ԱՄՆ-ն այժմ կառուցողական մոտեցում է դրսևորում Իրանի միջուկային ծրագրի հարցում, լավատես են նաև Թեհրանում. իրանագետի վերլուծությունը
8 րոպեի ընթերցում

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է, որ Օմանում ԱՄՆ-ի ու Իրանի միջև կայացած հանդիպումը` ի տարբերություն բանակցություններին նախորդած ժամանակաշրջանի կոշտ հայտարարություններին, ցույց տվեց, որ կողմերը պատրաստ են դրսևորել կառուցողական մոտեցումներ և գտնել խնդրահարույց հարցերի լուծման տարբերակներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձավ Օմանում կայացած իրանա-ամերիկյան բանակցություններին և այդ համատեքստում միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման հեռանկարին։
«Նախապես ԱՄՆ-ի մոտ նկատվում էր վերջնագրի տեսքով խոսելու հանգամանքը, ինչի վկայությունն էր համապատասխան բովանդակությամբ նամակի հղումը իրանական կողմին, բայց Իրանի պատասխան նամակի պարագայում նկատելի դարձավ, որ կողմերի միջև, այնուամենայնիվ, կա ընդհանուր ըմբռնում ու բանակցությունների գործընթացը մեկնարկելու և առաջ մղելու իրական ցանկություն։ Օմանյան հանդիպումը միջնորդավորված էր՝ ի տարբերություն նախապես հնչած հայտարարությունների, թե ձևաչափն ուղիղ է լինելու։ Բանակցությունների բնույթը և Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ կողմերի դիրքորոշումները միմյանց գրավոր փոխանցելու տարբերակը խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները` ի տարբերություն բանակցություններին նախորդած ժամանակաշրջանում հնչեցրած հայտարարությունների, ավելի կառուցողական պատրաստակամություն է դրսևորում Իրանի միջուկային ծրագրի հարցում»,-ասաց Դավթյանը։
Նրա դիտարկմամբ՝ կառուցողական մթնոլորտի համար կան դրական պատճառներ։ Նախևառաջ կարևոր է իրավական գործոնը, քանի որ չկա որևէ իրավական հիմք՝ մեղադրելու Իրանին, որ վերջինս միջուկային ծրագիրը զարգացնում է միջուկային զենք ստեղծելու համար, հետևաբար ԱՄՆ-ի համար բավարար չէ առանց իրավական հիմքեր ունենալու և շրջանցելով Միացյալ Նահանգների հարկատուների շահերը՝ երկիրը ներքաշել Իրանի նման պետության հետ պատերազմի մեջ, ինչը թե՛ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների անվտանգության, թե՛ տնտեսական շահերի տեսանկյունից բնավ ձեռնտու չէ Վաշինգտոնի համար։
«Հաշվի առնելով նշված գործոնները՝ ԱՄՆ-ի համար միանգամայն շահավետ է վարել կառուցողական բանակցություններ։ Ներկա փուլում միջազգային ԶԼՄ-ներում առկա դրական արձագանքները, բանակցող կողմերից և Օմանից հնչած հայտարարությունները միանգամայն խոստումնալից են, բայց այստեղ կա ևս մեկ հանգամանք, որը պետք է հաշվի առնել ու չանտեսել։ Դա Իսրայելի շահն է։ Իսրայելական մամուլի և վերլուծական կենտրոնների հրապարակումներում նկատելի էին ձևակերպումներ, որոնց համաձայն՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնությունը կամ` որպես վերջնարդյունք, համաձայնագրի ձեռքբերումը բնավ չի համապատասխանում Իսրայելի շահերին։ Ուստի, բացառված չէ, որ իսրայելական լոբբին կարող է ԱՄՆ-ում որոշակի ազդեցություն ունենալ և կփորձի ճնշումներ գործադրել Թրամփի որդեգրած քաղաքական գծի վրա, որպեսզի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հանգուցալուծում չստանան»,- մանրամասնեց իրանագետը։
Դավթյանի կարծիքով՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի համար՝ որպես գլխավոր թիրախ, իրականում ոչ թե Իրանն է, այլ Չինաստանը, որի հետ այսօր արդեն իսկ մղում է, այսպես ասած, տնտեսական պատերազմ։
«Ռեսուրսների մեծ մասը սպառել Իրանի պես երկրի միջուկային ծրագրի վրա կամ վտանգել սեփական դիրքերը Մերձավոր Արևելքում՝ Չինաստանի թեման թողնելով լուսանցքում, միանգամայն ձեռնտու չէ Միացյալ Նահանգների համար, հետևաբար կարելի է ենթադրել, որ այս գործընթացը դրական վերջաբան կունենա։ Բայցևայնպես, կանխատեսելի է նաև հրեական լոբբինգի ազդեցությունն ու ճնշումը, առավել ևս, որ Դոնալդ Թրամփի վարչակազմում գործում են նաև պետքարտուղարի ու Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի նախագահի բանագնացի քաղաքական թևերը, որոնց դիրքորոշումները նույնական չեն, ինչը երևաց վերջին օրերին նրանց ձևակերպումներից։ Այնտեղ նույնպես ամեն ինչ միանշանակ չէ․ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քաղաքական լուծումների տարբերակները հակասական են»,- ասաց մեր զրուցակիցը։
Իրանագետը հիշեցրեց, որ դեռևս նախագահ Բայդենի կառավարման ժամանակ և դրան նախորդած շրջանում Իրանը պահանջում էր հստակ երաշխիքներ, որպեսզի հնարավոր համաձայնագրի ձեռքբերման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե ով է նախագահում ԱՄՆ-ում, Վաշինգտոնը կրի պարտավորություն համաձայնագրի կատարման համար։ Իսկ Իրանից պահանջում էին նվազեցնել կամ զրոյացնել ոչ միայն միջուկային օբյեկտների գործունեությունը, այլև հրթիռային արդյունաբերությունը, սակայն նման պահանջներ այժմ չեն նկատվում։
«Իրանը կողմ է թեկուզ միջնորդավորված, բայց ավելի թափանցիկ երկխոսության և միաժամանակ արտահայտել է բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, թեև երկուստեք կան նաև մտավախություններ։ Ամերիկյան կողմի մտավախությունները փարատելու համար Իրանը պատրաստ է համաձայնագրի կնքումից հետո թույլատրել ՄԱԳԱՏԷ-ին՝ վերահսկել միջուկային օբյեկտների գործունեությունը։ Բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկից առաջ արդեն իսկ նախատեսված է հիշյալ կառույցի ղեկավար Գրոսիի այցը Թեհրան։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի մտահոգություններին, ապա վերջինս պահանջում է, որ իր դեմ գործող տնտեսական պատժամիջոցները զուգահեռաբար չեղարկվեն, որպեսզի բանակցությունները տեղափոխվեն ուղիղ ձևաչափ։ Դա ցույց կտա, թե ԱՄՆ-ն որքանով է պատրաստ կատարել Իրանի առանցքային պահանջներից մեկը»,- ասաց Դավթյանը։
Նա հավելեց, որ իրանական կողմը մինչ այդ էլ այլընտրանքային լուծումների համար իրականացրել է համապատասխան քայլեր՝ սեպարատ բանակցություններ վարելով ինչպես արևմտյան ազդեցիկ եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի, այնպես էլ եվրասիական ու ասիական ազդեցիկ պետությունների՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ։
«Այլընտրանքային քաղաքական գործընթացները նույնպես կարող են անուղղակիորեն ճնշել ԱՄՆ-ին այն առումով, որ եթե Միացյալ Նահանգների հետ չստացվի միջուկային ծրագրի շուրջ գալ համաձայնության, Իրանը զուգահեռաբար իր շահերն առաջ կմղի միջազգային հանրության կարևոր մյուս դերակատար երկրների հետ բանակցությունների միջոցով։ Դա կարող է տվյալ գործընթացում բերել ԱՄՆ-ի մեկուսացման, ինչը Միացյալ Նահանգների միջազգային հեղինակության տեսանկյունից ձեռնտու երևույթ չէ, ուստի Վաշինգտոնը ձգտելու է դուրս չմնալ միջուկային ծրագրի շուրջ հնարավոր զարգացումներից։ Իրանը միջազգային կոնվենցիաներով և միջուկային զենք չտարածելու մասին համաձայնագրով արդեն իսկ պարտավորվել է որևէ ծրագիր չզարգացնել։ Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նույնպես թույլ չի տալիս ռազմապաշտպանական դոկտրինում նկատի ունենալ միջուկային զենքի առկայություն», ասաց իրանագետը։