Վերլուծություն

Թրամփը հաղթեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենադժվար կանխատեսելի ընտրություններում. քաղաքագետ

7 րոպեի ընթերցում

Թրամփը հաղթեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենադժվար կանխատեսելի ընտրություններում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում երկու թեկնածուների հնարավորությունները գրեթե հավասար էին։ Կարելի է ասել, որ այդ երկրի պատմության մեջ ամենադժվար կանխատեսելի ընտրություններն էին, և նույնիսկ սոցիոլոգներն իրենց հարցումներով չնչին տարբերությամբ առավելություն էին տալիս թեկնածուներից որևէ մեկին, բայց վերջնարդյունքում Թրամփը հաղթեց անզիջում պայքարում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին։  

«Թրամփը գործարար է և քաղաքականության հետ կապված խնդիրները հաճախ դիտարկում է բիզնեսի տեսանկյունից։ Նա պարբերաբար նշել է, որ քաղաքականությունն իր համար գործարք է։ Առհասարակ Թրամփին պետք չէ թերագնահատել, գուցե, հենց թերագնահատելու պատճառով շատերը նրան լուրջ չէին վերաբերվում, մինչդեռ նրա կերպարի, իմիջի վրա լավ աշխատել են բավականին լուրջ քաղտեխնոլոգներ։ Այնպես չէ, որ Թրամփը պատահաբար դարձավ նախագահ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ պահանջներ ունի ամերիկյան հասարակությունը, գիտի, որ ժողովրդի մի զգալի զանգվածն այնքան էլ ոգևորված չէ, որ ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Ուկրաինային Վաշինգտոնը հատկացնում է միլիարդավոր դոլարների աջակցություն, մինչդեռ, ինչպես Թրամփն է ասում, այդ գումարները կարելի է օգտագործել ԱՄՆ-ի ներսում՝ ի բարօրություն ամերիկյան ժողովրդի։ Եվ այդ գործոնը նույնպես աշխատեց»,- ասաց Վարդանյանը։ 

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Թրամփը մեկուսացման քաղաքականության կողմնակից է, և նրա նախորդ կառավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ն դուրս եկավ որոշ տարածաշրջաններից, իսկ Հարավային Կովկասին ի սկզբանե մեծ ուշադրություն չէր դարձնում։ 

«Հենց նրա օրոք տեղի ունեցավ չարաբաստիկ 44-օրյա պատերազմը, և ԱՄՆ-ն որևէ լուրջ, գործնական քայլ չարեց այդ պատերազմը դադարեցնելու համար։ Հայ-ամերիկյան հարաբերություններն առհասարակ ամենավատ փուլում էին հենց Թրամփի կառավարման ընթացքում, լուրջ հանդիպումներն այդ առումով սակավաթիվ էին կամ գրեթե չէին կազմակերպվում։ Բայց վերջին ընտրություններից առաջ նա մի քանի անգամ ամերիկահայերի համար հանդես եկավ ականջահաճո հայտարարություններով։ Նույնիսկ հեռախոսազրույց ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ։ Այդուհանդերձ, հնարավոր չէ միանշանակ պնդել, որ գալիք չորս տարիները կնմանվեն նրա կառավարման նախորդ չորսամյակին»,-նշեց մեր զրուցակիցը։

Վարդանյանի կարծիքով՝ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ով կնշանակվի պետքարտուղարի պաշտոնում, որովհետև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ պետքարտուղարի գործոնը չափազանց կարևոր է։ 

«Այդ առումով Բայդենի վարչակազմի հետ ստեղծվել էին բավականին լավ հարաբերություններ։ Գրանցվեց դրական դինամիկա, ընդհուպ հարաբերությունները հասցվեցին ռազմավարական երկխոսության մակարդակի, ինչում մեծ էր հատկապես պետքարտուղար Բլինքենի գործոնը»,- պարզաբանեց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով այդքան շահագրգռված էր Բայդենի վարչակազմը և նույնիսկ կողմերին հորդորում էր պայմանագիրը ստորագրել մինչև տարեվերջ, Վարդանյանը նշեց, որ Թրամփի գալով՝ այդ գործընթացը կշարունակվի, որովհետև Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել է նաև այդ հարցը։  

«Այդուհանդերձ, կողմերի նկատմամբ նույն ուժգնությունը չի ցուցաբերվի։ Բայդենը ցանկանում էր բոլորին ցույց տալ իր պաշտոնավարման ժամկետին առնչվող որևէ արդյունք, որևէ քաղաքական հաղթանակ, այդ պատճառով էլ կողմերին հորդորում էր մինչև 2024 թվականի վերջը ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Նույն մոտեցումը ցուցաբերվում էր նաև ռուս-ուկրաինական և պաղեստինա-իսրայելական հակամարտություններին, բայցևայնպես բեկում տեղի չունեցավ։ Առաջընթաց չգրանցվեց նաև Իրանի միջուկայի ծրագրի շուրջ բանակցություններում։ Թրամփն, անշուշտ, նման շտապողականություն չի դրսևորի, մանավանդ որ հայ-ադրբեջանական կարգավորումը նրա համար առաջնահերթություն չէ։ Թրամփն, իհարկե, կփորձի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց նույն ինտենսիվությունը չի լինի, և կողմերից որևէ մեկի վրա զգալի ճնշում չի գործադրվի»,- ասաց քաղաքագետը։ 

Խոսելով միջազգային օրակարգին առնչվող խնդիրների մասին՝ Վարդանյանը վկայակոչեց Թրամփի խոսքերը, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի նախագահը դադարեցնելու է պատերազմները և նոր պատերազմ չի սկսելու։ 

«Դա մեզ համար հուսադրող է, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թրամփը իր առաջին պաշտոնավարման ընթացքում տվել է նաև այնպիսի խոստումներ, որոնք չի կատարել։ Չնայած այդ հանգամանքին՝ կարծում եմ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկումը կամ պատերազմի դադարեցումը բացառված չէ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկրի հանդեպ ճնշումները կարող են մեծանալ, քանի որ հենց Թրամփը ժամանակին դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Օգտվելով այդ հանգամանքից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձի ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ։ Այստեղ շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշմամբ հանդես կգա Թրամփը նոր իրողությունների պարագայում»,- եզրափակեց Վարդանյանը։  

Ըստ CNN-ի ներկայացրած վերջին տվյալների՝ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։  

Ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսն ընդունել է իր պարտությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում