Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փաստաթուղթը նախատեսված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները տարվել են 2022 թվականից։ Անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ Ինչպես ավելի վաղ նշվել է Կրեմլում, փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձրացումը նոր մակարդակի վրա։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև նոր համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը աշխարհի տարբեր մասերում՝ տնտեսությունն ավելի լավ զարգացնելու, սոցիալական հարցերը լուծելու և պաշտպանունակությունը հուսալիորեն ապահովելու նպատակով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ համաձայնագիրը ներառում է երկու երկրների համագործակցության բոլոր ասպեկտները։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ապագայի ճանապարհային քարտեզ է։ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է համաձայնագրի երեք հիմնական ուղղությունները՝ տնտեսագիտություն, տեխնոլոգիա և հումանիտար կապեր։ Նոր փաստաթղթի կարևոր ասպեկտը կլինի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը։
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Թեհրանն ու Մոսկվան, նոր համաձայնագրի շրջանակներում, մտադիր են համագործակցել էներգիայի արտադրության, փոխանցման և արտահանման ոլորտում։ Նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների փոխանցում վերականգնվող էներգիայի ոլորտում։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև կնքված ռազմավարական համաձայնագիրը կհեշտացնի զբոսաշրջիկների ճանապարհորդության պայմանները և կստեղծի համատեղ մշակութային ծրագրեր։