Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է իրանական աղբյուրը։
«Նորին գերազանցությունը մոտ ապագայում չի հայտնվի հանրության առջև՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կառավարությունը սպասում է իրավիճակի կարգավորմանը։ Այնուհետև նա կհայտնվի հանրության առջև», - ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական պետական լրատվական գործակալության աղբյուրը նաև նշել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը կամ հանդիպումը։
Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին հասցրած համատեղ հարվածների հետևանքով։ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել իր հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում։
Հետագայում, հուշագրի իրականացման վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցություններ են տեղի ունեցել Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում:
Հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հուլիսի 13-ին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, և որ Վաշինգտոնը կրում է դրա չկատարման ամբողջական պատասխանատվությունը: