ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների և հիբրիդային մեքենաների վաճառքը 2024 թվականին կազմել է տրանսպորտային միջոցների ընդհանուր վաճառքի 20 %-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC-ն։
Նշվում է, որ մեքենաների տվյալներով զբաղվող Motor Intelligence ընկերության հաշվարկներով՝ 2024 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է «էլեկտրականացված» 3,2 մեքենա՝ մոտ 1,9 մլն հիբրիդային մեքենա, այդ թվում՝ լիցքավորվող մոդելները, և 1,3 մլն էլեկտրամեքենա։
Բենզինային կամ դիզելային շարժիչով մեքենաների վաճառքը կազմել է 79,8 %՝ մեքենաների վաճառքի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նվազելով 80 %-ից։
Ըստ Cox Automotive-ի տվյալների՝ Tesla-ն շարունակում էր գերիշխել շուկայում, սակայն ընկերության մասնաբաժինը նվազել է՝ հասնելով 49 %-ի. 2023 թվականին այդ ցուցանիշը 55 % էր: Ընկերության Model Y-ը և Model 3-ը դարձել են 2024 թվականին ամենավաճառվող էլեկտրական մեքենաները:
Tesla-ից հետո էլեկտրական մեքենաների շուկայի զգալի մասը զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը (ներառյալ Kia-ն)՝ 9,3 % վաճառքով, ամերիկյան General Motors-ը և Ford Motor-ը՝ 8,7 % և 7,5 % վաճառքի ցուցանիշներով, ինչպես նաև գերմանական BMW-ն, որն առաջին հնգյակում 4,1%-ով զբաղեցրել է վերջին հորիզոնականը։
Ամերիկյան շուկայում ներկայացված էլեկտրական մեքենաների 68 մոդելներից 24-ը ցույց են տվել վաճառքի աճ, 27-ը՝ անկում, իսկ 17 մոդելներ նոր են ներմուծվել շուկա:
Cox Automotive-ը կանխատեսում է, որ 2025 թվականին էլեկտրամեքենաների և հիբրիդային մեքենաների վաճառքի մասնաբաժինը կարող է հասնել ԱՄՆ-ում ավտոմեքենաների ընդհանուր վաճառքի 25 %-ին։