ Իսրայելը նույնպես կիրառում է այդ խաղաքարտը, որպեսզի Սպիտակ տունը պատշաճ ուշադրություն դարձնի Ալիևին, ուստի այդ համատեքստում տարվում են շատ ակտիվ աշխատանքներ։
«Այստեղ պակաս կարևոր չեն մեր հետ կապված խնդիրները, այսինքն՝ այդ տիրույթում է նաև, որ Ադրբեջանը փորձում է լուծել մեր հետ կապված խնդիրները, մասնավորապես հասնել նրան, որ աչքաթող արվի կամ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ուշադրություն չդարձնի այն հանգամանքին, եթե Ադրբեջանը գործողությունների գնա Հայաստանի դեմ։ Վերջերս Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ուոլցը զանգահարել էր Բաքու և բարձրաձայնել հայ գերիների թեման, ինչը բավականին ծանր էր ընկալվել Բաքվում, ինչից հետո Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում։ Այս հարցերը փոխկապակցված են և ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանը փորձում հնարավոր հակաիրանական դիրքավորումն օգտագործել Հայաստանի դեմ՝ իր հետագա գործողությունների տեսանկյունից»,- ասաց Հայրապետյանը։
Նա, այնուամենայնիվ, հավելեց, որ Բաքվում, ուզեն, թե չուզեն, պետք է հաշվի առնեն նաև Իրանի դիրքորոշումը, առավել ևս, որ վերջին շրջանում իրանցի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Բաքու և քննարկում անվտանգային կարևոր հարցեր։ Ադրբեջանում հետևում են բոլոր միտումներին։ Առաջիկայում նախատեսվում է նաև Իրանի նախագահի այցը Բաքու։
«Իրանական կողմը դրսևորում է իր բավականին հայտնի դիվանագիտությունն ու քաղաքականությունը և փորձում է ոչ թե ուղղակի ասել, այլև այլ մեթոդներով, դիվանագիտական խողովակներով հասկացել Բաքվին, որ վերջինիսի վարքագիծն ընդունելի չէ Թեհրանի համար։ Կարծում եմ, որ Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը ևս կարելի է որոշակիորեն դիտարկել այդ համատեքստում, այսինքն՝ Իրանը դրանով իսկ ազդակներ է ուղարկում Ադրբեջանին, որպեսզի զգուշանա հակաիրանական դիրքավորումներից»,- եզրափակեց ադրբեջանագետը։