ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
1 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնին օգտագործել իրենց տարածքը, սպառնացել է դաժան հատուցմամբ՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների շարունակման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«ԱՄՆ-ն և այն պետությունները, որոնք նրան են տրամադրում իրենց ռազմակայանները տարածաշրջանում (ամերիկյան ուժերի) տեղակայման համար, պետք է իմանան, որ կարմիր գծերի հատումը և քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները կհանգեցնեն չափազանց դաժան հատուցման», - նշված է հաղորդագրության մեջ։
Թեհրանում նախազգուշացրել են, որ հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը կհասցնի ավելի ավերիչ պատասխան հարվածներ՝ «այնպիսիք, որոնք ընդմիշտ կմնան պատերազմների պատմության մեջ»:
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ ամերիկյան հարվածներից երկրում զոհերի թիվը հասել է 8-ի, թիրախավորվել են կամուրջներ, օդանավակայան և երկաթուղային կայարան։