Վերլուծություն

Թրամփի թիմում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Իրանի դեմ պատերազմը հղի է լուրջ վտանգներով․ քաղաքագետ

6 րոպեի ընթերցում

Թրամփի թիմում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Իրանի դեմ պատերազմը հղի է լուրջ վտանգներով․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հակված է ավելի կառուցողական քաղաքականություն վարել Մերձավոր Արևելքում և խնդրահարույց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ չենթարկվելով իսրայելական ազդեցիկ լոբբիի ճնշումներին։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Վարդանյանն անդրադարձավ ԱՄՆ-ի և Իսրայելի փոխհարաբերություններին, այդ համատեքստում Թրամփ-Նեթանյահու հանդիպմանը, ինչպես նաև Օմանում նախանշված ամերիկա-իրանական բանակցություններին։  

«ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները միշտ կրել են դաշնակցային բնույթ, իսկ Թրամփը համարվում է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաիսրայելամետ նախագահը և ընտրվելու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ առաջ է մղելու Իսրայելի շահերը։ Սակայն Նեթանյահուի հետ նրա վերջին հանդիպումն, իսրայելական կողմի կարծիքով, այնքան էլ հաջող չի անցել, որովհետև իսրայելական մամուլում եղան պնդումներ, թե այն նպատակները, որ իր առջև դրել էր վարչապետ Նեթանյահուն, չի հաջողվել իրականացնել և Թրամփին համոզել, որպեսզի ամերիկյան զինուժը հարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտներին»,- ասաց Վարդանյանը։ 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի բոլոր նախագահների վրա եղել են ճնշումներ, սակայն նրանք ազատության և անկախության որոշակի աստիճան ունեցել են՝ ոմանք շատ, ոմանք ավելի քիչ։ Ըստ նրա՝ Թրամփի թիմում նույնպես կան մարդիկ, որոնք կարծում են, որ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար հղի է լուրջ վտանգներով։ Նույնիսկ ոչ վաղ անցյալում Թրամփ-Նեթանյահու համատեղ ասուլիսներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը շեշտեց, որ Իրանը տակավին ուժեղ երկիր է, ուստի իր համար առաջնահերթություն է իրանական կողմի հետ միջուկային ծրագրի շուրջ կառուցողական բանակցություններ վարելն ու խաղաղ պայմաններում միջուկային գործարք կնքելը։    

«Թրամփը կարող է դիմակայել ԱՄՆ-ում գործող ազդեցիկ իսրայելական լոբբիի ճնշմանը։ Նա ունի անկախության որոշակի աստիճան և, չնայած այն հանգամանքին, որ մեծ է նաև իսրայելական լոբբիի ազդեցությունը, այդուհանդերձ, չի կարելի ասել, որ Թրամփն ամբողջովին գտնվում է դրա ազդեցության ներքո»,- նշեց քաղաքագետը։ 

Վարդանյանը կիսում է այն տեսակետը, որ Միացյալ Նահանգների գործող նախագահը որոշակիորեն վերանայել է պաշտոնավարման առաջին շրջանում կատարած կտրուկ քայլերը, մասնավորապես միջուկային գործարքից 2018 թվականին դուրս գալու հանգամանքը և հիմա փորձում է գնալ ավելի կառուցողական ճանապարհով։   

«Ամբողջ հարցն այն է, որ Միացյալ Նահանգներում և Իսրայելում շատերը մտահոգ են, որ Իրանին անկյուն մղելը կարող է վատ հետևանքների բերել։ ԱՄՆ-ում իշխում է երկու տեսակետ։ Մի մասը կարծում է, որ Իրանի նկատմամբ պետք է վարել վերջինիս բանակցություններում ներգրավելու քաղաքականություն, որպեսզի Իրանը լինի ավելի կանխատեսելի երկիր, իսկ մյուս մասը գտնում է, որ Իրանի նկատմամբ պետք է վարվի առավելագույն ճնշման քաղաքականություն։ Նրանք, ովքեր հակադարձում են ավելի կոշտ դիրքորոշում որդեգրած կողմին, նշում են, որ ճնշումները կարող են ունենալ հակառակ էֆեկտ և դրդել Իրանին, որ ի վերջո ստեղծի միջուկային զենք, առավել ևս, որ փորձագետների համոզմամբ՝ Իրանն ունի այնքան հարստացված ուրան, որ կարող է ստեղծել առնվազն երեք միջուկային ռումբ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։  

Անդրադառնալով Օմանում նախանշված ԱՄՆ-Իրան բանակցություններին և ակնկալիքներին՝ Վարդանյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև բանակցությունները երբեք չեն ընդհատվել և միջնորդավորված կայացել են նույնիսկ ծայրահեղ լարված իրավիճակների պայմաններում։ 

«Դրանք եղել են շատ գաղտնի։ Օրինակ՝ երբ 2015 թվականին ստորագրվեց միջուկային համաձայնագիրը, նշվեց, որ ԱՄՆ-ն և Իրանը գաղտնիության քողի ներքո բանակցել են շուրջ 12 տարի։ Ընդ որում՝ այդ ընթացքում փոխվել են Միացյալ Նահանգների ադմինիստրացիաներ ու նախագահներ։ Կողմերի միջև միշտ պահպանվում է խորհրդատվական խողովակներով իրականացվող կապը։ Երկխոսությունը հիմնականում իրականացվում է երրորդ երկրների՝ Շվեյցարիայի և Օմանի միջնորդությամբ, ուստի նախանշված նոր հանդիպումն իրականում նորություն չէ։ Կողմերը, կարծես, տրամադրված են, որպեսզի միջուկային գործարքը կայանա և հակված են նրան, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և իրենք չգնան առճակատման»,- ասաց քաղաքագետը։

Նա հավելեց, որ իրանական կողմի միակ մտահոգությունը կապված է երաշխիքների հետ, որ ամերիկյան կողմը նորից դուրս չի գա պայմանագրից, ինչպես դա արեց 2018 թվականին։ Պատահական չէ, որ ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդն իր հանրային ելույթի ժամանակ ամերիկյան կողմից պահանջեց հստակ և գործուն երաշխիքներ։  

«Փաստորեն պետք է լինի այնպիսի գործարք, որ ապագայում ամերիկացի ոչ մի նախագահ միակողմանիորեն այն չչեղարկի կամ դուրս չգա դրանից։ Սա է մտահոգիչ հիմնական խնդիրը։ Իրանում նույնպես պատրաստակամ են, որպեսզի կնքվի նման համաձայնագիր, քանի որ այդ երկիրը տակավին գտնվում է կոշտ պատժամիջոցների ներքո, և որպեսզի տնտեսությունն ազատ շնչի, նրանց նույնպես պետք է այդ համաձայնագիրը, հետևաբար Օմանում կայանալիք բանակցություններից ակնկալիքները բարձր են։ Դատելով հայտարարություններից՝ կողմերը տրամադրված են լավատեսորեն»,-եզրափակեց քաղաքագետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում